Ճակատագրի հեգնանքը
Ճակատագրի հեգնանք է գուցե, բայց Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման կարճ ժամանակահատվածում առերեսվում է նույն խնդիրներին, որոնցում անգործության մեջ էր մեղադրում նախկին իշխանություններին։
Թերևս, սա իրեն տրված լավագույն հնարավորությունն էր` ցույց տալու իր պատկերացումներին համապատասխանող պետական կառավարման «մաստեր կլաս», ի ցույց դնելու բոլոր խնդրահարույց հարցերին անցնցում լուծում տալու իր «բացառիկ» հմտությունները և, ամենակարևորը, մեկընդմիշտ խորը անջրպետ ստեղծելու իր և նախկինների միջև՝ մի կաթիլ կասկած չթողնելով, որ, այո՛, նախկինները և պետականամետ ու ազգանվեր կառավարումը միմյանց հետ եղել են անհամադրելի հասկացություններ։
Ժողովրդին իր իշխանավարման հաջորդ օրվանից ի վեր անամպ կյանքը վայելելու, տնտեսական թռիչքաձև, գերարագ աճ արձանագրելու, Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարատեսակ հարթակներում առաջատար դիրքեր մղելու և, ինչո՞ւ ոչ, Արցախյան հակամարտությունը բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով այդքան հեշտ կարգավորելու խոստումներն իրականացնելու անհնարինության հետ առերեսվելու և ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով իր իսկ այդ խոստումները լղոզելու, մոռացնելու կամ սուտ փաստեր հորինելու հետ զուգահեռ, արի ու տես, որ Փաշինյանի բախտը կրկին չի բերում․ իր կառավարությանը բաժին է ընկնում պայքարելու մեկ այլ պատուհասի՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա արդյունքում ծագած բազմապիսի խնդիրների հետ։
Գիտե՞ք ճակատագրի հեգնանքը որտեղ է։ Փաշինյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռն արդեն մոտ 1,5 տարի, և նրան բաժին է հասել պայքարելու համաճարակի և դրա հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի դեմ։ Նման պետական կառավարման լուրջ փորձության առաջ կանգնել էր նաև Սերժ Սարգսյանը, ով 2008թ․, ընտրվելով որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, անմիջապես ստիպված եղավ պետության ղեկն իր ձեռքը վերցնելով և ձևավորելով Կառավարության իր թիմը՝ լուծումներ գտնել, որպեզի 2007 թվականից ամբողջ աշխարհում տիրող ֆինանսական ճգնաժամը, որը դեռ մասնակի պահպանվում էր մինչև 2010թ․, մեր երկրի տնտեսությանը հասցնի մինիմալ վնաս։
Տրամաբանորեն, կառավարման անգամ աննշան փորձ ունեցող յուրաքանչյուր անձ հասկանում է, որ ճգնաժամային մենեջմենթն իրենից ենթադրում է և՛ առկա ճգնաժամը զսպող միջոցների մշակում, և՛ հետևանքները չեզոքացնող միջոցառումների իրականացում, և՛ հետագայում այնպիսի առողջ միջավայրի ապահովում, որի ներքո տնտեսությունը կկարողանա արագ վերականգնվել։
Ինչպե՞ս էր 2008-2009թթ․ Հայաստանը պայքարում ճգնաժամի դեմ, և ինչպիսի՞ պատկեր ունենք այսօր։ Հարցը մասնակի հռետորական է։
2008-2009թթ․ տնտեսվարողներին տրվող ֆինանսական օժանդակությունը նպաստեց աշխատատեղերի պահպանմանը և թողարկումների ընդլայնմանը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ 300 միլիոն դրամը գերազանցող առանձին ներդրումային բնույթի ապրանքների ներմուծման, ինչպես նաև կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի համար ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվեց 3 տարի ժամկետով: Մինչդեռ այժմ՝ Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման տնտեսական օժանդակության փաթեթում բացակայում են անգամ հարկային արձակուրդները։
Ապահովվել էր սոցիալական բնույթի ծախսերի (կենսաթոշակ, աշխատավարձ, նպաստ) ժամանակին և ամբողջական իրականացումը, որը 2008թ․ համեմատ՝ աճել էր 14-16%-ով` այսպիսով նպաստելով նշված ծախսերի շահառուների գնողունակության մակարդակի պահպանմանը: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ ներկայիս իշխանության կողմից Հայաստանում COVID-19 ճգնաժամի հաղթահարման կառավարության ֆիսկալ փաթեթի ծավալը, ինչպես նաև դրանում սոցիալական բաղադրիչի մասնաբաժինը համահունչ չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և ժամանակի պահանջներին:
Սոցիալական ծրագրերի շրջանակում աջակցությունն ուղղվել է շահառուներին տրված ընդհանուր գումարի միայն մոտ 23%-ին (ըստ 2020թ. ապրիլի 24-ին և 30-ին հրապարակված տվյալների), ինչը չի կարող համարվել բավարար՝ աղքատության, գործազրկության, եկամուտների բևեռացման ներկայիս բարձր մակարդակի պայմաններում:
Իրավիճակին համարժեք չէ նաև սոցիալական ծրագրերի նույնիսկ ընդհանուր բյուջեն։ Էլ չենք ասում, որ քաղաքացիներին մե՛կ խոսք են տալիս, որ կոմունալները չվճարելու դեպքում ոչ ոք առանց լույս ու գազ չի մնա, մե՛կ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է անձամբ ասում, թե՝ նույն պահին մուծե՛ք, կամ ստացած սոցիալական աջակցության գումարները հե՛տ վճարեք, որովհետև անհայտ չափանիշերով մարդկանց մի մասն իրավունք չուներ օգտվել աջակցությունից, բայց, չգիտես ինչու, ծրագիրը հայտը հաստատել է։
Ֆինանսական համաշխարհային ճգնաժամի պայմաններում 2008-2009թթ. հայտարարվեց «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մեկնարկի մասին։ Ճգնաժամի ընթացքում և դրանից հետո այս ծրագրով իրականացվել է շոշափելի պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով:
ՀՀ այդօրյա կառավարությունը, հատկացնելով 250 մլն դոլար գումար, նախաձեռնեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված բնակարանային շինարարության իրականացման ծրագրի շրջանակներում շուրջ 2836 բնակարանի և սպասարկման օբյեկտի, գյուղական բնակավայրերում շուրջ 2047 անհատական բնակելի տների կառուցման աշխատանքները։ Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում ՀՀ նախկին կառավարությունը հիմնեց հիփոթեքային հիմնադրամը՝ ապահովելով 20 մլն դոլարի պետական մասնակցություն՝ շինարարության ոլորտի աշխուժացման, ինչպես նաև բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման նպատակով։ Դե հիմա փորձեք գտնել ներկայիս հակաճգնաժամային փաթեթներում նման լայնամասշտաբ ծրագրեր։ Անօգուտ է, մեկ է՝ չեք գտնելու։
2008-2009թթ․ մեծ ուշադրություն դարձվեց ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, ինչպես նաև՝ ներդրումներին ենթկառուցվածքներում: Համաշխարհային Բանկի տրամադրած 85 մլն դոլար վարկից 50 մլն դոլարն ուղղվեց ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ մնացած գումարը՝ ճանապարհաշինարարությանը: Ասիական զարգացման բանկից ներգրավվեց շուրջ 48 մլն դոլար վարկ՝ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի համար: Մենք խոսում ենք զարգացումից և ճանապարհաշինարարությունից, իսկ այսօր անգամ աջակցության պակասից դժգոհում է այն դագաղագործը, ով 2018թ․ ապրիլին մեծ հպարտությամբ հանրապետականների բակերում սիմվոլիկ թաղման արարողություն բեմադրելու համար 3 դագաղ էր պատրաստել։
2008-2009թթ․ Կառավարությունը չկրճատեց պետական ծախսերը, և դրանք իրականացվեցին պլանավորվածից ընդամենը 16.3 միլիարդ դրամ պակաս չափով, չնայած որ, 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով անվանական ՀՆԱ-ն ՀՀ-ում նվազել էր 14.4%-ով, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել էին պլանավորվածից 205 մլրդ դրամով պակաս։
Ընդ որում, սոցիալական և տնտեսական ծախսերի մեծ մասն այդօրյա իշխանությունները ֆինանսավորել է ոչ թե տնտեսությունից դուրս հանվող լիկվիդայնության, այլ արտաքին աշխարհից նոր միջոցների ներգրավման հաշվին: Այս ամենի արդյունքում կտրուկ աճել է պետական բյուջեի պակասուրդը՝ նախատեսված 40 մլրդ դրամից հասնելով մոտ 239.1 մլրդ դրամի, կամ 2009թ․ փաստացի ՀՆԱ-ի 7.5%-ի, իսկ 2009թ․ սպասվող ՀՆԱ-ի նկատմամբ՝ 5.7%-ի: Ստացվում է՝ ճգնաժամի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության արձագանքը եղել է ՀՆԱ-ի մոտ 4.7%-ի չափով:
Հակաճգնաժամային ծրագրերը պետք է պարարտ հող ստեղծեն, որպեսզի հետագայում տնտեսությունն արագ վերականգնվի, մինչդեռ ոլորտի բազմաթիվ մասնագետներ բազմիցս ասել են, որ ներկայիս իշխանությունների որդեգրած ճգնաժամային քաղաքականության ներքո տնտեսության վերականգնումը կարող է պահանջել կանխատեսվածից ավելի երկար ժամանակ և հասարակության համար ունենալ ավելի բարձր «սոցիալական գին»:
Արդյունավետ աշխատանքը նախևառաջ խելամիտ ու սթափ կառավարման և բանիմաց թիմի համադրություն է։ Փաշինյանն այս երկու կետում էլ ձախողեց, ձախողում է և շարունակում է ձախողել։ Անգամ իր աչքի առաջ ունենալով 2008-2009թթ․ Սերժ Սարգսյանի կառավարման հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետ այս մոդելը, նա և նրա թիմն անգամ ականջալուր չեն ցանկանում լինել փորձառու մասնագետների խորհրդին՝ պատրաստ լինելով հիմնովին խարխլել, առանց այդ էլ, անկայուն տնտեսությունը։
Չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ է իմանալ չցանկանալը։ Օրեցօր Փաշինյանն ու իր գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարության թիմն ապացուցում են, որ նրանք անդրդվելի են ինքնավստահության և սեփական գիտելիքների ու կարողությունների գերագնահատման հարցում։ Եվ այս փաստն այդքան անհանգստացնող չէր լինի, եթե չլիներ դրա հայելային էֆեկտը ոչ թե՝ հպարտ քաղաքացու, այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ունեցող յուրաքանչյուր մարդու կյանքում, եթե իրենց ապաշնորհ ու գոռոզ քաղաքականության փտած պտուղներն իրենց հետևանքը չունենան օրավարձով իր ապրուստի գումարը վաստակողից՝ մինչև իր գաղափարի շուրջ փոքր ձեռնարկություն ստեղծածի կյանքում, մանկապարտեզում դեռ անհոգ խաղացող մանուկի անվտանգությունից՝ մինչև մեծահասակ մեր ծնողների ու տատիկ-պապիկների արժանապատիվ ծերությունն ապահովելու վրա։