Ճապոնիան արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև մայիսի 31-ը
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ճապոնիայի տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան, որը ղեկավարում է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:
«Փորձագիտական խորհրդում քննարկել ենք արտակարգ դրության ռեժիմի ժամկետների հարցը: Փորձագետները համաձայնել են, որ ժամանակահատվածը պետք է երկարաձգել մինչև մայիսի 31-ը: Ինչ վերաբերում է, թե որ տարածքներում, ապա, ասեմ, որ որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին»,-ասել է նա:
Վերջին օրերին, թեպետ, Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թվի կրճատում է նկատվում՝ 400-ից իջել է 200-ի, սակայն կառավարության առջև դրված խնդիրը՝ շփումները 70-80 տոկոսով կրճատելը, չի լուծվել: Եթե խոշոր քաղաքներում այդ ցուցանիշին մոտ են, ապա շրջաններում այն 30-50 տոկոս է: Վարչական տարածքների ղեկավարներն առաջարկել են ապրիլին նախատեսված ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբեր: