«Բաց տարածքներում ձեռնոցներ կրելու պահանջ չկա». Արդարադատության փոխնախարար
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրսում դիմակ կրելու հետ միասին՝ պարտադիր չէ նաև ձեռնոցներ կրելը:
Հարցին ի պատասխան՝ Վահե Դանիելյանն ասաց, որ «Բաց տարածքներում ձեռնոցներ կրելու պահանջ չկա, այս պահին պահանջ կա միայն, որ բաց տարածքներում մարդիկ իրենց մոտ ունենան դիմակներ, որի նպատակն այն է, որ, եթե անձը բաց տարածքից տեղափոխվի փակ տարածք՝ հնարավորություն ունենա օգտագործելու այն»,- ասաց Արդարադատության փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ըստ իրավիճակի և կարիքի, այդ պահանջը կարող է փոխվել և, օրինակ, կարող է պարտադիր դառնալ ձեռնոցների կրելը, բայց հնարավոր է նաև, որ նման պահանջ երբեք չսահմանվի:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Նախագիծը նախատեսում է դիմակների կրման պահանջը խախտելու դեպքում տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ: