Անփութությա՞ն, թե՞ այլ գործոնի հետևանք. մինչև մայիսի 7-ը պետք է հավաքագրվեն ուժային կառույցների աշխատակիցների տվյալները, որոնք աջակցություն են ստացել 9-րդ միջոցառման

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած սոցիալական աջակցության բոլոր ծրագրերին՝ նշեց, որ այդ ծրագրերի հասցեականությունն իր ընդգրկման աստիճանով ի սկզբանե ցածր է գնահատվել:

«Վարչապետը նույնպես խոսել է կարիքավորներին տեղորոշելու խնդրից: Այսպես, օրինակ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագիրը, որի շահառուներն են 0-18  տարեկան երեխաներ ունեցողները, որտեղ ծնողներից ոչ մեկը գրանցված աշխատող չպետք է լինի, այս ծրագրի շրջանակներում միանվագ աջակցություն են ստացել պայմանագրային զինծառայողները, մինչդեռ պարզ է, որ նրանք գրանցված աշխատողներ են  և, ըստ տրամաբանության, չէին կարող լինել այս ծրագրի շահառու: Սա այն շեղումներից է, որի համար կարելի է միայն ուրախ լինել, քանի որ մեր սպաների ընտանիքները միայն այս օժանադակությանը չէ, որ արժանի են: Խնդիրն այն է, որ ուժային կառույցների աշխատողները, որոնք ստացել էին այս գումարը, պետք է հետ վերադարձնեն: Իմ ձեռքի տակ է հայտնվել Գլխավոր շտաբի պետի գրության պատճենը, որ մինչև մայիսի 7-ը հարկավոր է հավաքագրել բոլոր այն զինծառայողների տվյալները, որոնք օգտվել են այս օժանդակությունից»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ այստեղ գործ ունեն տհաճ իրավիճակի հետ, ուստի ակնկալում է, որ առաջիկայում հրապարակային պարզաբանում կտրվի պատկան մարմինների կողմից, ինչը թույլ կտա հասկանալ՝ սա անփութությա՞ն, թե՞ այլ գործոնի հետևանք է:

Տեսանյութեր

Լրահոս