Նիկոլ Փաշինյանի 2 տարին. ինչու ամեն ինչ այդքան արագ ավարտվեց
Լրացավ Հայաստանում իշխանափոխության 2 տարին։ 2 տարի առաջ հասարակությունը ցնծությամբ ընդունեց «ժողովրդի» վարչապետի ընտրությունը։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ շատերը տեսնում էին իրենց հույսերի իրականացումը։
Սակայն անցած 2 տարին ցույց տվեց, որ ժողովրդի դժգոհության վրա իշխանության եկած անփորձ երիտասարդները հեռու են պետական կառավարման գործից և պատրաստ չեն բավարարել այն սպասելիքները, որոնք կային իշխանափոխությունից առաջ ու հետո։ Ինչպես նախկինում, այնպես էլ իշխանության գալուց հետո նրանք իրենց գործողություններում առաջնորդվեցին ավելի շուտ հասարակության հույզերի ու զգացմունքների վրա խաղալով, քան կոնկրետ գործով զբաղվեցին։
Զարմանալի չէ, որ իշխանափոխությունից 2 տարի հետո էլ Հայաստանում շատ բան չի փոխվել։ Իսկ որ ավելի կարևոր է, մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, ինչպես ապրում էին մինչ այդ, դեռ մի բան էլ՝ ավելի։
Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվում վարչապետ, բոլորին հավաստացնում էր, թե ինքը կախարդական փայտիկ ունի և շատ արագ լուծելու է բոլոր խնդիրները։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա խաբկանք է։ Ոչ մի կախարդական փայտիկ էլ չկար։ Այդ ամենը պետք էր հորինել՝ հասարակության հեղափոխական տրամադրությունները բարձր պահելու համար։
Հետագայում վարչապետը բազմիցս օգտագործեց մարդկանց մանիպուլյացնելու իր բացառիկ ընդունակությունները՝ պարբերաբար հրապարակելով «փաստեր» այն մասին, թե ինչպիսի աննախադեպ հաջողությունների են հասել իշխանությունները։ Մի մասը հավատաց, այսօր էլ հավատում է դրանց, մյուս մասը չի հավատացել ու չի էլ հավատում։ Ի դեպ, երկրորդ խմբում ընդգրկվածների քանակը գնալով ավելանում է։ Մարդիկ տեսնում են, որ այդ աննախադեպ արձանագրումներից, տնտեսական բարձր աճերից, աներևակայելի ձեռքբերումներից ու հաջողություններից հետո էլ իրենց կյանքում բան չի փոխվում։
Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ՝ խոստանում էր Հայաստանը վերածել ներդրումային դրախտավայրի։
Շուտով պարզվեց, որ ոչ մի հիմք չկա դրա համար։
Ընդհակառակը՝ իշխանություններն ամեն ինչ արեցին ու շարունակում են անել, որպեսզի ներդրումներ չլինեն։ 2 տարվա արդյունքներն ակնհայտ են. Հայաստանի տնտեսությունը չի հետաքրքրում օտարերկրյա կապիտալին։ Ուղղակի ներդրումները չեն ավելանում։ Մի բան էլ, իշխանությունների թեթև ձեռքով, կապիտալը դուրս է գնում երկրից։
Հետո պիտի գար տնտեսական թռիչք ու տնտեսական հեղափոխություն իրականացնելու ժամանակաշրջանը։ Բայց քանի որ դրսից ներդրումներ չկային՝ հայտարարվեց, որ տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պիտի դառնան բանկերը՝ իրենց վարկերով։
Որ վարկերով, առավել ևս՝ թանկ վարկերով, դժվար է տնտեսություն զարգացնել, նորություն չէ։ Ու դա շատ արագ երևաց։
Ճիշտ է, բանկերի վարկային պորտֆելը իշխանափոխությունից հետո բավական բարձր տեմպով սկսեց աճել, բայց հետո պիտի պարզվեր, որ տնտեսության իրական հատվածում անգամ վարկային կապիտալը պատրաստ չէ մտնել։ Իսկ վարկային պորտֆելի աճը տեղի է ունենում հիմնականում սպառողական և հիպոթեքային վարկերի հաշվին։
Դրանք այնքան ծանրացան, որ սկսեցին ռիսկեր ստեղծել բանկային համակարգի համար։ Հետո պիտի Կենտրոնական բանկը ստիպված լիներ խոստովանել, որ վարկային բեռը բնակչության վրա շատ ավելի արագ է ավելացել, քան նրանց եկամուտները։ Ուստի եկել է սահմանափակումներ կիրառելու ժամանակը։
Իշխանափոխության առաջին տարվա ձախողումից հետո, երկրորդ տարում Հայաստանի տնտեսությունը պաշտոնապես 7,6 տոկոս աճ արձանագրեց։ Ամեն ինչ արվեց, որպեսզի այն ավելի բարձր լինի, քան «մինչհեղափոխական» կառավարության դեպքում էր եղել։ Բայց դա էլ չփրկեց. աճերը հիմնականում հաշվարկային էին կամ վիճակագրական։ Զարմանալի չէր, որ դրանից հետո էլ հասարակության սոցիալական վիճակում քիչ թե շատ նկատելի փոփոխություններ չեղան։ Ընդամենը մի փաստ նշենք. կենսաթոշակառուներին կառավարությունն անդրադարձավ իշխանափոխության միայն երրորդ բյուջետային տարում՝ թոշակներն ավելացնելով ընդամենը 3 կամ 4 հազար դրամով, որը հազիվ պիտի հնարավորություն տար փակելու դեռևս նախորդ մի քանի տարիներից թելադրված գնաճի ազդեցությունը։
Չնայած շատ-շատերը նույնիսկ այդ մի քանի հազար դրամի հավելումը չզգացին իրենց եկամուտների վրա։ Փոխարենը՝ այդ պայմաններում իշխանության վերնախավն իրեն լիուլի պարգևատրեց։ Այդ մասին հավանաբար այդպես էլ հայտնի չէր դառնա, եթե մի օր չպարզվեր, որ վարչապետը ժողովրդից թաքուն բյուջեի հաշվին պարգևավճարներ է բաժանում բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կրկնապատկելով նրանց մի քանի հարյուր հազար դրամի հասնող աշխատավարձերը։ Ոչինչ, որ նույն ժամանակ շատերը հազիվ գոյություն էին քարշ տալիս։
Հետո պիտի գար մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանը. համավարակը խորտակեց լավ ապրելու հետ կապված այն բոլոր հույսերը, որոնք հասարակության մի մասը դեռ չէր կորցրել։ Տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ։ Դուրս գալու հեռանկարներն առայժմ շատ մշուշոտ են։ Ոչ մի հույս չկա, որ այս տարի տնտեսության մեջ աճ կլինի։ Պետական բյուջեն կանգնած է եկամուտների թերակատարման ռիսկերի առաջ։ Կառավարությունը ստիպված է դրսից լրացուցիչ պարտք վերցնել՝ բյուջեի ստանձնած պարտավորությունները կատարելու համար։ Վարկերին մշտապես դեմ Նիկոլ Փաշինյանի համար այլևս կարևոր չէ, որ դրա հետևանքով ծանրանալու է պետական պարտքի բեռը։
Մինչ մարդիկ հեղափոխություն էին անում և իշխանության էին բերում ժողովրդի վարչապետին, որպեսզի լավ ապրեն, 2 տարի անց ստիպված են առերեսվել դառը իրականության հետ։ Սոցիալական իրավիճակն այսօր երկրում շատ ավելի լարված է, քան իշխանափոխությունից առաջ էր։
Շատ-շատերը կանգնած են օրվա հացի խնդիր լուծելու փաստի առաջ։ Հազարավոր քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, ու նրանց թիվը գնալով ավելանում է։ Սպասվում է գործազրկության ավելացում և աղքատության խորացում։
Ու այդ ամենը՝ «հեղափոխությունից» 2 տարի հետո։ Այն «հեղափոխությունից», որը խոստանում էր լրջորեն բարելավել մարդկանց կյանքն ու ապրելու պայմանները, բարձրացնել աշխատավարձերն ու ստեղծել աշխատատեղեր, կրճատել գործազրկությունն ու աղքատությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ