«Այսօրվա իշխանություններն ընդամենը խնդրողի դերում են». Արմեն Մանվելյանը` Փաշինյանի «գազային» հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե կարող էինք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ:

«Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց պետք է արձանագրենք, որ էներգակիրների շուկաների փլուզման և նավթի գնի անկման պայմաններում մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսը և դրա բերած խնդիրները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Գրիգորյանը նշել էր` հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին 1000 խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- ասվում էր փոխվարչապետի նամակում:

Փաշինյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ին հասկացրել են, որ գազի գնի փոփոխություն ռազմավարական դաշնակից Հայաստանի համար ՌԴ-ն չի պատրաստվում այս պահին անել: Չմոռանանք ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որտեղ ՀՀ-ին մեղադրել էր դաշնակցային հարաբերություններին ոչ հարիր քաղաքականություն տանելու մեջ` նկատի ունենալով ռուսական կամ համատեղ ձեռնարկությունների դեմ դատական գործընթացները:

«Դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում: Տնտեսական դաշտում ռուսական կողմն ակնկալում է, որ դատական գործընթացները, որոնք վերջին տարիներին սկսել են համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ, կկարգավորվեն՝ «առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին»,- ասել էր Լավրովը:

168.am-ի հետ զրույցում էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի վերը նշված հայտարարությանը՝ նշեց.

«Առաջին` սա ավելի շուտ խոսում է Ռուսաստանի հետ էներգետիկ երկխոսության բացակայության մասին։ Երկրորդ` իրենք վատ են պատկերացնում` ինչ ասել է՝ էներգետիկ ընդհանուր շուկա։ Երրորդ` ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ ռազմավարություն կարող են մշակել ՌԴ-ՀՀ էներգետիկ երկխոսությունը  շարունակելու ու, առավել ևս, եկամտաբեր դարձնելու համար։ Ըստ այդմ` այսօրվա իշխանություններն ընդամենը խնդրողի դերում են, իսկ հաշվի առնելով ՌԴ-ի հետ հարաբերությունների որակը՝ ակնկալել գազի գնի նվազում՝ իմաստ չունի»:

Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շարունակում է պնդել, որ Բելառուսի համար ռուսական բնական գազի գինը պետք է նվազեցվի, քանի որ Ռուսաստանն «այս դժվարին ժամանակահատվածում» Եվրոպային գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 70 դոլարով,  իսկ Մինսկը շարունակում է այն գնել 127 դոլարով:

Ղրղըզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովն էլ, իր հերթին՝ հայտարարել է, որ ռուսական կողմին խնդրում են վերանայել  գազի վաճառքի գինը և այն դարձնել 150 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար:

Այսինքն` այս երկրները հստակ պահանջներ և գին են առաջարկում, ինչը, մեծ հաշվով, ՀՀ-ից չենք տեսել:

Տեսանյութեր

Լրահոս