«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին. նա փորձում է իր ձեռքը հավաքել ողջ իշխանությունը, արդեն ոչ թե՝ ժողովրդավարական, այլ՝ բռնի մեթոդներով». Բագրատ Եսայան

Որքանո՞վ են արդյունավետ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող քայլերը, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել 2018 թվականի հայտնի  քաղաքական իրադարձություններից հետո, արդյո՞ք երկրում տեղի է ունենում տնտեսության վերաբաշխում, և որքանո՞վ է պետությունը ժողովրդավար: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար  Բագրատ Եսայանի հետ:

Covid 19-ը պետություններին թելադրում է նոր օրակարգեր. որքանո՞վ են արդյունավետ կորոնավիրուսի դեմ պայքարում հայաստանյան իշխանությունների կողմից մինչ օրս իրականացվող քայլերը, արտակարգ դրության հաստատումը երկրում:

– Նախ՝ արձանագրենք, որ արտակարգ դրությունն իր հաստատման օրից ընդամենը   10-15 օր քիչ թե շատ պահպանվեց: Որոշ անտրամաբանական քայլեր արվեցին:

Արտակարգ դրություն հայտարարվեց, բայց սկզբնական շրջանում հասարակական տրանսպորտն ակտիվորեն աշխատում էր, մարդիկ փողոցում էին: Երբ հասարակական տրանսպորտը դադարեց աշխատել, և մարդիկ քիչ թե շատ տեղաշարժի սահմանափակման հաստատված կանոններին սկսեցին ենթարկվել, անսպասելիորեն վարչապետը հայտարարեց, որ մենք համարյա կոտրել ենք կորոնավիրուսի ողնաշարը: Այս անպատասխանատու հայտարարության պատճառով ժողովուրդը նորից չպատճառաբանված ապահովության զգացողություն ունեցավ. ապրիլի 2-րդ կեսին առանց որևէ սահմանափակման բոլորը կարծես փողոցում էին:

Այսպիսով՝ նույնիսկ տեղաշարժի իրավունքի սահմանափակում հաստատելով, կառավարությունը չկարողացավ իր հայտարարած ռեժիմը պահպանել: Սա խոսում է մի բանի մասին. մենք կարծես թե գնում էինք ոչ թե՝ շվեդական, այլ՝ չինական կամ կորեական ճանապարհով, բայց ստացվեց՝ ինչ-որ խառը մի բան արեցինք՝ ո՛չ չինականին հետևեցինք, ո՛չ էլ շվեդականին:

Ավելին՝ մարդու հիմնարար իրավունքների սահմանափակման ևս մեկ քայլ ձեռնարկվեց. մարտի 30-ին ընդունվեց անձնական տվյալների գաղտնիության մասին սկզբունքը շրջանցող մի օրենքի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս տեղորոշել մարդուն՝ նախ՝ ըստ իր հեռախոսազանգերի, երկրորդ՝ հստակ իմանալ այն ցանկը, թե այդ մարդն ում հետ է կոնտակտ ունեցել հեռախոսով: Սա կարող էր արդյունավետ լինել միայն այն պայմաններում, երբ համատարած թեստավորում իրականացվեր:

Այսինքն՝ չինական խիստ ճանապարհով գնացին՝ առանց հետևելու նույն Չինաստանի օրինակին, որտեղ անձնական տվյալնների պաշտպանության շրջանցումն արվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Թե ում պետք է նրանք հետևեին 800-1000 թեստ անելու դեպքում՝ այդպես էլ հասկանալի չեղավ. Պարզ է, որ մարդկանց մոտ հարց առաջացավ, որ, եթե այս օրենքն ընդունում եք, սա կարող է նաև քաղաքական հետևանքներ ունենալ:

Չնայած երկրում արտակարգ դրություն է հայտարարված, բայց մթնոլորտը շարունակում է մնալ լարված՝ կալանավորման նոր որոշումներ, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ, Գավառի հայտնի միջադեպը, սոցիալական դժգոհություններ: Արդեն երկու տարի տարի շարունակվող նմանատիպ իրավիճակը, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ քաղաքական ու սոցիալական հետևանքներ կունենա:

– Ակնհայտ է, որ պրոցեսներն այդպես էլ կանգ չառան: Չնայած իրենք իրենց երկու տարի առաջ իրականացրած հեղափոխությունն անվանում են թավշյա և ոչ բռնի, հանդուրժողականության  և սիրո, սակայն անհանդուրժողականությունը և ատելությունը կարծես կաթում է արդեն իշխող քաղաքական ուժի ցանկացած ներկայացուցչի լեքսիկոնից:

Դա շարունակվեց, ավելին, սա իր հանդերձավորումը ստացավ կոնկրետ գործողություններով, շարունակվեցին նույն պրոցեսները՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետաձգումը, վստահ եմ՝ չպատճառաբանված հետաձգումը (խախտվեց անձի արդար դատաքննության իրավունքը նույնիսկ այստեղ), քաղաքական հակառակորդների նկատմամբ լեքսիկոնը կարծես ոչնչով չմեղմացավ, ընդհակառակը՝ ուժեղացավ՝ նույն «վնգստալ», «ով է համարձակվում», և այլն:

Կարծում եմ, որ արտակարգ դրությունն էական ազդեցություն չունեցավ քաղաքական մթնոլորտի մեղմացման առումով, ինչպես և՝ կորոնավիրուսի դեպքում:

Օրերս անդրադարձել էիք ՊԵԿ նախկին նախագահի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ կասկածի տակ դնելով Հայաստանում ներդրողների հարցը՝ ««Ucom»-ի հետ կատարվողի դեպքերից հետո»:

Արդյո՞ք սրանք Իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխող գործընթացներ են:  

– Ես իսկապես չեմ հասկանում տնտեսական հեղափոխություն եզրույթը. Տնտեսական հեղափոխություն ասվածը պետք է արտահայտվեր օրենքների, հարկային քաղաքականության, տնտեսության կառուցվածքի փոփոխություններով. Կարծես որևէ բան փոխելու ոչ հայտարարություն է եղել, և ոչ էլ մտադրության մասին հայտարարություն: Այս առումով՝ ես չէի ցանկանա Ucom-ի շուրջ կատարվող իրադարձությունները կապել տնտեսական հեղափոխության հետ, բայց կցանկանայի կապել հեղափոխական տրամաբանությամբ առաջնորդվելու իշխանությունների վճռականության հետ:

Եվ երբ այս վճռականության մասին հայտարարում են, այն կետերում, որտեղ օրենքը չի տալիս բավարար հնարավորություններ իրենց ուզածն իրականացնելու, նույնիսկ տնտեսական դաշտում, իշխանությունները գնում են ոչ թե՝ օրենքի տրամաբանության ճանապարհով, այլ՝ հեղափոխության տրամաբանության (հայտարարելով՝ այո՛, հեղափոխություն ենք արել, ուրեմն այդպես էլ պետք է անենք):

Առաջին շրջանում սա իր տրամաբանական ազդեցությունն ունեցավ, սակայն, եթե իշխանություններն իսկապես փորձեին տնտեսական հեղափոխություն անել, այսինքն՝ փորձեին փոխել տնտեսական քաղաքականությունն ու կառուցվածքը՝ սպառողական տնտեսական ճյուղերի զարգացումից՝ դեպի զարգացմանն ուղղված տնտեսական ճյուղերի զարգացում, միգուցե արտաքին ներդրողները կոգևորվեին և կգային, բայց շարունակվեց նույն հեղափոխական իրավունքի կիրառումը:

Հիմա քաղաքական և տնտեսական դաշտում քննարկումները գնում են բոլորովին այլ ուղղությամբ, արդեն հրապարակայնացվում են իշխանության բարձրագույն ներկայացուցիչների՝ ընդհուպ մինչև վարչապետ, ապօրինի հանձնարարականները Սահմանադրությամբ ամրագրված սեփականության անխախտելի իրավունքի դեմ ուղղված գործողությունների մասին:

Փոխադարձ մեղադրանքներ են հնչում, թե ով է հանձնարարել, ինչու է հանձնարարել, ինչպես կարող է գործադիր իշխանությունը տնտեսվարող սուբյեկտից պահանջել հստակ գնով վաճառել իր սեփականությունը և վաճառքից ստացված գումարը փոխանցել պետբյուջե: Կամ գնորդը (պարզ է նաև, որ հստակ գնորդ է գտնվել, որը պատրաստ է այդ իջեցված գնով ձեռք բերել այդ սեփականությունը) ինչքա՞ն պետք է իրականում վճարեր, կամ արդյոք պետք է միայն տնտեսվարողի՞ն վճարեր, բազմաթիվ հարցեր են առաջանում:

Ներդրողն առաջինը նայում է օրենքներին՝ արդյո՞ք նպաստավոր է ներդրումային դաշտը, երկրորդը՝ իշխանության գործելակերպին:

Օրենքների առումով մենք փոփոխություններ չունեցանք, իշխանության գործելակերպի առումով՝ ունեցանք խայտառակ իրավիճակ, երբ ոտնձգություն է կատարվում սահմանադրությամբ ամրագրված սեփականության անխախտելի իրավունքի դեմ:

«Յուքոմի» տեղում կարող էր լինել որևէ այլ ընկերություն. խնդիրն ուղղակի սեփականության դեմ օրենքի շրջանցումով ոտնձգության մասին է:

Արդյո՞ք այս պարագայում տնտեսության վերաբաշխման մասին որակումները հիմնավոր են:

– Վերաբաշխման հարցը կարծես իշխանության օրակարգում է. Նույն սերիայից է, ես կարող եմ ասել, օրինակ, «Սանիթեք»-ի հարցը, որը կարծես բոլոր օրենքների շրջանցումով, ուղղակի իշխանության սուբյեկտիվ ցանկությամբ՝ դուրս մղվեց դաշտից, նույն սերիայից կարող ենք համարել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրաբերումն Արմեն Ավետիսյանի կողմից, որը հետագայում, բնական է, պետք է աճուրդով վաճառվի: Այսինքն՝ քայլերը՝ հեղափոխության իրավունքի ուժով սեփականության վերաբաշխման ուղղությամբ, կարծես հստակ են:

ԱԺ-ում՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում հաստատված է ժողովրդավարական կայունություն: Որպես իր խոսքերի ապացույց՝ վարչապետը ներկայացրել էր 2019-ին միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի արձանագրած  աճը։ Այդ աճը տեսանելի՞ է Ձեզ համար:

– Նախ՝ երբ խոսում է միջազգային կառույցների ինդեքսների աճի մասին…  հրապարակվեց «Ֆրիդոմ հաուզի» գնահատականը. գլոբալ առումով Հայաստանը շարունակում է դասվել կիսակոնսոլիդացված-ավտորիտար ռեժիմների շարքում: Եթե սա կարող է ժողովրդավարության ձեռքբերում համարել Նիկոլ Փաշինյանը, ես, ուրեմն, ողջունում եմ նրա անիրատեսական լավատեսությունը: Ավելին՝ ընդամենը երկու պարամետրով է աճ արձանագրվել. առաջինը՝ նախորդ տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների ժողովրդավարության ինդեքսով, և երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարով՝ նույնպես աննշան աճ: Մնացած ուղղություններով որևէ աճ արձանագրված չէ, և սա չի կարող կայուն ժողովրդավարություն դիտարկվել որևէ երկրում:

Եթե ընդհանրապես՝ ինստիտուցիոնալ առումով դիտարկենք՝  ժողովրդավարության առաջին սկզբունքն իշխանության երեք ճյուղերի տարանջատման և փոխադարձ հավասարակշռման սկզբունքն է: Մենք կարո՞ղ ենք Հայաստանում խոսել իշխանությունների տարանջատման մասին:

Հետհեղափոխական էյֆորիայի մթնոլորտում մեկ անձը ձևավորել է իր քիմքին հաճելի խորհրդարան, որտեղ անձամբ նա (ոչ թե քաղաքական ուժը) փաստացի նշանակեց պատգամավորներ, որոնք կներկայացնեին կամ կդակեին իր կողմից ներկայացվող ցանկացած նախաձեռնություն:

Եվ այսօր՝ կառավարությունն ինչ էլ տանում է ԱԺ, եթե նույնիսկ վիճելի է, եթե նույնիսկ ընդդիմությունը ներկայացնում է հակափաստարկներ, միևնույն է՝ «Իմ քայլը» դաշինքն իր քանակով անցկացնում է այդ օրենքի նախագծերը:

Ասեմ, որ սա ՀՀՇ-ի հիմնադրած ավանդույթի փայլուն շարունակությունն է, որը հետագայում, ինչո՞ւ ոչ՝ շարունակեց:

«Միասնություն» դաշինքը, Հանրապետական կուսակցությունը, և հիմա նույն արատավոր գործելակերպը շարունակում է «Իմ քայլը» դաշինքը. գործելակերպ, որը Հայաստանում քաղաքական կյանքն ուղղակի ոչնչացրել է:

Հաջորդ քայլը, և այս քայլից կարծես ինչ-որ մի փուլի սայթաքում է «Իմ քայլը» դաշինքը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ հանրաքվեով փոփոխությունն է, որն ինքնին ապօրինի է (հանրաքվե անցկացնել դրույթների մասին, որոնք արդեն գոյություն չունեն, այսինքն՝ անցումային դրույթներն ուղղակի եղել են, անցել են և ուժի մեջ են մտել 2018 թվականի ապրիլին, հիմա հետադարձ ուժով հանրաքվե անցկացնել, ասել, որ՝ այդ դրույթները հիմա եկեք փոխենք): Սա աբսուրդի թատրոնից է: Քայլ է, որը հստակ ուղղված է իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության ինքնուրույնության ոչնչացմանը:

Այս ուղղությամբ ժողովրդավարության մասին խոսելն ընդհանրապես տեղին չէ: Հաջորդը՝ խոսել կայուն ժողովրդավարության մասին և մատնացույց անել, որ երկրում կա Ընտրական օրենսգրքով ձևավորված քաղաքական մեծամասնություն, և սա ասել անընդհատ՝ փորձելով արդարացնել իշխանության ցանկացած քայլ, հղում անել, թե ժողովուրդը մեզ ձայն է տվել…

Բայց ժողովուրդը ձայն է տվել հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում, ձայն է տվել նրան, ում մատնացույց է արել հեղափոխության՝ այդ ժամանակ անառարկելի հեղինակություն վայելող առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նույն բանը ես կարող եմ հիշեցնել 1991 թվականից՝ շատ ավելի մեծ ձայներով՝ 81-82 տոկոսով երկրի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ընդամենը երկու-երեք տարի հետո նա այն աստիճան էր հեղինակազրկվել, որ, եթե 1996 թվականին ընտրությունների կեղծիքը չլիներ, նա շատ ավելի վաղ կհեռանար իշխանությունից:

Անցել է երկու տարի պառլամենտական ընտրություններից, և որևէ մեկը չի կարող այսօր ասել, թե այն 70 տոկոսը, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է հետհեղափոխական էյֆորիայի, անտրամաբանական քվեարկության ժամանակ, այսօր նույնը կունենան:

Այս տեսանկյունից՝ այն, ինչն ինքն ասում էր Սերժ Սարգսյանին, այսօր քաղաքական ուժերն ասում են իրեն, որ ինքը չի տիրապետում իրավիճակին և ուղղակի փորձում է իր ձեռքը հավաքել ողջ իշխանությունը՝ արդեն ոչ թե՝ ժողովրդավարական, այլ՝ բռնի մեթոդներով, ինչն ուղղակի, որպես պատմաբան՝ կարող եմ ասել՝ նեոբոլշևիզմի ծայրահեղ դրսևորում է ներկա պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս