ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի փաստաբանը միջնորդել է կարճել հարուցված քրեական գործը
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը, բացի նրանից, որ իր պաշտպանյալի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում, նաև մի քանի բողոք-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն:
168.am-ի հետ զրույցում Հրանտ Անանյանը ներկայացրեց միջնորդությունները`
1. վերացնել Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը` առանց բավարար և պատշաճ հիմքերի կայացված լինելու հիմքով,
2. վերացնել խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշումը՝ թե՛ կասկածի անհիմն լինելու, թե՛ կալանավորման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ,
3. վերացնել Արթուր Գևորգյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը,
4. դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով,
5. կարճել քրեական գործով վարույթը:
Փաստաբանը նաև պարզաբանեց.
«Պաշտպանական կողմը հանգում է հետևության, որ Արթուր Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզելու, խափանման միջոց ընտրելու գործընթացը պատշաճ փաստարկված չէ, սահմանափակ փաստական տվյալները յուրովի շարադրելու, գնահատելու, ինչպես նաև նյութական իրավունքի նորմերի մասնակիորեն, կամայական մեկնաբանության և գնահատման արդյունքում նախաքննական մարմինը սխալ իրավական գնահատական է տվել ապացուցման առարկա կազմող փաստերին, ինչպես նաև առանց ընթացակարգի պատշաճ ապահովման, միայն դրա արտաքին կողմի ապահովմամբ, դատավարական նորմերի իմաստի և բովանդակության շրջանցմամբ։ Նախաքննական մարմինն Արթուր Գևորգյանին «բավարար ապացույցների համակցությամբ» մեղադրյալ ներգրավելու մասին որոշման օրը որոշում է կայացրել նրան հետախուզելու մասին, խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդությամբ դիմել է դատարան, որտեղ այն քննարկվել է մակերեսային, «իներցիայի» մեթոդով և կայացվել է անհիմն որոշում՝ միջնորդությունը բավարարելու մասին»,- ասաց Հրանտ Անանյանը:
Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր դատախազություն և ՀՔԾ ներկայացրած բողոք-միջնորդություններում պաշտպանական կողմը ներկայացրել է իր պնդումները հիմնավորող պատճառաբանություններ:
Պաշտպանական կողմը, չհերքելով, որ առաջադրված մեղադրանքում նշված ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Արթուր Գևորգյանին, բողոք-միջնորդության մեջ անդրադարձել է Գևորգյանի կողմից դրա ձեռքբերման և դրա համար վճարման ամսաթվին: Փաստաբանի խոսքով, բողոք-միջնորդության մեջ ներկայացրած փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Արթուր Գևորգյանն այդ գույքը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, երբ դեռևս հայտարարատու պաշտոնյա էր, այլ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր պաշտոնը թողնելուց ավելի քան մեկ ամիս անց, ու չէր հանդիսանում ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ:
Գլխավոր դատախազություն և ՀՔԾ ուղարկված բողոք-միջնորդություններում նաև անդրադարձ է կատարվել «hetq.am»-ի այն հոդվածին, որի հիման վրա հարուցվել է քրեական գործը: Հրանտ Անանյանի խոսքով՝ հոդվածում ևս նշված է, որ գույքը ձեռք է բերվել 2019 թվականի մարտի 6-ին:
«Ստացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցել է «hetq.am»-ի հրապարակման հիման վրա, սակայն հիմք է ընդունել հոդվածում հրապարակված ոչ վերաբերելի, իրականությանը չհամապատասխանող տվյալները»,- նշեց Հ. Անանյանը:
Հարուցված քրեական գործի մյուս մասում ներկայացված հանգամանքների վերաբերյալ ևս, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Արթուր Գևորգյանը թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող խոշոր չափերի 3 անշարժ գույքի, ինչպես նաև մի ընկերությունում 100% բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացրել են հակափաստարկներ:
Պաշտպանական կողմն անդրադարձել է նաև մեղադրանքում առկա «գտնվելու վայրն անհայտ է» գնահատականին, 2020 թվականի մարտի 11-ին Արթուր Գևորգյանի երևանյան հասցեով ուղարկված ծանուցագրին, որի «ճակատագիրը», Անանյանի խոսքով, անհայտ է, նախաքննական մարմնի կողմից Գևորգյանի հետ հեռախոսով կապ չհաստատելու, ինչպես նաև Արթուր Գևորգյանի ամերիկյան հասցեով ծանուցագիր չուղարկելու հանգամանքներին:
«Եթե հետևենք մեզ համար ոչ ընդունելի տրամաբանությանը, որ քննիչը պետք է ուղարկեր ծանուցագիր միայն Գևորգյանի Հայաստանի հաշվառման հասցեով, ԱՄՆ-ի հասցեն իրեն չի վերաբերում, ապա նույն տրամաբանությամբ պետք է նշել՝ ուրեմն Հայտարարագրման ենթակա է միայն Հայաստանում առկա գույքը»,- նշեց փաստաբանը:
Նշենք նաև, որ պաշտպանի՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու և իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին իմացել է մամուլից ու հայտնել էր նաև, որ ինքը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից ծանուցում չի ստացել: