Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր. Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:
Խոսելով Հռոմում մնալու իր պլանների մասին` Մխիթարյանը շեշտել է, որ առաջին իսկ օրվանից իրեն լավ է զգացել «Ռոմա»-ում և հաճելի կլիներ մնալ այս ակումբում. իր համար հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելն է:
Համեմատելով անգլիական, գերմանական, ուկրաինական առաջնությունները, որտեղ Մխիթարյանը ժամանակին հանդես է եկել, հայ կիսապաշտպանը շեշտել է, որ իտալական Սերիա Ա-ն առանձնահատուկ է, քանի որ հետաքրքիր է խաղալ այդտեղ: «Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր, սակայն գնալով այն առավել լավն է դառնում: Ուրախ եմ որ այստեղ եմ, քանի որ անհավանական բան եմ համարում այս երկրպագուների համար խաղալը: «Ռոմա»-ն հրաշալի ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի»,-ասել է նա:
Խոսելով ֆուտբոլում իր առաջ դրած նպատակի մասին` Մխիթարյանը փաստել է, որ մինչ այս նա շատ բաների է հասել, սակայն դրանք արդեն իսկ անցյալում են: «Կարիերայիս ավարտին շատ քիչ է մնացել և բայց ես ներդնում եմ ուժերս հերթական տիտղոսը նվաճելու համար: Կարևոր եմ համարում, որ ինձնից հետո դրական մի բան մնա` դրա համար ուզում եմ ակումբի համար մի տիտղոս նվաճել»,-շեշտեց է ֆուտբոլիստը:
«Երբ հաջորդ սերունդը քեզանում կուռք է տեսնում, դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ես: Միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, որ մարդիկ հպարտանան ինձանով: Եթե նրանք նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հրաշալի աշխատանք ես անում»,-եզրափակել է Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: