Արտակարգ դրության հաստատումը դեռ չի փաստում, որ վարկերի մարումը դառնում է անհնարին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է օրենքով ամրագրել՝ վարկառուներին տրամադրել վարկային առնվազն եռամսյա արձակուրդ:
Կառավարությունը պատգամավորի այս նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է առաջարկություն, որով անհիմն է համարել վարկային եռամսյա արձակուրդի սահմանումը, քանի որ դա տնտեսության վրա կունենա բացասական ազդեցություն:
Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդգրկված էր Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:
Ըստ Կառավարության ներկայացրած առաջարկության՝ արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացող հանգամանքները կարող են տարբեր լինել, ուստի տվյալ պարագայում դրա ընթացքում իրավունքների, ազատությունների ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ կիրառվող անհրաժեշտ միջոցառումները ևս պետք է լինեն իրավիճակային, այլ կերպ ասած՝ պայմանավորված լինեն և բխեն արտակարգ դրության հայտարարման համար հիմք հանդիսացած հանգամանքներից:
Ըստ Կառավարության՝ տվյալ պարագայում օրենքով նման դրույթի նախատեսումը, ըստ էության, պայմանավորված է միայն ներկայում ստեղծված իրավիճակով, այլ կերպ ասած՝ նեղ իրավիճակային լուծում է։ Հենց այդ հիմքով Կառավարությունը հիմնավորված չի համարում ցանկացած դեպքում «առնվազն եռամսյա վարկային արձակուրդ» տրամադրելու անհրաժեշտությունը։
Ավելին, ըստ Կառավարության եզրակացության՝ այն հանգամանքը, որ հայտարարված է արտակարգ դրություն, որի արդյունքում կիրառված են որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակումներ, բավարար չէ փաստելու, որ անձի կողմից վարկի մարումը դառնում է անհնարին, և օրենքի ուժով անհրաժեշտ է հետաձգել վարկի մարումը, բացի այդ, իրավականորեն սահմանված չէ «վարկային արձակուրդ» հասկացությունը, հստակեցված չէ, թե ինչ մեխանիզմներով և ում կողմից է գնահատվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեության սահմանափակումների և խստացումների հետևանքով մարդկանց՝ միջոցների ընթացիկ շրջանառություն իրականացնելու և եկամուտներ ստանալու հնարավորությունից զրկվելու փաստը:
Կառավարության առաջարկության մեջ նշված է, որ պատգամավորի ներկայացրած նախագիծը հիմնավորված չէ նաև տնտեսագիտական առումով, մասնավորապես՝ ներկայացված չեն պատշաճ տնտեսագիտական հաշվարկներ:
Հատկանշական է, որ վարկային պայմանագրերի վերանայումների հետևանքով, ըստ Կառավարության ներկայացրած առաջարկության, մուտքերը բանկային համակարգ ժամանակավորապես հետաձգվում են, մինչդեռ զուգահեռաբար ռեսուրսներ են անհրաժեշտ նաև ավանդատուներին սպասարկելու համար:
Այս դեպքում ֆինանսական կազմակերպությունները, գործունեության բնույթից ելնելով, իրենց վրա են կրում տնտեսության բոլոր հատվածներում ներկայում ի հայտ եկած դժվարությունների համախմբված բացասական հետևանքը:
Ուստի տնտեսական նման իրավիճակի պայմաններում օրենքի ուժով որևէ միջամտության գործադրումը հանգեցնելու է ֆինանսական կառույցների ռիսկերի աճի և լրացուցիչ կորուստների: Արդյունքում՝ նրանք հակված են լինելու վերանայել վարկերի պայմանները, պահպանել ավելցուկային իրացվելիություն, ձեռնարկել ռիսկերի նվազեցմանն ուղղված լրացուցիչ այլ միջոցառումներ, ինչն էլ, վերջին հաշվով, բացասաբար կանդրադառնա տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական միջնորդության իրականացման անընդհատության վրա:
Այս ամենը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկել է որևէ փոփոխություն չիրականացնել պատգամավորի մատնանշած օրենքերում ու վարկառուներին օրենքով վարկային եռամսյա արձակուրդի հնարավորություն չընձեռել: