«Մեղադրողները դատարանում փորձում էին կառչել ցանկացած փրփուրից». Արթուր Գևորգյանի փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ 3 ժամ տևողությամբ ընթացել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքի քննությունը: Այդուհանդերձ, բողոքի քննությունը մեկ դատական նիստով չի ավարտվել. այն շարունակվելու է վաղը:
168.am-ի հետ զրույցում Արթուր Գևորգյանի շահերի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ դատական նիստում ներկայացրել է համապատասխան ապացույցները, որոնք վկայում են, որ մեղադրանքում ներառված խնդրո առարկա առանձնատունը գրանցվել է 2019 թվականի մարտի 6-ին:
«Ներկայացրեցի բանկի թուղթը, որում նշված է, որ գումարը փոխանցվել է մարտի 6-ին: Ներկայացրի նաև այդ գործարքն իրականացրած բրոկերի տրամադրած փաստաթուղթը: Բոլոր ապացույցները ներկայացրել եմ հյուպատոսական վավերացմամբ»,- ասաց Հրանտ Անանյանը:
Անդրադառնալով մեղադրող կողմի հակափաստարկներին՝ փաստաբանը հայտնեց, որ մեղադրող կողմը շարադրում էր պատճառաբանություններ, որոնցից տպավորություն էր ստեղծվում, թե փորձում են կառչել ցանկացած փրփուրից:
«Անիմաստ պնդում էին, ասում, որ՝ «հա, հյուպատոսական վավերացմամբ են այդ փաստաթղթերը, բայց հյուպատոսը վավերացրել է այդ փաստաթղթի իրական լինելը, բայց հո բովանդակությունը չի՞ ստուգել»»,- փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին քննիչը և դատախազը չէին ներկայացել, չնայած ծանուցվել էին, և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը նիստը հետաձգել էր՝ քննիչի ու դատախազի ծանուցումն ապահովելու նպատակով:
Նշենք նաև, որ ԱԺ նախկին պատգամավորի փաստաբանն ավելի վաղ բողոք-միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը, խափանման միջոց կալանավորումը, Արթուր Գևորգյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը վերացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու պահանջով:
Ըստ փաստաբանի, ի պատասխան ներկայացրած միջնորդությունների՝ Դատախազությունից և ՀՔԾ-ից հայտնել են, թե դեռևս վստահ չեն, որ փաստաբանի ներկայացրած՝ հյուպատոսական վավերացմամբ փաստաթղթերի աղբյուրն իրական է:
«Բայց նրանք իրավունք չունեն նման ձևով արձագանքել, որովհետև հյուպատոսական վավերացումը նույն միջազգային վավերացումն է, հետևաբար՝ իրենց ենթադրությունները լիովին անտեղի են: Հավանաբար ուզում են ճնշումը գցեն դատարանի վրա, տեսնեն՝ դատարանն ինչ կանի»,- 168.am-ին ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:
Ըստ նրա՝ դատախազությունն անիմաստ կեցվածք է ընդունել, ու նրանց դիտարկմանը, թե պատճենները ներկայացնելը հնարավորություն չի տալիս հասկանալու՝ արդյո՞ք իրական են այդ փաստաթղթերը, անընդունելի է, քանի որ ավելի վաղ բողոք-միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը հայտնել էր, որ բնօրինակները ճանապարհին են: Հ.Անանյանի խոսքով՝ դատախազությունը փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար կարող էր հարցում ուղարկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսին, որի կնիքն է փաստաթղթերի վրա, հավաստիանալ՝ արդյո՞ք նման փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով վավերացրել են, թե՞ ոչ, կամ, այլ կերպ ասած, վարվեն այնպես, ինչպես վարվել են FBI-ից փաստաթղթեր ստանալու դեպքում:
«Իսկ մեր ներկայացրած փաստաթղթերը FBI-ի փաստաթղթերին չեն հակասում, ուղղակի լրացնում է: Մեր տված տեղեկությունն ավելի մանրամասն է, որովհետև FBI-ից թուղթ էր եկել, որ գույքը վաճառվել է նախորդ սեփականատիրոջ կողմից հունվարի 10-ին, գործարքի արժեքն է 1,5 մլն դոլար: Այնտեղ գրված չէ, թե նոր սեփականատերը երբ է վճարել դրա համար, երբ է գրանցվել սեփականության իրավունքը, երբ է առքուվաճառքի պայմանագիրը վերջնականացվել: Մենք ներկայացրել ենք այդ մանրամասները»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:
Արթուր Գևորգյանի փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում նշված ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող գույքը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, երբ դեռևս հայտարարատու պաշտոնյա էր, այլ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր պաշտոնը թողնելուց ավելի քան մեկ ամիս անց, ու չէր հանդիսանում ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար՝ էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ: Ու գույքը ձեռք է բերել ոչ թե անհայտ միջոցներով, այլ հայտարարագրված խնայողություններով:
Նշենք նաև, որ ապրիլի 10-ին ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու և իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին իմացել է մամուլից, ու հայտնել էր նաև, որ ինքը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից ծանուցում չի ստացել: