«ԼՂ հակամարտության բռնկումն իրատեսական, բայց անցանկալի սցենար է թե կողմերի, և թե միջնորդների համար»․ վերլուծաբան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների ակտիվ քննարկումների ֆոնին Ադրբեջանը կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը՝ փորձելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էական լարվածության պատրանք ստեղծել։

Մայիսի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամկազմի հետ հանդիպմանը հայտարարեց, որ հայկական կողմի «սադրիչ գործողությունների ակտիվացման հետ մեկտեղ՝ կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Դրան նախորդեց Հասանովի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի վարիչ Մահերրամ Ալիևի այցն առաջնագիծ։

Հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ Մահերամ Ալիևը նշել էր, որ Ադրբեջանի ժողովուրդը մշտապես պատրաստ է մոբիլիզացվել՝ «հանուն օկուպացված տարածքների ազատագրման», և սպասում է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին։ Նա նշել էր, որ Հայաստանը դատապարտված է հասկանալ ու անել հետևություններ՝ վերանայելով իր ներկայիս մոտեցումները, չխախտելով պայմանավորվածությունները:

Արձագանքելով Հասանով-Ալիև այցին առաջնագիծ՝ ՀՀ ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով․

«Վերջին շաբաթներին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին: Ամենայն հավանականությամբ, հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից»։

Օրերս այս հռետորաբանության ակտիվացմանն անդրադարձավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ սպառնալիքի առկայությունը կարգավորման գործընթացում բացառվում է։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի հռետորաբանությունը սրվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններից հետո, որ բանակցային սեղանին ռուսական առաջարկներն են, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։

168am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը փորձեց վերլուծել, թե այս փուլում որքանով են իրատեսական ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում։

Նա գնահատմամբ՝ իրավիճակը բավականին բարդ է, երբ վերլուծում ենք հնչող բոլոր հայտարարությունները և բուն իրավիճակը՝ թե հակամարտող երկրներում, միջնորդ երկրներում և աշխարհում։ Ըստ նրա՝ իրավիճակն աշխարհում, որը պայմանավորված է առողջապահական, սոցիալ-տնտեսական, էներգետիկ մարտահրավերներով, պատերազմելու սցենարների կանխատեսումները վերացնում է։

Մյուս կողմից, ըստ նրա՝ հարկ է դիտարկել կոնկրետ այս հակամարտության առանձնահատկությունները, որոնք էլ ամբողջացնում են կանխատեսումը։

«Կան կանխատեսումներ, որ ներքին խնդիրների ֆոնին շփման գծում և սահմանին հնարավոր են ագրեսիվ քայլեր, որի շրջանակում էլ սրվում է կողմերի միջև հռետորաբանությունը՝ հետագայում գործողությունները, այսպես ասած, արդարացնելու համար։ Իրավիճակը ապակայունացնող գործոնների շարքում իր ուրույն տեղն ունի բանակցային գործընթացը, որտեղ, չնայած հայտարարություններին, որ առաջարկներ են քննարկվում, ավանդական խնդիրները պահպանվում են, և թվում է՝ արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որը կարող է հիմք դառնալ իրավիճակի սրման համար։ Մենք շատ ենք խոսել, թե որքան կարևոր է հրադադարի խիստ ռեժիմի պահպանումը, քանի որ, եթե այն չի պահպանվում, ցանկացած միջադեպ կարող է անցանկալի ընթացք ունենալ՝ չունենալով քաղաքական այլ պատճառներ։

Եվ վերջին, մեզ հայտնի է նաև, որ հռետորաբանությունը դա քաղաքականության բաղադրիչներից մեկն է, հակամարտությունների դեպքում ռազմատենչ հռետորաբանությունը դիտարկվում է՝ որպես ճնշման հնարավոր լծակ հակառակորդ կողմի նկատմամբ, հատկապես, երբ կան խոսակցություններ կարգավորման փաթեթների մասին։

Ի դեպ, ռազմատենչ հռետորաբանություն միշտ եղել է այս հակամարտության դեպքում, և հենց այդ պատճառով հաճախ այն թերագնահատվել է։ Կարծում եմ՝ բոլոր սցենարներն էլ պետք է դիտարկվեն»,- նման կարծիք հայտնեց Թրեյսի Ջերմանը։

Նա գտնում է, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները չեն բխում որևէ տերության շահերից այս փուլում, քանի որ նրանք բոլորը զբաղված են միջազգային աղետի կանխարգելմամբ։

«Տեսնում ենք, որ Ռուսաստանն այս օրերին իր խնդիրներն ունի, ժամ առ ժամ որոշումներ են փոխվում, իրավիճակներ փոխվում, քաղաքական գործիչներ են վարակվում կորոնավիրուսով՝ ստեղծելով ներքաղաքական խնդիրներ։ Այս իրավիճակում ԼՂ հակամարտության բռնկումն իրատեսական է, բայց անցանկալի բոլորի համար»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ԼՂ հակամարտությունը բավականին անկանխատեսելի հակամարտություն է, քանի որ գործոնները շատ են, հակամարտության տարբեր փուլերում տարբեր գործոններ են «աշխատել», ուստի ռազմական սցենարի վտանգ կա։

Թե ինչպիսին են հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով խոսակցությունները կարգավորման փուլային տարբերակի մասին, վերլուծաբանը կարծում է, որ կողմերը ժամանակ են ձգում, որպեսզի հակառակորդի նկատմամբ թե քաղաքական, թե ռազմական առավելություն ստանան։

Տեսանյութեր

Լրահոս