Պուտինը հանձնարարել է մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման ծրագիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև հունիսի 1-ը ներկայացնել տնտեսության վերականգնման գործողությունների ծրագիր՝ համատեղ մշակված ռեգիոնալ իշխանությունների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ համապատասխան որոշումը մայիսի 11-ին տեղադրվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել բարձրագույն գործադիր մարմինների ղեկավարների և ձեռներեցների միությունների հետ համատեղ մշակել գործողությունների ծրագիր, որը կապահովի բնակչության զբաղվածության և եկամուտների վերականգնում, տնտեսության աճ, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով փոփոխություններ տնտեսությունում: Ժամկետը 2020 թվականի հունիսի 1-ն է»,-ասված է փաստաթղթում:
Ապրիլի 28-ին նախագահ Պուտինը հայտարարել էր ոչ աշխատանքային օրերը մինչև մայիսի 11-ը ներառյալ երկարաձգելու մասին: Նա այդ ժամանակ անհրաժեշտություն էր համարել բնականոն կյանքին վերադառնալուն նախապատրաստվելը: Հանձնարարել էր նախապատրաստել առաջարկություններ մայիսի 12-ից փուլային տարբերակով սահմանափակումները հանելու մասին: