Տեսալուսանկարահանող սարքերով հայտնաբերված ՃԵԿ խախտումների օրենքի կիրարկման համար բյուջեից կծախսվի 40 մլն դրամ․ ներդրողը ստանալու է խախտումներից գանձված գումարների 30%-ը․ նախագիծ
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ՃԵԿ խախտումների օրենքի կիրարկման համար բյուջեից կծախսվի 40 մլն դրամ։ Ներդրողը՝ հավելվածը մշակողը և խախտումների արձանագրում կազմակերպողը, կստանա ՃԵԿ խախտումներով կայացված որոշումներով գանձված գումարների 30%-ը։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ոստիկանությունը ներկայացրել է «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ նախագիծը։
Որոշման նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի կիրարկումը։
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա 40 մլն դրամի ծախս՝ իր պահոցով սերվերի համար՝ որոշումների կառավարման համակարգը գործարկելու և կառավարելու նպատակով։
Նախագծում ասվում է, որ ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն մեկ ընկերության կողմից: Այս նախագծով առաջարկվում է ազատականացնել խախտումների արձանագրման շուկան՝ թույլ տալով մասնակցել այլ կազմակերպությունների ևս։
Ներդրողը պետք է մշակի ժամանակակից բջջային ծրագրային հավելված և կազմակերպի խախտումների արձանագրման (ԽԱԿ) կենտրոնի աշխատանքը։
«Ժամանակակից բջջային ծրագրային հավելվածի մշակումը, ինչի միջոցով ցանկացած քաղաքացի կկարողանա գրանցվել և ԽԱԿ ուղարկել իր կողմից այդ հավելվածով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութերը, ստանալ դրանցով ընդունված որոշումների վերաբերյալ ծանուցումներ: Խախտումների արձանագրման կենտրոնի (ԽԱԿ) կազմակերպումը, որտեղ տեսանյութերը կուսումնասիրվեն, կմշակվեն, կկազմվեն տուգանք նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերն ու կտրամադրվեն լիազոր մարմնին»,- ասվում է որոշման նախագծում։
Վճարումները ներդրողին կատարվելու են ամսական հաշվարկով՝ տոկոսային համամասնությամբ, որը չափը կազմում է ներդրողի ԽԱԿ-ի կողմից արձանագրված ՃԵԿ խախտումներով կայացված որոշումներով հաշվետու ժամանակահատվածում փաստացի գանձված գումարների 30%-ը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:
«Որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։