«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կդրվի երկրորդ ընթերցման
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը՝ ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ գրավոր դիտողություններ չեն եղել, այսինքն՝ նախագծում որևէ փոփոխություն չի եղել, սակայն եղել են տարբեր ձևաչափով քննարկումներ:
«Այդ քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ նորից պետք է երկրորդ ընթերցմամբ օրենքն ընդունվի: Խոսքը վերաբերում է 20 մլն դրամ և ավելի ժամկետն անց վարկեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների հրապարակմանը: Օրենքում նախատեսված է, որ միայն անվանումը պետք է հրապարակվի, և՝ տվյալ անձը որքան վարկ է ստացել: Մինչև 2009 թվականի առաջին կեսի տվյալները հրապարակվել է, բայց նախորդ օրենքով կանոնը եղել է կապիտալի 5 տոկոսը, այսինքն՝ խոսքը եղել է 5-10 սուբյեկտի մասին, որոնք հրապարակվել են: 2008 թվականին և 2009 թվականի սկզբին ներդրվել է վարկային բյուրոն, այսինքն՝ շատ ավելի լայն տվյալներ, որոնք հասանելի են եղել վարկ տրամադրողներին, որպեսզի կարողանան այս վարկերի ժամկետայնության և չվճարման ռիսկերը կառավարեն»,- այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ներսես Երիցյանը:
Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ տեղի են ունեցել ինստիտուցիոնալ փոփոխություններ, ըստ այդմ՝ չի եղել վատ վարկերի վերաբերյալ ֆինանսական համակարգի խաղացողների միջև որևէ տեղեկատվության փոխանցման մեխանիզմ, այդ ամենը ի սկզբանե արվել է հրապարակային:
Նա նաև ընդգծեց, որ ժամկետն անց վարկերի մեծ մասում կան դատական և արբիտրաժային ընթացակարգեր և դեռևս ապացուցված չէ՝ արդյո՞ք վարկերի ժամկետանց լինելը անձի մեղքով է եղել, թե՞ ոչ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ, լրացնելով Ներսես Երիցյանի խոսքը, նկատեց՝ պաշտոնատար անձանց մասով, որոնք վարկեր կվերցնեն, և ըստ էության ժամկետն անց կլինի, ապա դրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի: