ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց դիմակ չկրելու դեպքում տուգանքի չափի մեղմացման վերաբերյալ նախագիծը
Աժ արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց նախագիծը:
Նախագծով Կառավարությունն առաջարկում է դիմակ չկրելու տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ նախատեսված նորմն ունի մեղմացնող բնույթ, և այն պետք է կիրառվի հետադարձությամբ:
«Երկար քննարկումների արդյունքում եկանք այն միասնական կոնսենսուսային տարբերակին, որն առաջարկել էր ԲՀԿ-ն և մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը: Ըստ էության, այս նախագիծն ուղղված է սահմանափակումների շրջանակներում նախատեսել համաչափ պատժի միջոցներ: Այն նախագիծը, որը ներկայացվել էր ամիսներ առաջ, վերաբերում էր այլ իրավիճակի: Մենք այսօր փորձում ենք ավելի ազատ հնարավորություն ընձեռել մեր տնտեսության զարգացման համար: Եթե անկեղծ լինենք, մենք սովորում ենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելուն, իսկ այդ ապրելու և առողջապահական համակարգի համար մեզ պետք չեն պատժիչ տուգանքներ, պետք չեն միջոցառումներ, որոնք ուղղված են քաղաքացուն պատժելուն: Հետևաբար՝ այս հետադարձությունը շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ նշված սահմանափակումների նպատակը ոչ թե այս կամ այն անձի գրպանը մտնելն է, այլ համավարակը հնարավորինս կանխելը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նշենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում