«Հնարավոր է՝ բողոքներն օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին». ՊԵԿ նախագահի տեղակալ
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի շահառուները հաճախ խնդիրներ էին ունենում շահառուների ցուցակներում տեղ գտած անճշտությունների հարցով: Այդ անճշտությունների համար պատասխանատուն, շատերի դիտարկմամբ, Պետական եկամուտների կոմիտեն է:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը համաձայն չէ այդ քննադատությունների հետ, թե անճշտությունների հիմնական պատասխանատուն ՊԵԿ-ն է:
«Հնարավոր է՝ բողոքներն օբյեկտիվ են, բայց օբյեկտիվ չեն ՊԵԿ-ի հասցեին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միքայել Փաշայանը:
ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ իր ասածն ունի մի քանի հիմնավորում:
Օրինակը բերելով կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 4-րդ ծրագիրը, որի շահառուների ցուցակը կազմվել է ՊԵԿ-ում՝ Մ. Փաշայանն ասաց, որ չնայած «ընտանիք», «երեխա» ու նման հասկացություններն իրենց գործառույթների տիրույթում չեն, բայց քանի որ ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը զարգացած է, իրենք են կառավարությանն առաջարկել վերլուծությունների և շտեմարանների կառուցման գործում իրենց աջակցությունը: Նախարարի տեղակալի խոսքով՝ մի քանի աղբյուրից հավաքել ենք տեղեկությունը, ուղարկել ենք ՔԿԱԳ, որ նրանք կարողանան վճարումների համար վերջնական ցուցակները տալ:
«Հիմա եկեք հասկանանք: ՊԵԿ գործառույթներում չի մտնում ընդհանրապես «ընտանիք», «երեխա», «անապահով ընտանիք» և այսպիսի հասկացությունները: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք համապատասխան վերլուծական գործիքներ, իսկ դրանք շատ կարևոր են, որովհետև տարբեր տեղեկատվական շտեմարաններից ստացված տեղեկատվության վերլուծությունը և իդենտիֆիկացումը, այսպես ասած, ընտանիքի, հանրային ծառայությունների համարանիշի քարտեզագրումն իր ծնողների հանրային ծառայությունների համարանիշի հետ և այլն, նոր գործիքները կարող են ավելի արագ անել»,- ասաց Միքայել Փաշայանը:
Հարցի երկրորդ կողմը, ըստ Փաշայանի, ընկերությունների գործունեության ոլորտի իդենտիֆիկացման խնդիրներն են: Այսինքն, ընկերությունն Էկոնոմիկայի նախարարությունում գրանցվելիս, հնարավոր է, սխալ է նշել իր գործունեության ոլորտը, արդյունքում՝ խնդիրներ են ծագել: Օրինակ, տնտեսական գործունեության դասակարգիչն ընտրելիս սխալ է նշել, թե կազմակերպությունը քանի տոկոսով է հանրային սննդի օբյեկտ և քանի տոկոսով, օրինակ, մանրածախ առևտրի կետ:
«Եթե ճիշտ չեն իդենտիֆիկացրել, ՊԵԿ-ը տեղեկատվական շտեմարանից նայում, տեսնում է, որ այս կազմակերպությունը հանրային սննդի ոլորտ չի կամ տուժած ոլորտին չի համապատասխանում, որովհետև իր տնտեսական գործունեության դասակարգիչն այլ է»,- պարզաբանեց նախագահի տեղակալը՝ հավելելով, որ սա կարող է առիթ լինել, որ հետագայում տնտեսվարողը փորձի հնարավորինս ուշադիր տեղեկություն տալ, որպեսզի պետությունը հետագայում ճիշտ թիրախավորում կարողանա իրականացնել:
Բողոքները, ըստ Փաշայանի, պայմանավորված են նաև աշխատող քաղաքացիների գրանցված լինել-չլինելու, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանագրում աշխատավարձի չափը ոչ ամբողջական կամ թերի նշելու հանգամանքով: