«Դա ժողովրդին ֆռռացնելու ձև է». Բագրատյանը՝ Փաշինյանի՝ բազմաէջանոց շինարարական որոշման մասին
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Հայաստանի և Բելառուսի` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում:
168.am-ը փորձեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից պարզել՝ որքանո՞վ է սա հնարավոր:
«Ես չեմ կարող ասել, դա կառավարությանը պիտի հարցնեք՝ իրենք միասնական բյուջե, միասնական հարկային համակարգ լսե՞լ են, թե՞ ոչ: Ես չեմ կարող ասել՝ ինչ նկատի ուներ Պուտինը: Բայց ինքն այնպես էր խոսում, որ լսողը կմտածեր, թե Հայաստանը և Բելառուսը կարծես թե դրա մասին գիտեին»,- պատասխանեց Հ. Բագրատյանը:
Հակադարձմանը՝ այսինքն՝ կուլիսային տարբերակով տեղեկացրե՞լ էին նախապես, այսպես արձագանքեց՝ «Ես չգիտեմ»:
Իսկ թե որքանո՞վ են իրատեսական ֆինանսական փորձագետների շրջանում այն կարծիքները, որ Հայաստանը կարող է դառնալ կրիպտոարժույթների տարածաշրջանային առաջատար երկիր, այլ կերպ ասած՝ «կրիպտո Շվեյցարիա», ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կտրուկ պատասխանեց. «Դա բացառվում է»:
Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց 100 շինարարական ծրագրերի մասին, որը, ըստ էության, ենթադրում է դպրոցաշինություն: Սա որքանո՞վ կարող է խթանել տնտեսությունը, այսինքն՝ զուտ սոցիալական խնդի՞ր է լուծելու, թե՞ նպաստելու է տնտեսության զարգացմանը, Բագրատյանը հիշեց, որ իր կամ մյուս վարչապետների օրոք տարեկան վերանորոգվում էր մի քանի հարյուր դպրոց:
«Այն ժամանակ դա մեկ էջանոց փաստաթուղթ էր, հիմա ինքն այդ փաստաթուղթը սարքում է բազմաէջանոց որոշում՝ ամեն օբյեկտ առանձին նշելով: Սա, այսպես ասեմ՝ ժողովրդին հաճոյանալու PR է, ինքը հասկանում է, որ խելոք մարդիկ դա հասկանում են, բայց դա ժողովրդին ֆռռացնելու ձև է»: