Կորոնավիրուսի մեր վիճակագրությունը․ Հայաստանը վարակի ամենամեծ ցուցանիշներն ունի տարածաշրջանում
Մնաց մեկ շաբաթ կողմնորոշվելու: Արտակարգ իրավիճակը, որում ապրում ենք, մոտենում է ավարտին: Իրավաբանական առումով: Ուստի հիմա բոլորս ենք փորձում հասկանալ՝ ինչ շարունակություն է լինելու: Հատկապես, որ վերջին օրերին վարակի տարածման եռանիշ թվերը նվազելու միտում չունեն:
Կորոնավիրուսը սպասվածից տարօրինակ վարք «դրսևորեց»: Նույնիսկ համաշխարհային հեղինակություն վայելող մասնագետներից շատերն են հայտարարում, որ այս վիրուսի մասին հաստատ ընդամենը մեկ բան գիտեն՝ «այն, որ հաստատ ոչինչ չգիտեն»: Համաճարակաբանների ու բժիշկների իրարամերժ կարծիքներից առայժմ դժվար է գլուխ հանելը: Հավանաբար դա է գիտության զարգացման բնականոն ընթացքը: Ու մինչև գիտական վերջնական տեսակետների ձևավորումը, մեզ մնում է որևէ բան հասկանալ վիճակագրական մեթոդներով: Հատկապես, որ միջազգային կառույցները ուղիղ (online) ռեժիմով հրապարակում են դրանք: Անընդհատ փոփոխվող թվերն ընդհանուր պատկեր արդեն ուրվագծում են:
Հայաստանը վարակի ամենամեծ ցուցանիշներն ունի տարածաշրջանում: Բայց մինչ տարածաշրջանային համադրումները դիտարկենք հետևյալ թվերը: Մեր երկիրը բնակչության թվաքանակով աշխարհում 137-րդն է: Կորոնավիրուսով վարակվածների քանակով մենք այդ ցուցանիշից թռիչքաձև «առաջ» ենք: Որովհետև վարակվածների թվաքանակում աշխարհում 65-րդ երկիրն ենք: Միանգամից նշենք, որ այս վիճակագրական տվյալը թերություններով հանդերձ բավական խոսուն է: Մեզանից քիչ թվաքանակով վարակվածներ են արձանագրվել, օրինակ, Բրազիլիայում (բնակչությունը մոտ 210 մլն) կամ Ուկրաինայում (մոտ 50 մլն), կամ էլ Լեհաստանում (մոտ 40 մլն): Վարակակիրների բացարձակ թվով մեզանից անմիջապես առաջ Ֆինլանդիան է (մոտ 6 մլն բնակիչ), անմիջապես ներքևում՝ Սաուդյան Արաբիան (մոտ 35 մլն):
Վիճակագրությունը նաև այսպիսի թվեր է հաշվարկել՝ աշխարհի յուրաքանչյուր 1 մլն բնակչից վարակվել են 507-ը: Իսկ մահացության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով 35 է:
Այս թվերից առաջինի համեմատ մենք շահեկան դիրքում չենք՝ 1 մլն բնակչի հաշվարկով վարակվածների քանակը կրկնակիից բարձր է՝ 1 022 մարդ: Մահացության հաշվարկի լավ տվյալ ունենք ՝ 1 մլն-ի հաշվարկով 15 մահ: Այստեղ հարկ է դրվատանքի խոսք հնչեցնել մեր բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների մասին: Հնչեցնել ու անցնել առաջ: Նույն դրվատանքի խոսքերը մեզ թույլ չեն տա ո՛չ մեր բժիշկներին, ո՛չ առողջապահության համակարգի կառավարիչներին համեմատել տարածաշրջանային երկրներից Թուրքիայի և Իրանի գործընկերների հետ: Այս երկու երկրների կորոնավիրուսային վիճակագրությունը շատ վատն է թե՛ մեր, թե՛ համաշխարհային միջին ցուցանիշների համադրմամբ: Միայն այն, որ տարիներ առաջ իրանցի ուսանողների նկատելի քանակ էր բժշկական կրություն ստանում մեր երկրում՝ ինքնին խոսուն ցուցանիշ է: Ուստի համեմատությունների համար պիտի ընտրենք անմիջական մյուս երկու հարևաններին՝ Ադրբեջանին և Վրաստանին: Հատկապես, որ առողջապահական համակարգի ու կադրերի համանման՝ խորհրդային անցյալ ունենք:
Ցավոք, այստեղ համեմատությունները մեր օգտին չեն: Վարակվածների բացարձակ թվով մենք այս երկրներից «առաջ» ենք: Ադրբեջանի բնակչությունը տարբեր թվերով է նշվում՝ մոտ 9-10 մլն: Վարակվածների բացարձակ թվով 71-րդ տեղում է: Կորոնավիրուսի միջազգային վիճակագրության համաձայն՝ այս երկրում 1 մլն բնակչի հաշվով վարակվել է 217-ը: Նույն՝ 1 մլն բնակչի հաշվով մահացել է 3-ը (հիշեցնենք մեր թվերը՝ համապատասխանաբար 1022 և 15):
Տարածաշրջանում համաճարակային ամենամեղմ տվյալներն արձանագրվել են Վրաստանում: Առողջապահության մեր պետական մենեջերի բնորոշմամբ՝ այս «բախտը բերած» երկիրը վարակվածների բացարձակ թվով 111-րդն է (մոտ 3.7 մլն բնակչություն): 1 մլն բնակչի հաշվարկով վարակվել է 156 մարդ: 1 մլն բնակչի հաշվարկով մահերի թիվը 3 է: Վրաց իշխանությունները վստահ են, որ տարածաշրջանային լավագույն դիրքը իրենց կոշտ միջոցառումների արդյունքն է:
Հիշենք, որ մոտ 1 շաբաթից մեր իշխանությունները համավարակի դեմ պայքարի նոր միջոցառումների պլան պիտի ընդունեն: Իսկ մինչ դա կորոնավիրուսի մեր վիճակագրությունը համաշխարհայինի ու տարածաշրջանայինի համեմատ սա էր:
Արա Գալոյան