Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 66-ի
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի պատճառով զոհերի թիվը հասել է 66-ի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde պարբերականը։Զոհերի թիվն աճել է այն բանից հետո, երբ ամենաշատ տուժած Սեբուի նահանգի բնակիչները սկսել են խուզարկել վերջին ժամանակների ամենաուժգին ջրհեղեղից ավերված տներն ու բիզնեսները։
Սեբուի նահանգապետ Պամելա Բարիկուատրոն «Կալմաեգի» թայֆունն անվանել է «աննախադեպ». քանի որ ջրհեղեղը քշել-տարել է տրանսպորտային միջոցներ և նույնիսկ նավային հսկայական բեռնարկղեր:Քաղաքացիական պաշտպանության փոխտնօրեն Ռաֆայելիտո Ալեխանդրոն հայտնել է, որ Սեբուում զոհվել է 49 մարդ։
«Հենց խոշոր քաղաքներն էին, խիտ բնակեցված տարածքները, որոնք տուժել են (ջրհեղեղից)», – նշել է Ալեխանդրոն՝ հավելելով, որ 26 մարդ անհետ կորած է։
«Կալմաեգի»-ն Ֆիլիպիններին է հարվածել նոյեմբերի 4-ին, որից հետո թայֆունի ուժգնությունը նվազել է։ Ֆիլիպիններում տարեկան գրանցվում է միջինում 20 փոթորիկ և թայֆուն, որոնք պարբերաբար հարվածում են աղետների հակված տարածքներին։

