Բաժիններ՝

«Պետք է ազնիվ լինենք. նման նախաձեռնություններն օդից չեն իջնում». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նարեկ Բաբայանին

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է բժշկական կենտրոնների մասնավորեցման գործընթացի ողջ լիազորությունները վերապահել Կառավարությանը:

Ներկայացնելով նախագիծը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ մասնավորեցման ենթակա բժշկական կենտրոնների ցանկում կան այնպիսի կենտրոններ, որոնց գործառույթները կարելի է առանց պահպանելու օտարել:

Նրա կարծիքը կիսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը նշեց, որ կան կենտրոններ, որոնց պրոֆիլն օտարելիս կարելի է չպահպանել, սակայն կան նաև կենտրոններ, որոնց դեպքում պահպանելը պարտադիր է:

«Օրինակ՝ Օրթոպեդիայի կենտրոնի պրոֆիլը պահպանելու կարիք չկա, քանի որ խոշոր բուժկենտրոններում շատ ավելի զարգացած և որակով ծառայություններ են մատուցում: Բայց այս պահին այդ հիվանդանոցը սպասարկում է կորոնավիրուսով վարակվածներին, ինչը ենթադրում է, որ կենտրոնի մասնավորեցման հարցը մինչև տարվա վերջ չի կարող քննարկվել: Ինչ վերաբերում է Կուրորտոլոգիայի կենտրոնին, ապա այն ունի բացառիկ ծառայություն՝ ՀՀ-ում հանքային ջրերի նյութաբանական հետազոտության առումով: Այն միակն է Հայաստանում, և եթե մասնավորեցվում է և փոխում իր պրոֆիլը, պետք է հասկանանք, թե այս ծառայությունն ի՞նչ է արվելու, վերացվելո՞ւ է, թե՞ այլ վայրում է վերաբացվելու: Կուրորտոլոգիայի կենտրոնը կարող է լինել լավ վերականգնողական կենտրոն»,- նշեց Նարեկ Զեյնալյանը:

Արձագանքելով՝ Նարեկ Բաբայանն ասաց, որ Կուրորտոլոգիայի կենտրոնն ունի լավ կոլեկտիվ, և ասյտեղ խոսքը չի վերաբերում առհասարակ այդ ուղղությունը վերացնելուն:

«Այն շենքային պայմանները, որոնք այսօր առկա են, բոլոր այն հետաքրքրվողներին, որոնց մինչև այսօր մենք ուղղորդել ենք այդ կենտրոն, հետ են պահել կատարելու որոշակի ներդրումներ՝ պահպանելով դրա պրոֆիլը: Գուցե հնարավոր է այն պրոֆիլը պահպանել մեկ այլ տարածքում և այդ շենքն այլ նպատակով օգտագործել: Թեև, եթե տարբերակ լինի հենց նույն տեղում պահպանելու համար՝ շատ ավելի լավ: Կարծում եմ՝ սխալ կլինի մեկ գնորդով որևէ գործողություն իրականացնելը»,- շեշտեց Նարեկ Բաբայանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Նարեկ Բաբայանին խնդրեց ներկայացնել օրինակներ, հիմնավորում, թե ի՞նչ է եղել, որ Օրթոպեդիայի հսկայական կենտրոնն այսօր հանկարծ կորցրել է իր գրավչությունը:

«Խնդրում եմ՝ ասեք, դա ինձ հետաքրքիր է: Նաև, պետք է ազնիվ լինենք, որ նման նախաձեռնություններն օդից չեն իջնում, ինչ-որ հիմնարկի պրոֆիլի  փոփոխության հետ կապված արդեն եղել է խոսակցություն, խնդրում եմ, հստակեցրեք, թե կոնրետ որ հիմնարկի մասին է խոսքը: Ի սկզբանե, երբ եղել է մասնավորեցման այս օրենքը, խոսքը եղել է այն մասին, որ մասնավորեցվող կենտրոնները հիմնականում պետք է պահպանեն իրենց պրոֆիլները»,- շեշտեց պատգամավորը:

Պատասխանելով՝ Նարեկ Բաբայանն ասաց, որ մինչև համավարակի տարածումը խոսքը եղել է միայն Օրթոպեդիայի կենտրոնի մասին, քանի որ նրա մատուցած ծառայություններն այսօր գրեթե բոլոր կենտրոններում կան:

Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ իր համար ընդունելի չէ, որպեսզի օրենքի նախագիծն այդ ձևով ընդունեն, հետևաբար՝ այն պետք է փոփոխվի:

«Եթե համաձայն եք, նախագիծը չենք դնելու քվեարկության, այն կհետաձգենք, որպեսզի լրամշակեք»,- ասաց Բ. Թունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս