Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Քոչարյանը նիստին ներկա չէր
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Դատավորը տեղեկացրեց, որ դատական նիստից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալներ են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:
Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը: