Բաժիններ՝

Պետական բյուջեն՝ ինչպես բաց քսակ։ Օգտվի՛ր, ինչպես կարող ես

Եթե մեր տնտեսությունը, ինչպես որ վարչապետ Փաշինյանն էր ասում, թռիչքաձև աճեր էր արձանագրում մինչև արտակարգ դրության հայտարարումը, այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ ու կես ամսվա ընթացքում 2 տարվա «կատարյալ» ու արդյունավետ կառավարումը սկսեց ոչ թե ճաքեր տալ, այլ բառի բուն իմաստով քանդվել՝ պետության ոչ մի ոլորտ քարը քարի վրա չթողնելով։ Իսկ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը, փոխարենը Կառավարությունն իր վրա վերցնի, մեղավոր է հանում հասարակ և, ըստ էության, այս օրերին ջարդած տաշտակի առաջ մնացած քաղաքացուն, ով ամեն օր սպասում է իր խնդիրների լուծմանը։

Եվ մինչ հազարավոր քաղաքացիներ մտածում են, թե որտեղից հոսանքի ու գազի կոմունալ վճարն անելու գումար հայթայթեն, երկրի տնտեսությունը փրկելու, առաջին հայացքից՝ բարի նպատակը լեզվին փաթաթան դարձրած, Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում, որպեսզի իրեն բյուջեն տնօրինելու էլ ավելի մեծ արտոնություններ տրվի։

Գիտեք՝ օրենքով սահմանված է հետևյալը, որ, եթե Կառավարությունը ցանկություն ունի կամ անհրաժեշտ է համարում պետական բյուջեի ծախսային ծրագրերի միջև հատկացումների վերաբաշխումներ իրականացնել, նա դա կարող է անել առանց որևէ այլ մարմնի հաստատման, եթե ծախսը չի գերազանցում պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմանաչափը։ Իսկ նշված 3 տոկոսը գերազանցելու դեպքում Կառավարությունը ստիպված, օրենքի համաձայն՝ պետք է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի Ազգային ժողով՝ վերջինիս համաձայնությունը ստանալու նպատակով։

Բայց պարզվում է, որ Կառավարությանն այդ մինչև 3 տոկոսի սահմանաչափն էլ բավարար չէր, նրանք ավելի մեծ արտոնություններ են ուզում ճգնաժամում հայտնված տնտեսությունը «փրկելու» համար, փրկելու այն վիրուսի հետևանքներից, որին Կառավարության ղեկավարը սկզբում շան տեղ էլ չէր դնում, իսկ դրած ժամանակ էլ՝ պինցետով դեմն առնում։

Ընդամենը 2 օր և ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից կանաչ կոճակը սեղմելու նուրբ ընդունակությունների շնորհիվ՝ Կառավարությունը հնարավորություն ստացավ իր իսկ հայեցողությամբ և, որ ամենակարևորն է, պառլամենտական երկրի համար, առանց Ազգային ժողովի հաստատման՝ կատարել ծախսային վերաբաշխումներ՝ գերազանցելով 3 տոկոսի սահմանաչափը։ Դա էլ հերիք չէր, Կառավարությունը նաև հնարավորություն ստացավ իր որոշումների հիման վրա Կառավարության պահուստային ֆոնդից, որը չնախատեսված ծախսերի համար է, և, որը, ըստ էության, արտացոլված է պետական բյուջեում ընդամենը մեկ տողով, հատկացումներ կատարելիս գերազանցել օրենքով սահմանված 5 տոկոսի շեմը:

Հիմա ի՞նչ՝ պետական թալանի անունը դարձե՞լ է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ու հակաճգնաժամային պայքարի ծրագիր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ԱԺ ամբիոնից ասում է․ «2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մենք դրամական հոսքերի պահուստ ունեինք, որի մեջ կառավարության մասնաբաժինը 71.8 միլիարդ դրամ էր կազմում: 2020-ին մենք բոլորս ընդունեցինք պետական բյուջեն, ըստ որի՝ դեֆիցիտը կֆինանսավորենք ներքին ռեսուրսների հաշվին: Այժմ այդ 71.8 միլիարդ դրամից 47 միլիարդ դրամը պետք է հատկացվի որոշ ծախսերի համար: Մնում է 25 միլիարդ դրամ: Եվ մենք օրենսդրական նախաձեռնություն ենք ընդունել, որի միջոցով վերաբաշխել ենք արտաբյուջետային միջոցները: Դեկտեմբերի 31-ի դրությամբ 13.4 միլիարդ դրամն արտաբյուջետային միջոցներից էր, և եթե դրանք հանենք, կմնա ընդամենը 12 միլիարդ դրամ»։

Իսկ ինչո՞ւ այդքան մանրակրկիտ չեն հաշվում երկու տարվա ընթացքում վճարված պարգևավճարների գումարները։ Առավել, քան 25 միլիարդ դրամ պարգևավճար այն պատասխանատուներին, ովքեր իրականում պետք է բացատրություն տային, թե ինչու երկիրը չդիմացավ 1,5 ամսվա արտակարգ դրությանը ու դեռ նոր ցնցումների մեջ է ընկնելու։

Ո՞ւր են այն երաշխինքները, որ Կառավարությունն այս նոր արտոնությունը կրկին չի օգտագործի սեփական աշխատանքը ճոխ խրախուսելու համար, բայց անունը դնի, օրինակ, Գյուղատնտեսության խթանման ծրագիր։

Ո՞ւր են այն երաշխիքները, որ այդ գումարների վերաբաշխումը, իրոք, կուղղվի, անապահով մարդկանց առնվազն կոմունալ ծախսերի վճարմանը կամ սոցիալական նպաստներին։ Ուշադրություն դարձրե՞լ եք, թե քանիսն է այս ողջ ժամանակահատվածում կարողացել օգտվել աջակցության այդ ծրագրերից, և քանիսը՝ ոչ։ Հարյուրավոր դեպքեր ենք լսում, որ ծրագիրը մերժում է մարդկանց ինչ-որ գոյություն չունեցող խնդրի պատճառով կամ տալիս չնչին գումարի հատուցում։ Խոստացել էին, որ այս ընթացքում ոչ ոք առանց լույս ու գազ չի մնա, այդ խոստումն էլ դրժեցին։

Իսկ ո՞ւր են այն երաշխիքները, որ այդ գումարները կուղղվեն բիզնես ոլորտի աջակցությանը, և այդտեղ էլ ընտրությունը կկատարվի արդարացի, այլ ոչ թե՝ յուրայինների և ոչ յուրայինների սկզբունքով։

Մի պահ մտածում ես, թե Կառավարությունը, գերազանց գիտակցելով իր ձախողումը, վերջին տարբերակն է կիրառում իշխանությունը կորցնելուց առաջ էլ ավելի շատ գումար յուրացնելու համար։ Ամեն դեպքում հետաքրքիր կլինի տարվա ավարտին աչքի անցկացնել հաշվետվությունները, որտեղ մեկ ընդհանրական տողով նշված կլինեն ծախսված ահռելի մեծ գումարները և համադրել տնտեսական ճգնաժամի դեմ տարված պայքարի արդյունքների հետ։ Չնայած կան բաներ, որոնք անհամադրելի են, ու սա, թերևս, դրանց շարքից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս