Կառավարությունը զեկուցեց՝ զեկուցելու համար
Կառավարությունն Ազգային ժողովին ներկայացրեց իր անցած տարվա գործունեության վերաբերյալ զեկույցը։ Թեև դա այսօր արդեն արդիական չէ և գրեթե աղերս չունի առկա տնտեսական պրոցեսների հետ, այնուհանդերձ, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր վարչապետը։
Նիկոլ Փաշինյանին լսելիս կարելի է տպավորություն ստանալ, որ կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում Հայաստանը վերածվել էր դրախտավայրի. բոլոր առումներով աննախադեպ աճեր, զարգացումների չլսված մակարդակներ, աշխատատեղերի համատարած ավելացումներ, աշխատավարձերի բարձրացումներ, գործազրկության նվազում, աղքատության կրճատում և այլն։ Մի խոսքով, բոլոր ոլորտներում իդեալական իրավիճակ։ Բայց տարօրինակն ի՞նչն է. մարդիկ դա չեն տեսնում և չեն զգում։ Այն դեպքում, երբ այդ ամենն ի վերջո ունի մեկ նպատակ՝ բարելավել հասարակության կյանքը։
Դժվար չէ դուրս գալ փողոց ու հարցնել մարդկանց, թե կառավարության գործունեության արդյունքում ինչքանո՞վ են փոխվել իրենց ապրելու պայմանները, կամ ընդհանրապես փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Կարևորն այն չէ՝ տնտեսության ցուցանիշները վատացե՞լ են, թե՞ լավացել, կարևորն այն է, թե մարդիկ ինչպես են զգացել այդ փոփոխությունների ազդեցությունը։
Այն, որ վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, թե բարեբախտաբար և ի հեճուկս բազմաթիվ ահազանգերի՝ Հայաստանում համավարակի տարածումից հետո չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ, դա դեռ չի նշանակում, թե այդպես էլ կա։ Որ մարտին հայտարարագրված աշխատատեղերն ավելացել են, հիմք չէ նման պնդումներ անելու համար։ Պարզ է, որ այդպես էլ պիտի լիներ։ Մարտի սկզբին Հայաստանում հասարակական ու տնտեսական կյանքը դեռևս նույն տեմպով շարունակվում էր։ Եվ միայն մարտի երկրորդ կեսին արտակարգ դրություն հայտարարվեց։ Բնականաբար, դա չէր կարող արտահայտվել աշխատատեղերի ցուցանիշների վրա։ Թեկուզ 1 օր, բայց մարդիկ աշխատել էին, և դա պետք է երևար հարկային հաշվետվություններում։
Եթե վարչապետն այս մասին չգիտի, դա դեռ հիմք չէ նման հայտարարություններ անելու համար։ Առնվազն ծիծաղելի է ասել, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանում աշխատատեղերն ավելացել են։
Այն, ինչ տեղի է ունեցել մարտի ցուցանիշներում, կապ չունի համավարակի հետ։ Դրա ազդեցությունները հետո են երևալու։
Սենսացիա պետք չի որոնել այնտեղ, որտեղ դա չկա։
«Մեր 5 միլիարդ փոխանցումից մոտավորապես 2 միլիարդ դրամը որպես կանխահաշիվ է նստած»,- անդրադառնալով կոմունալ վճարներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բայց մոռանում է, որ դրա պատճառն այն չէ, որ մարդիկ փողի կարիքը չեն ունեցել, այլ այն, որ կոմունալ վճարները կառավարությունը որոշեց փոխհատուցել, երբ բազմաթիվ սպառողներ արդեն հասցրել էին կատարել իրենց պարտավորությունները։ Իսկ այն, որ կոմունալների փոխհատուցման օժանդակությունից օգտվել են նաև նրանք, ովքեր դրա կարիքը չունեին՝ հարկավոր էր ժամանակին մտածել այդ մասին և այնպիսի մեխանիզմներ դնել, որպեսզի հիմա նման խնդիր չլիներ։
Դժվար է ասել, թե ինչպես է վարչապետը հաշվարկել, բայց ստացվել է, որ կառավարությունը 1,2 մլրդ դրամի ոչ նպատակային հատկացում է արել կոմունալ վճարների դիմաց։ Մինչդեռ, այդ գումարը կարող էր ծախսել շատ այլ հրատապ նպատակների համար։
Մի փոքր անդրադառնանք անցած տարվա տնտեսական ցուցանիշներին։ «Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ բոլոր երկրների, հարևան երկրների և Եվրոպական տարածաշրջանի երկրների համար»։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ հայտարարում է։ Բայց մինչ դրան անդրադառնալը՝ արձանագրենք, որ վերջին 10 տարվա համար աննախադեպ համարվող այդ ցուցանիշը 2017թ. տնտեսական աճից ավելի է ընդամենը 0,1 տոկոսով։ Դեռ չհաշված, որ անցած տարվա տնտեսական աճի մեջ մեծ դեր ունեին մի շարք կարևոր գործոններ, որոնք կապ չունեն իրական զարգացումների հետ։ Այնպես, ինչպես աշխատատեղերի ավելացման դեպքում է։
Չպետք է մոռանալ, որ անցած տարվա տնտեսական ցուցանիշների մեջ էական դեր ունեին հաշվարկային աճերը։ Բացի այդ՝ մեծ էր նաև այնպիսի մի գործոնի ազդեցությունը, որը վերաբերում էր տրանսպորտային միջոցների ներմուծմանը։
Ինչպես հայտնի է, 2019թ. Հայաստան ռեկորդային քանակությամբ ավտոմեքենա ներմուծվեց՝ կապված ԵԱՏՄ մաքսասակագնային կարգավորումների հետ։ Խոսքը շուրջ 190 հազար տրանսպորտային միջոցի մասին է, որի դերը էական էր նաև պետական բյուջեի եկամուտների ավելացման գործում, չնայած վարչապետը սիրում է շրջանցել այդ թեման։
Եվս մի դիտարկում՝ ներդրումների հետ կապված։
«2019 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսների օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 41,3 տոկոսով»,- ներկայացնելով անցած տարվա տնտեսական ձեռքբերումները՝ ի հեճուկս շատերի այն պնդումների, որ Հայաստան ներդրումներ չեն գալիս` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչու է վարչապետը խոսում 9 ամսվա ներդրումների մասին, երբ վաղուց հայտնի են նաև տարեկան ցուցանիշները, մի կողմ թողնենք։ Բայց այն, ինչ Նիկոլ Փաշինյանը համարում է ներդրում, իրականում շատ հեռու է ներդրում լինելուց։ Այդ ցուցանիշներում ներառված են վարկերն ու փոխառությունները, առևտրի և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները։ Դրանք ներդրումներ չեն։
Իսկական ներդրումներն օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերն են, որոնց վերաբերյալ ցուցանիշները, ինչպես միշտ, վարչապետը շրջանցում է։ Շրջանցում է, որովհետև օտարերկրյա ուղղակի ներդրումները թե՛ իշխանափոխության առաջին, և թե՛ երկրորդ տարում չեն ավելացել՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների ու հավաստիացումների։ Այսօր էլ դրանց հետ կապված ռիսկերը չափազանց շատ են։
Կառավարության գործունեության անցած տարվա «աննախադեպ» ձեռքբերումների մասին կարելի է երկար խոսել։ Բայց այսօր դրանք առոչինչ են։ Այսօր Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, և պետք է մտածել, թե ինչպես ենք երկիրը դուրս բերելու այդ վիճակից։ Կառավարությունն առայժմ ավելի շատ խոսում է, քան իրական գործով զբաղվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ