«Գազի հարցում կա՛մ կա հայ-ռուսական փոխըմբռնում, կա՛մ հայկական կողմն է որոշել մեղմել իր պահանջները բանակցությունների արդյունքում»․ Սիմոնով
««Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ռուսաստանից մատակարարվող գազի գնի շուրջ ընթացող բանակցություններին, ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և հանձնաժողովը կքննարկի:
«Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, ցավոք, բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով՝ կշարունակեն աշխատել ու գործակցել գործընկերների հետ:
Ռուսական կապիտալով ընկերությունների վերաբերյալ վարչապետը նշել է, որ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել, և քննարկում է եղել ՌԴ նախագահի հետ: Նա նաև ընդգծել է՝ պայմանավորվածությունները կան, և մնում է՝ ի կատար ածվեն: Նրա խոսքով, Ռուսաստանի հետ ունեն հարաբերությունների հարուստ օրակարգ:
«Մենք այդ հարաբերությունների հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ։ Բոլոր դեպքերում պետք է լինեն դաշնակցային կոմպրոմիսներ և փոխըմբռնում»,- ասաց վարչապետը։
Կոնստանտին Սիմոնովի գնահատմամբ՝ դրականն այն է, որ կա՛մ կա փոխըմբռնում, կա՛մ հայկական կողմն է որոշել մեղմել իր պահանջները բանակցությունների արդյունքում։ Ըստ նրա՝ վարչապետի մակարդակով նման մեկնաբանությունները նշանակում են, որ քաղաքական մակարդակում արդեն իսկ ընթացել են բանակցություններ և հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, որ այս փուլում Ռուսաստանի համար նպատակահարմար չէ վերանայել գազի գինը բոլոր այն գործընկերների համար, որոնք դա պահանջում են։
Սիմոնովի խոսքով՝ «Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել։
«Այսօր Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են ավելի էժան գազ՝ գաղթակղվելով գազի այն գներով, որոնք ներկայումս Եվրոպայում են, սակայն դրանք ևս ժամանակավոր են և փոփոխական, իսկ գազի գինն անընդհատ բոլորի համար փոփոխել հնարավոր չէ։ Մասնագետները պետք է զբաղվեն նման հարցերով և իշխանություններին ներկայացնեն գների դինամիկան աշխարհում՝ ըստ իրավիճակի, և նաև ժամանակագրությունը, թե երբ Ռուսաստանն իր որ գործընկերոջն ինչ գնով է գազ մատակարարել։ Եվ հետաքրքիրն էլ այն է, որ Հայաստանն ու Բելառուսը տարիներ շարունակ ամենաէժան գազ ստացող երկրներն են եղել, այդ գները ներքին գներին են մոտ եղել նույնիսկ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանն իր գործընկերների համաձայնությամբ այլ մոդելի է ձգտում, որը կլինի շատ ավելի կայուն ու երկարատև ԵԱՏՄ շրջանակում։ Իսկ այս պահին դրականն այն է, որ վերջին շրջանի խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է ռուսական մոտեցումը ներկայացնել հայկական կողմին այնպես, որպեսզի այն հասկանալի և ընդունելի լինի։ Ես անձամբ չեմ կարծում, թե թեման այսպես կավարտվի, կարծում եմ՝ կշարունակվի, բայց, ամենայն հավանականությամբ, ճգնաժամի ավարտից հետո»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Նրա խոսքով՝ ճգնաժամի ավարտից հետո ամենաշատը, ինչ կարող է առաջարկել Ռուսաստանն իր գործընկերներին՝ ժամանակավոր լուծումներն են, հաշվի առնելով հարաբերությունների բնույթը։
«Սակայն, կարծում եմ, բոլորին ձեռնտու որոշումներ կկայացվեն շատ ավելի ուշ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասաց նա։