Գազի գնի շուրջ կրքերը թեժանում են. ՀԾԿՀ-ն քիչ ժամանակ ունի որոշում կայացնելու համար
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է ներքին սպառման սակագինը բարձրացնել միջին հաշվով 28 դոլարով կամ 11 տոկոսով՝ այսօր գործող 255-ից դարձնելով 283 դոլար։
Հանձնաժողովն առայժմ ուսումնասիրում է հայտը, բայց դրա համար շատ ժամանակ չունի. մինչև հունիսի վերջ ստիպված է լինելու որոշում կայացնել։
Այդ ընթացքում եթե չհաջողվի հասնել գազի ներմուծման գնի նվազեցման, ապա ներքին սակագների բարձրացումից խուսափել պարզապես անհնարին կլինի։ Առավելագույնը՝ գուցե հնարավոր լինի գազամատակարար ընկերության ներկայացված առաջարկությունից մի փոքր ավելի ցածր սակագին ստանալ։ Հայտի ուսումնասիրման ընթացքում Հանձնաժողովը սովորաբար որոշ ծախսեր հանում է սակագների ձևավորումից։ Բայց դրանց ազդեցությունը չի կարող շատ մեծ լինել։ Լավագույն դեպքում՝ 1-2 դրամի տարբերություն գուցե առաջանա։
Սակագների բարձրացումից խուսափելու միակ հնարավոր տարբերակն այս պահին ներմուծման էժանացումն է։ Այնինչ, այդ հարցում առայժմ առաջընթաց կարծես չկա։
Ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ «Գազպրոմ Արմենիան» գազի ներքին սակագների բարձրացման հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Հայաստանի կառավարությունը շտապեց դիմել «Գազպրոմի» ղեկավարությանը՝ մատակարարման գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկությամբ։ Կառավարությունը համարել էր, որ էներգակիրների միջազգային շուկայում արձանագրվող գնանկումը հարմար պահ է՝ կրկին բանակցելու գազի գինը։
Նախկին բանակցությունները, որոնք տևեցին գրեթե 1 տարուց ավելի, ավարտվեցին նրանով, որ ներմուծման գինը մնաց անփոփոխ, իսկ «Գազպրոմ Արմենիան» հայտ ներկայացրեց ներքին սակագները բավական կտրուկ բարձրացնելու վերաբերյալ։ Դա, անշուշտ, կառավարության սրտով չէր։ Ուստի, օգտվելով հարմար պահից՝ որոշեցին կրկին փորձել։
«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումն ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- դիմելով «Գազպրոմի» վարչության նախագահ Ա.Միլլերին՝ գրել էր կառավարությունը։
Արձագանքելով դրան՝ «Գազպրոմի» ղեկավարը հայտարարեց, որ այդ հարցը պետք է քննարկել երկու երկրների կառավարությունների մակարդակում։
Անցել է ավելի քան 1,5 ամիս, բայց բանակցությունների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում առայժմ ոչ մի տեղեկություն չկա։ Այնպիսի տպավորություն է, որ, որպես այդպիսին, բանակցություններ չեն էլ վարվում, կամ առնվազն արդյունքները գոհացուցիչ չեն։
«Այս պահին, ցավոք, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող։ Բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների, նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,- օրերս կայացած առցանց մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով գազի գնի հարցին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե որքանո՞վ են արդարացված կառավարության ակնկալիքները, շուտով կտեսնենք։ Բայց ԵԱՏՄ շրջանակներում էներգակիրների շուկայի վերաբերյալ տեղի ունեցած վերջին հակասություններից հետո՝ դրա հավանականությունը մեծ չէ։
Մայիսի 19-ին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կրքերը գազի գնի շուրջ կրկին թեժացան։ Ճիշտ է, դրանք կապված էին ԵԱՏՄ գազի միասնական շուկայում գնագոյացման և սակագների սահմանման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքների հետ, որոնք պիտի գործեն՝ սկսած 2025թ., բայց անուղղակիորեն բխում էին այսօրվա իրողություններից։
Հայաստանը և Բելառուսը ցանկանում են հասնել ռուսական գազի ներմուծման նվազեցման, իսկ ռուսական կողմը հակված չէ դրան։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ժամանակ ՌԴ նախագահը փորձեց հասկացնել, որ մտադիր չէ հեշտ զիջումների գնալ գազի գնի հարցում։
Եթե այս հակասությունները մոտ ժամանակահատվածում չհանգուցալուծվեն, ապա դժվար կլինի ակնկալել, որ առաջիկայում կկարողանանք ավելի էժան գազ ստանալ Ռուսաստանից, քան ստանում ենք հիմա։ Իսկ դա նշանակում է, որ ստիպված պիտի լինենք համակերպվել ներքին սպառման սակագների բավական կտրուկ թանկացման հետ, որը, դատելով «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտնի ժամանակագրությունից՝ տեղի կունենա արդեն այս տարվա օգոստոսի 1-ից։
Թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության, ինչպես նաև՝ սոցիալական միջավայրի վրա, դժվար չէ պատկերացնել։ Առավել ևս՝ այսօրվա իրողությունների պայմաններում, երբ տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, իսկ սոցիալական իրավիճակը գնալով լարվում է։
Գազի թանկացումը, այն էլ՝ ակնկալվող 11 տոկոսի սահմաններում, ենթադրում է գնաճային ճնշման բավական լուրջ մեծացում ապրանքների և ծառայությունների բազմաթիվ շուկաներում։ Հասարակության եկամուտների համատարած կրճատման պայմաններում դա բերելու է ներքին լարվածության էլ ավելի խորացման՝ իր անցանկալի տնտեսական ու սոցիալական հետևանքներով։ Կհաջողվի՞ խուսափել դրանից, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ