«Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից, և պատասխանն ուղղված էր ադրբեջանական աղբյուրին. Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության մասին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ հիմա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարություն արեց, արդյո՞ք այն չի պարունակում մեսիջներ, և կա՞ արդյոք կապ այդ հայտարարության և ռուսական ընկերությունների շուրջ ծավալված քրեական գործերի հետ:
Պատգամավորը նշեց, որ Լավրովը քաղաքական հայտարարություն է արել, որի ենթատեքստն է հետաքրքրում իրեն:
Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանեց ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն ու վերաբերում են բազմաթիվ բնագավառների, այդ հարաբերություններն իրենց կառավարությունը համարում է կարևորագույն ուղղություններից մեկը ՀՀ արտաքին քաղաքականության:
«Մենք արդեն անդրադարձել ենք այդ հարցերին, և հարց է առաջանում, եթե մենք չունենք հարցեր, ուրեմն, ավելի խորքային հարց կա, բնականաբար, մենք ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես որ ունենք հարցեր մեր բազմաթիվ գործընկերների հետ, բայց դրանից դարձնել ամեն անգամ դրամա և ասել…: Այո՛, մենք ունենք բազմաթիվ հարթակներ, որտեղ աշխատում ենք օրակարգի հարցերի շուրջ: Հարաբերությունները չպետք է սկսվեն ու ավարտվեն կենացներով, յուրաքանչյուրն ունի իր գերակայությունները, իր հարցերը, սրանք համագործակցային ու դաշնակցային հարաբերություններ են, և այդպես էլ մենք աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր, դաշնակից գործընկեր, բարեկամ պետություններ»,- ասաց նախարարը:
Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Արկադի Խաչատրյանը նշեց, որ, թեև բարձր է գնահատում նախարարի դիվանագիտական պատասխանը, սակայն իրեն շարունակում է հուզել հարցը՝ ո՞ւմ էր ուղղված Լավրովի հայտարարությունը:
Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Ո՞ւմ էր ուղղված հարցը, ինչքան հիշում եմ, գալիս էր ադրբեջանական աղբյուրից, և պատասխանն ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»:
Մանրամասները՝ տեսանյութում