Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել ևս 5000 զինծառայողի. Yonhap

Ռուսաստան է ուղարկվել 5000 հյուսիսկորեացի զինծառայող՝ մասնակցելու «ենթակառուցվածքների վերականգնմանը»։

Այս մասին հաղորդել է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին։«Մոտավորապես 5000 հյուսիսկորեացի զինվորական շինարարներ սեպտեմբերից ի վեր աստիճանաբար տեղափոխվել են Ռուսաստան։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն ենթակառուցվածքների վերականգնմանը», – հայտարարել է պատգամավոր Լի Սոն-գվոնը։

Նա հավելել է, որ Սեուլը նաև արձանագրում է «անձնակազմի վերապատրաստման և ընտրության շարունակական նշաններ՝ Ռուսաստանում զորքերի հետագա տեղակայման նախապատրաստման համար»։Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանային գոտում ներկայում տեղակայված է մոտ 10 000 հյուսիսկորեացի զինծառայող, ևս 1000 հյուսիսկորեացի սակրավորներ զբաղվում են ականազերծմամբ։ Պատգամավորը հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն 600 հյուսիսկորեացի զինվոր։

Ավելի վաղ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել էր, որ իրենց գնահատմամբ՝ Հյուսիսային Կորեան կորցրել է Ռուսաստանում տեղակայված մոտ 2000 զինվորի։

Ըստ AFP գործակալության՝ 2024 թ. հոկտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեան, բացի զորքերից, Ռուսաստանին է ուղարկել նաև զենք, այդ թվում՝ հրետանային արկեր, հրթիռներ և հեռահար հրթիռային համակարգեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս