Առաջին դասարանում սեռական բռնության մասին դասավանդելը նույնն է, որ մտնես առաջին դասարան ու սկսես խոսել մարդասպանների մասին. բժիշկ-սեքսոլոգ
Այս շաբաթ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան» վավերացնելու մասին հարցը, ինչը նշանակում է, որ այն կքննարկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում։
Լանզարոտեի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2010 թվականից: Կոնվենցիան ստորագրել են ԵԽ անդամ՝ 47, վավերացրել՝ 45 երկիր: Այն դեռևս չի վավերացվել Հայաստանում և Իռլանդիայում: Իռլանդիան կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսել է նախորդ տարվա վերջից:
Հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել էր, որ կոնվենցիան միտված է երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը, և այդ փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից նրանց պաշտպանելու համար:
Այս կոնվենցիայում առկա կետերից մեկը որոշ իրավաբանների, բժիշկների, քաղաքացիների համար բավականին խնդրահարույց է և վտանգավոր: Խոսքը կոնվենցիայի 6-րդ կետի մասին է, որով «յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով՝ պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:
Սոցիալական ցանցերում հիմնականում քննարկվում էր այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր տարրական դասարանի 6-7 տարեկան երեխային սեռական դաստիարակություն դասավանդել, կամ ովքե՞ր, ի՞նչ մասնագետներ պետք է դասավանդեն:
168.am-ի հետ զրույցում բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը, խոսելով Կոնվենցիայի 6-րդ կետի վտանգների մասին, ասաց, որ ժամանակից շուտ երեխայի գիտակցությունը սեռական թեմաների վերաբերյալ արթնացնելը կարող է բերել այդ երեխայի մանկության ընդհատմանը, մանկությունից երեխային շուտ դուրս բերելուն, որ նա «երեխա իրավիճակից սեռական պատուհանով դուրս գա մեծերի աշխարհ»: Ու տարրական դասարաններից նման ծրագրերով երեխաներին կրթելը, անգամ, եթե որոշակիորեն կնվազեցնի երեխաների՝ սեռական բռնությունների ենթարկվելու վտանգը, շատ ավելի վտանգավոր ու բարդ հետևանքներ կարող է ունենալ:
«Սեռերի տարբերության գիտակցումը մինչև 9 տարեկանն առհասարակ չի թույլատրվում: 6 տարեկան երեխաների մոտ այդ գիտակցումն արթնացնելը կնշանակի՝ մի քանի տարով կրճատել նրա մանկությունը: Երեխան ժամանակից շուտ կմեծանա, ինչը ցանկալի չէ, որովհետև մանկությունը երեխայի այն տարիքն է, որտեղ ձևավորվում են անձի կառուցվածքի շատ հիմքային, առանձնահատուկ հատկանիշներ:
Մանկությունը խլելով՝ մենք ունենում ենք շատ խոցելի, կիսատ մարդիկ, ովքեր որ շատ կարևոր հատկանիշներ չեն ունենա՝ հավատ, երևակայություն, բովանդակային արժեքներ: Իրենք շատ ավելի նյութականացված ու ռացիոնալիզացված մեծերի տեսք կստանան, որոնք, ըստ իս, կլինեն խեղված հոգեկանով»,- ասաց բժիշկ-սեքսոլոգը:
Նարինե Ներսիսյանի փոխանցմամբ՝ երբ որ սեռական կյանքի մասին ուղղակիորեն են խոսում երեխայի հետ, դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ըստ նրա՝ երեխան այդ տարիքում չունի իր սեռային, սեքսուալ գիտակցումը: Իսկ դասընթացների միջոցով, ժամանակից շուտ այդ մասին երեխային հաղորդելը չի բերում լավ հետևանքների:
«Ընդ որում, հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ծրագրերը, որոնք իրականացվում են, արդյունավետ չեն: Այսինքն թե՛ սեռական շահագործումները, թե՛ դեռահասների հղիության դեպքերը, թե՛ սեռավարակները, թե՛սեռական խանգարումները չեն վերանում: Նույնիսկ՝ հակառակը: Հետազոտություններ կան, որ ցույց են տալիս, որ իրավիճակն ավելի է վատանում այդ դասընթացների արդյունքում»,- նշեց Նարինե Ներսիսյանը:
Բժիշկ-սեքսոլոգի դիտարկմամբ՝ սեռական դաստիարակությունը կամ դրան առնչվող հարցերը երեխաների համար պետք է պարզաբանեն ծնողները, և այն՝ որպես դասընթաց, տարրական դասարանների երեխաներին ուսուցանելը, ըստ մասնագետի, սխալ է:
«Անշուշտ, 6 տարեկան երեխան, եթե հարց ունենա սեռական թեմայի շուրջ, այդ հարցը պետք է հնչեցնի ու պատասխանը ստանա: Ուղղակի այդ հարցին պետք է պատասխանի իր ծնողը: Սեռական դաստիարակությունը մի երկար պրոցես է՝ մոտ 20 տարի տևող, և այդ ընթացքում ցանկացած վայրկյան, հենց իր մոտ հարց առաջացավ, պիտի պատասխան գտնի, ու ցանկալի է, որ այդ հարցերին պատասխանի ծնողը: Ծնողը պետք է ունենա համապատասխան գիտելիք, որ կարողանա այդ հարցերին բավարար և առողջ պատասխաններ տալ: Դրա համար ես կարծում եմ, որ սեռական դաստիարակությունը պետք է ծնողներին ապահովենք: Օրինակ, հղիներն ամեն ամսվա կոնսուլտացիաների ժամանակ 10-15 րոպեով կարող են բժիշկ-սեքսոլոգից ստանալ այդ գիտելիքը, որպեսզի իմանան, թե ինչպես ճիշտ սեռական կրթություն տան իրենց ապագա երեխային:
Բայց չենք կարող նաև դրա վրա հույսը դնել, որովհետև շատ ծնողներ կան, որոնք բացակա ծնողներ են, հիվանդ ծնողներ են: Եթե խոսքը նման ընտանիքների մասին է, ու սեռական դաստիարակությունը պիտի դպրոցում դասավանդվի, ապա ընդունելի եմ համարում միայն ավագ դպրոցում կենսաբանություն-մարդ առարկայի շրջանակներում վերարտադրողական առողջության դասավանդումը ոչ թե մեկ ժամ, ինչպես հիմա է, այլ 10 դասաժամ»,- ասաց Նարինե Ներսիսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ սեռական շահագործում լինում է այն դեպքում, երբ երեխան դուրս է ծնողի ուշադրությունից, և «անտեր երեխայի» ֆենոմենի դեպքում է երեխան հիմնականում դառնում շահագործողների զոհ:
«Երեխան ինչ տեսնում, այն էլ սովորում է: Եթե մենք ուզում ենք առողջ երեխա ունենալ, ուրեմն պետք է առողջ ընտանիք լինի, առողջ զույգ, առողջ հարաբերություններ: Եթե երեխան տանը տեսնում է, որ տանը մեկը մյուսին ծեծում է, ինչքան ուզում ես՝ դպրոցում խոսիր: Երեխան ինչ տեսնում, այն էլ վերցնում է: Եթե տանն իր մայրը տոքսիկ մայր է, հիվանդագին ծնող է, երեխան խեղվում է: Երեխայի ծնողին է պետք բուժել: Երեխային դաստիարակել պետք չի, երեխաները շատ առողջ են: Երեխաները փչանում են ծնողների հիվանդությունների պատճառով, ծնողների նևրոզներն են փոխանցվում երեխաներին»,- նշեց մասնագետը:
Բժիշկ-սեքսոլոգին անհագստացնող մյուս հարցը վերաբերում է դպրոցում սեռական կրթության դասավանդումն իրականացնողներին:
«Եթե այդ կրթությունը պատրաստվում են իրականացնել ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են այլ շահագրգիռ կենտրոններից, պատկերացնո՞ւմ եք՝ 6 տարեկանից երեխային սովորեցնելու են, որ «Ձեր սեռը սանդղակ է, որ դու տղա ես, բայց մի քիչ էլ աղջիկ ես»: Նման բաներ կարող է սովորեցնեն: Դա նշանակում է՝ խեղել երեխային: Դա արդեն երեխայի հանդեպ սեռական շահագործում է: Դա կարող է լայն իմաստով լինել մանկապղծություն: Անպայման չէ ձեռքով կպնել երեխայի սեռական օրգանին, խոսքով էլ կարող ես պղծել երեխային: Դա նույնն է, որ մտնես առաջին դասարան ու սկսես խոսել մարդասպանների մասին, հանցագործների մասին»,- զրույցն ավարտելով՝ ասաց Նարինե Ներսիսյանը: