«ՀՀ-ում նորապսակ զույգերը որտեղի՞ց են իմանում սեռական կյանքի մասին՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ». Նիկոլ Փաշինյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է, «Լանզարոտեի կոնվենցիայի» վերաբերյալ հարցին պատասխանելիս վարչապետը նախ մեջբերեց Լանզարոտեի կոնվենցիայից 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ «յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու, որպեսզի երեխաները ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների՝ իրենց կարողությունների մասին: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով՝ պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»։
«Էս ամբողջ պատմությունը նրա մասին ա, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծենք, որպեսզի ծնողները իրազեկված լինեն և ուշադիր լինեն և հաղորդակցություն ունենան իրանց երեխաների հետ, որպեսզի եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն էդ դեպքերը, երկրորդ՝ իրենց ծնողներին ասեն դրանց մասին, ծնողներն էլ իմանան, որ իրանք որոշակի հաղորդակցություն ունենան, որպեսզի փակ չմնա էդ թեման:
Որովհետև մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ ա կապված, որովհետև պոտենցիալ մանկապիղծները 90%-ով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չի: Եվ մենք էսօր, տասնյակ սեռական բռնության դեպքերի մի հսկայական մասը վերաբերում ա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությանը, և էդ ոտնձգության համար էդ դաշտը ստեղծում ենք, էդ մթնոլորտը, որ դա թեմա ա, որը չի խոսվում: Բա մանկապիղծի համար դրանից լավ միջավա՞յր, որովհետև դրանից խոսալը ընդունված չի»,- ասաց Նիկոլ փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այստեղ հարցն ավելի շատ ոչ թե երեխայի, այլ ծնողի կրթության մասին է: Նրա փոխանցմամբ՝ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ երեխաները սեռական ոտնձգության ենթարկվում են մեծամասամբ իրենց ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից, ու երեխաները չգիտեն՝ այդ մասին պե՞տք է ծնողներին ասել, թե՞ չէ:
«Հայաստանում մանկապղծության դեպքերը պետք ա բացառվեն: Իսկ էն, որ երեխան պետք ա գիտելիք ունենա, ես հարց եմ տալիս, իսկ կներեք, ժողովուրդ, եկեք մի քիչ լրջանանք էս թեմայով, հարց՝ սեռական դաստիարակություն պե՞տք ա լինի, թե՞ չպետք ա լինի: Նրանք, ովքեր ասում են, որ չպետք ա լինի սեռական դաստիարակություն, ես հարց եմ տալիս՝ իսկ Հայաստանում նորապսակ զույգերը, օրինակ, սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսեդկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ, իսկ դա ի՞նչ հետևանքների ա բերում: Շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չի խոսել, և վատ ա: Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքան մարդ կա, որ իմպոտենցիայով ա տառապում ՀՀ-ում, գիտե՞նք մենք, թե՞ չգիտենք»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում