Մանրամասներ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստից

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:

Դատավարության մասնակիցները դատավոր Հարություն Մանուկյանին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեցին, սակայն Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին ուղղած հարցերի և ստացած պատասխանների արդյունքում հայտարարեց, որ պաշտպանական կողմն ունի դիրքորոշում, որ Հայաստանում որևէ դատավոր չկա, որ այս գործով կարող է լինել օբյեկտիվ, անկողմնակալ, քանի որ դատավորները ևս ՀՀ քաղաքացիներ են, իսկ ինչպես նշեց Լուսինե Սահակյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները գործով տուժողներ են:

«Ես ուղղակի հայտարարեմ, որ Դուք մեզ զրկեցիք հնարավորությունից՝ կողմնորոշվելու ինքնաբացարկի հարցում, և փաստորեն մենք համարում ենք, որ մենք չգիտենք, թե արդյո՞ք կողմնակալ է, թե՞ կողմնակալ չէ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ինքնաբացարկի միջնորդություններ չներկայացվեցին նաև դատարանի քարտուղարին և մեղադրող դատախազներին:

Ամբաստանյալներ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի ինքնությունը ճշտող հարցերից և կողմերին իրենց իրավունքները պարզաբանելուց հետո դատարանը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ավարտեց դատական նիստն ու հաջորդ դատական նիստ նշանակեց հուլիսի 9-ին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք (Քրեական օրենսգրքի 38-380-րդ հոդվածի 2-րդ մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։

Տեսանյութեր

Լրահոս