«Կոտայքում քաղաքապետի դեմ գործ է հարուցվում, մինչդեռ Երևանում ապօրինություններն անտեսվում են, որովհետև քաղաքապետը կարող է լինել յուրային». Անի Սամսոնյանը՝ Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել, որպեսզի համայնքները դառնան քաղաքականապես անկախ:

«Մարզպետների ինստիտուտը տարիներ շարունակ ծառայել է՝ որպես զսպօղակ համայնքների համար: Ըստ էության, մարզպետները ծառայել են՝ որպես քաղաքական միջնորդներ, որոնք ճնշումներ են գործադրել համայնքների վրա, ընտրություններին ապահովել են ձայներ, և այլն: Դուք դա գիտեք, նաև Ձեր մաշկի վրա եք զգացել՝ որպես ընդդիմություն: Դուք այսօր՝ որպես Տարածքային կառավարման նախարար, կարո՞ղ եք վստահ ասել, որ նույն քաղաքականությունը, որը վարում էր նախկին ուժը, այսօր չի շարունակվում»,- դիմելով նախարարին՝ հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ ուղղությամբ պետք չէ հատուկ քայլեր կատարել, պետք է քայլեր կատարվեն այն ժամանակ, երբ նման երևույթներ ի հայտ կգան:

«Մնացածն ամրագրված է ՀՀ օրենքով և իմ ունեցած գործառույթների շրջանակներում դրան հետևել, նաև օգնել, որպեսզի ՀՀ բոլոր համայնքներում ամրագրվի ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- նշեց նախարարը:

Անի Սամսոնյանն արձագանքեց՝ ասելով.

«Մեկ տարվա ընթացքում մենք տեսանք, օրինակներ ունենք, թե ինչպես է համայնքների ղեկավարների վրա ճնշումներ գործադրվել մարզպետների կողմից, օրինակ՝ Արարատի մարզպետի կողմից Նորաշեն համայնքում, Արմավիրի մարզում, ունենք նաև Կոտայքի մարզում, երբ քաղաքապետի դեմ քրեական գործեր են հարուցվում, այն դեպքում, երբ Երևանում այդ ապօրինությունները կարող են անտեսվել, կամ դրանց նկատմամբ անտարբեր լինեն, որովհետև քաղաքապետը կարող է լինել յուրային: Մենք տեսնում ենք այդ խտրական մոտեցումը և գիտենք, որ այն կա: Դրա համար ես Ձեզանից հարցնում եմ՝ կարո՞ղ եք վստահ ասել, որ այսօր համայնքների ղեկավարների վրա ճնշումներ չի գործադրվում»,- շեշտեց Անի Սամսոնյանը:

Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: «Եթե կան դեպքեր, որտեղ սուբյեկտիվություն նշմարում եք, ապա յուրաքանչյուրի մասին անհատապես կարող ենք խոսել»,- եզրափակեց նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս