
Ռուսաստանի հետ ունենք խնդիրներ, որոնք քննարկում ենք. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի աշխատել Ռուսաստանի հետ՝ անկախ դաշնակցային հարաբերություններում առկա ինչ-ինչ խնդիրներից:
«Այս հարցը ավելի շատ թափ տալու կարիք չկա: Մենք, Ռուսաստանի հետ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենք բավական ընդարձակ աշխատանք, ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու համար մեր դիրքորոշումների մասին: Հիմա մեզ համար մի շրջան է, որ պետք է սպասենք՝ ապահովելով կայունությունն ու զինադադարի այս փուլը»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին արած հայտարարությանը:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների մասին Լավովի մատնանշած քրեական գործերին, ապա Զոհրաբ Մնացականյանը նկատեց.
«Ունենք հարցեր, խնդիրներ, որոնք, որպես դաշնակից երկրներ՝ միմյանց հետ քննարկում ենք: Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն ինչ-որ խնդիր ավելի խորքային կա: Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ: Գազի հարցը չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու ենք այն քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: