«Ես մեղադրվում են այն պատճառով, որ ես բժիշկ եմ ու ընտրվել եմ ԱԺ նախագահ». Արա Բաբլոյան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը իր գործով առաջին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նախ խնդրեց, որ իր հետ հարցազրույց անցկացնող լրագրողները լինեն դիմակներով՝ հանուն այն երեխաների, որոնց բուժում է:
«Նախ պետք ա խնդրեմ, ովքեր որ պետք է հարցազրույց անցկացնեն, դիմակները դնեն, որովհետև եթե ես պետք է դիմակս հանեմ, ես երեխաների հետ եմ աշխատում, իրավունք չունեմ շփվեմ Ձեզ հետ»,- ասաց Բաբլոյանը:
Ապա անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Բաբլոյանն ասաց, որ իր համար մեղադրանքն անհասկանալի է, քանի որ երբեք չի խախտել օրենքն ու Սահմանադրությունը: Այդուհանդերձ, Բաբլոյանը, իր խոսքով, կարծես հասկացել է, թե ինչու է իրեն մեղադրանք առաջադրվել:
«Հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ այն պատճառով, որ ես բժիշկ եմ ու ընտրվել եմ Ազգային ժողովի նախագահ: Ասեմ՝ ինչու եմ էդպես ասում: Որովհետև որպես Ազգային ժողովի նախագահ՝ ես միշտ իմացել եմ, որ ես պետք է ապահովեմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը: Բնականոն աշխատանքն ապահովելու համար, որպեսզի պատգամավորները գործեն, գոյություն ունի 650 հոգի աշխատակազմ Ազգային ժողովի, որին պետությունը վճարում է աշխատավարձ: Եվ այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը՝ համաձայն օրենքի և Սահմանադրության, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները:
Ես ստացել եմ փաստաթուղթ՝ Գագիկ Հարությունյանից, և հանձնել եմ իմ աշխատակազմին: Աշխատակազմը պատրաստել է պատասխան, ես հայտարարությամբ հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել, որպեսզի ասեմ՝ նոր կանոնակարգով կամ հին կանոնակարգով կամ այսպես արեք, կամ այնպես արեք: Իրենք արել են այնպես, ոնց որ պահանջում է օրենքը: Եվ ես դրանով ղեկավարվել եմ:
Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել:
Ինչ վերաբերում է օրերին, օրերը որևիցե նշանակություն չունեն, որովհետև հիմնական օրերը ունեն նշանակություն՝ ամսի 5-ը (2018թ.-ի մարտի 5 Ա.Հ.) և 12-ը (2018թ.-ի մարտի 12.- Ա.Հ.): Ինչո՞ւ: Որովհետև 5-ին (2018թ.-ի մարտի 5.- Ա.Հ.) իմ հայտարարությունը հրապարակվել է, և օրենքը պահանջում է երկրորդ հրապարակումը, հայտարարությունս լինի յոթ օր հետո, որը տեղի է ունեցել ամսի 12-ին(2018թ.-ի մարտի 12.- Ա.Հ.): Մնացած ամսաթվերը, որոնք շրջանառվում են, դրանք, գործավարական, համարում եմ փնթիություն, և որևիցե իրավական հիմք չունեն: Եթե որևիցե մեկը կասի, որ իրենք ունեն իրավական հիմք, էն ժամանակ թող բարձրաձայնի:
Որովհետև ի սկզբանե գործը սկսվել էր նրանից, որ Արա Բաբլոյանն իրավունք չուներ Հրայր Թովմասյանին, այսպես ասած, պատգամավորությունից ազատեր, դա արդեն օդ գնաց, որովհետև սխալ էին:
Երկրորդը, երբ ես օրինակ էի բերում, որ նույն ձևի վերաբերվել եմ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արտակ Զեյնալյանին, երբ որ նրանք պաշտոնի էին, ես ուղղակի հայտարարությամբ հանդես եմ եկել, արձանագրել եմ փաստը, ինձ մի ուրիշ պատգամավոր նույնպես մեղադրեց, ասաց, որ Բաբլոյանը ոչ միայն չգիտի, չի էլ կարդում փաստաթուղթ, և ես ասացի, ես, բարեբախտաբար, ես, որ կարդում եմ, հասկանում եմ, որովհետև մարդիկ կան, որոնք չեն հասկանում, իրենք թող գնան և նորից կարդան, որովհետև երբ մարդիկ նշանակվել են, Ազգային ժողովի կողմից ընտրվել են, ասենք, վարչապետ, ապա իրավունքի ուժով դադարում է նրա պատգամավոր լինելը: Այսինքն՝ այդտեղ որևիցե դիմումի կարիք չկա: Իսկ ինձ մեղադրում էին, որ ինքը նախօրոք գրել է, որ ես ընտրվեմ, ես կհրաժարվեմ: Բարեբախտաբար, ես դա հիմք չեմ ընդունել, որովհետև դիմումի պարագայում նա պիտի դեռ 7 օր լինի պատգամավոր: Իսկ այդ ժամանակ նշանակում է այդ անձը, ուզում է՝ լինի վարչապետ, ուզում է՝ լինի Սահմանադրական դատարանի նախագահ, ուզում է՝ լինի արդարադատության նախարար, ինքը յոթ օր Սահմանադրություն կխախտի:
Բարեբախտաբար, այդքանը ես՝ որպես բժիշկ, իմացել եմ: Բայց ես հասկացա հետևյալը, որ ինձ մեղադրում են մի բանի համար, որ ես չեմ միջամտել և չեմ վերցրել իրավաբանի գործն ինձ վրա, այն իրավաբանի, որն աշխատում է իմ աշխատակազմում, այսինքն՝ այն վարչությունը, որը պետք է ճիշտ որոշում ընդուներ: Այսինքն՝ Հայաստանում արդեն կարելի ա իրավաբաններին էլ մեղադրել, եթե իրենց երեխայի սուր ապենդիցիտը բարդություն է տվել, ինչո՞ւ ինքը ժամանակին չի կարողացել ախտորոշել և վիրահատել իրա տղային, որովհետև դրա մասին շատ պարզ գրված ա գրքերում: Կարելի ա մեղադրել այդ մարդուն, որ ինքը պատճառ ա եղել, որ իրա որդին ունեցել ա բարդություն, կամ հարևանը, բարեկամը»,- ասաց Արա Բաբլոյանը:
Բաբլոյանը լրագրողներին հորդորեց դատախազներից հետաքրքրվել, թե այս փաստերի դեպքում ի՞նչ խնդիր են լուծում՝ Արա Բաբլոյանին մեղադրյալի կարգավիճակում պահելով:
Անդրադառնալով հարցին, թե այդ ընթացքում երբևէ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկում ունեցե՞լ է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում նշանակումն արագացնելու համար, Բաբլոյանը հիշեցրեց իր մասնագիտության մասին:
«Եթե հետևենք այն տրամաբանություններին, որ պայմանավորվածություններ են եղել, լավ իմացեք՝ ես իմ բնավորությամբ և մասնագիտությամբ նույն կերպարն եմ, ես վիրաբույժ եմ: Եվ եթե ես լինեի պայմանավորվածության մեջ, և Գագիկ Հարությունյանը ամսի 1-ին (2018թ.-ի մարտի 1.- Ա.Հ.), որ դիմում էր տվել, ես Գագիկ Հարությունյանին, եթե ինքը ամսի 1-ի (2018թ.-ի մարտի 1.- Ա.Հ.), ժամը 11-ին դիմում էր գրել, կասեի՝ ժամը 12-ին դիմումդ սեղանիս լինի, որովհետև ես ամսի 2-ին ելույթ կունենամ, հանդես կգամ ԱԺ-ում, որտեղ նիստ կար: Գոնե էդքանը ես հասկանում եմ: Բայց խոսքը վերաբերում է նրան, որ դիմումը եկել, հասել է Ազգային ժողով, ես մակագրել եմ, այդ դիմումի մակագրության հայտարարությունը տեղի է ունեցել ամսի 5-ին (2018թ.-ի մարտի 5.- Ա.Հ.) և ամբողջ պրոցեսը սկսվել է 5-ին (2018թ.-ի մարտի 5.- Ա.Հ.), երկրորդ մասը եղել է ամսի 7-ին (2018թ.-ի մարտի 7.- Ա.Հ.) և հաջորդը արդեն եղել է ամսի 20-ին (2018թ.-ի մարտի 20.- Ա.Հ.) քննարկում և ամսի 21-ին (2018թ.-ի մարտի 21.- Ա.Հ.) ընտրություն:
Թող որևիցե մեկը ասի, որ վեր ա կացել Ազգային ժողովում ու ասել ա, որ սխալ ճանապարհով ենք գնում, ոչ ճիշտ կանոնակարգով ենք ընտրում Սահմանադրական դատարանի նախագահին, պետք ա հնով գնայինք, ինչո՞ւ ենք նորով գնում: Որևիցե մեկը չի մերժել և 80-ից ավելի մարդ քվեարկել է, և չգիտեմ, ինչո՞ւ պետք ա մեկը պատասխան տա: Այնքան պարզ ա, դրա համար ես նույնիսկ չեմ էլ նեղվում: Ես հասկանում եմ, որ ես արդար եմ, կարևորը, որ ես ազնիվ եմ իմ հոգու առաջ, իմ ժողովրդի առաջ ու ես գնում եմ երեխեքին բուժելու»,- նշեց Բաբլոյանը՝ հավելելով, թե այս գործընթացին վերաբերվում է փիլիսոփայորեն:
Գործով մյուս մեղադրյալ Արսեն Բաբայանն էլ լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:
«Ես երկար ժամանակ իրավապաշտպան գոտում բավականին կոշտ քննադատություններ եմ հնչեցրել, և դրանք բոլորը ապացույցների հիման վրա են եղել: Ապօրինի ձերբակալումիցս օրեր առաջ, 2-3 օր առաջ, իրար հետևից երկու հարցազրույցում արդեն ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավար Փաշինյանի ապակառավարումը՝ երկակի ստանդարտներ արդարադատության իրականացման ոլորտում, և ընդհանրապես այն ամենը, ինչ-որ մենք հիմա տեսնում ենք: Եվ իմ համոզմամբ՝ հենց դա հանդիսացավ պատճառ, որ առանց որևիցե հիմքի, օդից վերցրած փաստաթղթերով ինձ ձերբակալեցին մի այնպիսի հոդվածի վրա, որը գոյություն չուներ, հետո, իհարկե, կալանավորեցին»,- ասաց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։
Իսկ Արսեն Բաբայանին՝ որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 38-380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։