Դեպքեր են եղել, որ նույնիսկ ուսուցիչներն են իրենց գրպանից գումար հատկացրել, որ երեխան կրթությունից չզրկվի
«Հեռավար կրթության արդյունքում ունեցանք շատ դրական առաջընթացներ։ Այս իրավիճակը նպաստեց, որ դասի ժամանակ ոչ մի կերպ չկենտրոնացող աշակերտները կենտրոնանան և սկսեն ավելի լավ աշխատել։ Հատկապես տարրական դասարանների երեխաների ծնողներն այդ ընթացքում մեծ սիրով օգնում էին նրանց։ Մրցակցություն կար, բոլորն ուզում էին լավ սովորել, ցույց տալ, որ իրենք կարող են։ Շատ դրական աճ գրանցեցինք կրթության առումով»,- «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Աշխեն Թանդարյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում եղել են ոչ միայն տեխնիկական, այլև սոցիալական խնդիրներ։
«Մարդը գումար չունի՝ վճարի, որպեսզի տան ինտերնետը միանա։ Դեպքեր են եղել, որ նույնիսկ ուսուցիչներն են իրենց գրպանից գումար հատկացրել, որ երեխան կրթությունից չզրկվի։ Խոսվեց վերապատրաստումների մասին։ Համաձայն եմ՝ երկար տարիներ վերապատրաստումներ են եղել, բայց այսօր բախվեցինք մի իրականության, որ ուսուցիչները ծրագրերը ճիշտ օգտագործել չգիտեն։ Zoom-ը շատ հեշտ ծրագիր է, բայց դրա գործիքները կիրառելու և դասը ճիշտ կազմակերպելու համար երկար ժամանակ պահանջվեց։ Նաև սխալ ինֆորմացիա է գնում․ հրամանները կիսատ են հասնում։ Օրինակ, գնահատականների հետ կապված ինֆորմացիան ինձ համար նորություն էր, որովհետև մինչ օրս գիտեինք, որ 6․1-ը պետք է գնահատվի 6, ինչը, բնականաբար, երեխային կվնասեր»,- նշեց Աշխեն Թանդարյանը։
Ուսուցչուհուն հետաքրքրում էր նաև հարցը, թե ինչպես են դասաժամերը լրացնելու երեխաների 20 տոկոսը, ովքեր բաց են թողել դասերը, և, եթե գնահատականները չէին հաշվելու, ինչո՞ւ սկսեցինք գնահատել երեխաներին։
«Նախապես որ գնահատումը չլիներ, միգուցե այս խնդիրը չլիներ։ Առաջին կիսամյակում սովորաբար մատների արանքով են նայում՝ այն հույսով, որ երկրորդ կիսամյակում այդ գնահատականները կփոխվեն։ Հիմա եկանք, փաստի առջև կանգնեցինք։ Փաստացի երկրորդ կիսամյակ մենք չենք ունեցել»,- եզրափակեց նա։