Կառավարությունն արտոնություններ տվեց «Գրին ֆարմեր»-ին
Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին, որի ներդրումային ծրագրի շրջանակում 2020 թվականի մայիսի 22-ից մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարով:
էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2016-ին։ 2019 թ. տարեսկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում հիմնվել է 30 հա ընդհանուր մակերեսով խնձորի այգի, ինչպես նաև նույն վայրում ընթանում է 4400 ք/մ ընդհանուր մակերեսով եւ 3000 տոննա տարողությամբ գազային կարգավորվող միջավայրով սառնարանային տնտեսության շինարարություն, որի 1/3 մասը կհանձնվի շահագործման 2020 թ. երրորդ եռամսյակում եւ ավարտին կհասնի 2022թ., խնձորի բերքի աճին համապատասխան:
«1-ին փուլով կառուցվելիք 1 100 ք/մ մակերեսով սառնարանը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1,5 մլրդ ՀՀ դրամ, որից 725 000 եվրոյին համարժեք մոտ 435 մլն ՀՀ դրամը, Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ լիզինգային սուբսիդավորվող ծրագրի շրջանակում: Նմանատիպ սառնարանային տնտեսությունը նման տեխնոլոգիայով միակն է ՀՀ-ում եւ իր տեխնիկական տվյալների շնորհիվ հնարավորություն կտա մինչեւ 14 ամիս խնձորը պահել թարմ վիճակում: Այսպիսով, խնձորի մեծածախ վաճառքը հնարավոր կլինի իրականացնել տնտեսապես ամենահարմար պահին»,- ասաց նա:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում «Գրին ֆարմեր» ընկերությունն ազատեց ներմուծվող ապրանքների մաքսատուրքից:
Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է խնձորի այգում սառնարանային տնտեսությանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար:
Ընկերությունը 2017 և 2018 թվականներին ՀՀ կառավարության որոշումներով ստացել է մաքսատուրքերից ազատման արտոնություններ, որոնց շրջանակներում իրականացրել է 2 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծել 117 նոր աշխատատեղ:
Ծրագրի շրջանակում կատարվել են մոտ 550 մլն դրամի ներդրումներ՝ տեղանքի նախապատրաստման, ինֆրաստրուկտուրայի կառուցման աշխատանքների (ներառյալ ջուր, էլեկտրաէներգիա եւ գազ) ուղղությամբ։ Նախատեսվում է կատարել եւս 950 մլն դրամի ներդրում, որից 515 մլն դրամով ձեռք են բերվելու սառնարանային տնտեսության սարքավորումներ եւ բաղկացուցիչ մասեր սեփական միջոցներով, իսկ 435 մլն դրամով (725 000 եվրոյին համարժեք) սառնարանային տնտեսության բաղկացուցիչ մասերը ձեռք են բերվելու ADVICE AND CONSULTING SRL ընկերությունից լիզինգով՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համատեղ։
Ներկայումս առկա է 240 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 170 000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 960 մլն դրամ, որից 726 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 234 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 339.2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28.5 մլն դրամ: