Ե՞րբ է սպասվում կորոնավիրուսի պիկ Հայաստանում, ե՞րբ կնվազեն վիրուսի տարածման տեմպերը, և կա՞ արդյոք վիրուսի ագրեսիվության նվազում․ մեկնաբանում է մասնագետը
168.am-ի զրուցակիցն է ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։
– Պարոն Բադալյան, վերջին շրջանում մի շարք արտասահմանյան համաճարակաբաններ կարծիք են հայտնում, որ կորոնավիրուսի ագրեսիվության նվազում են նկատում։ Ի՞նչ ասել է՝ վիրուսի ագրեսիվության նվազում, և կոնկրետ այս դեպքում նման միտում նկատո՞ւմ եք։
– Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ ասելով՝ ագրեսիվության նվազում. տարածո՞ւմ, թե՞ մահացություն, թե՞ երկուսն էլ միասին։ Ես անմիջականորեն նման թեմայով լուրջ որևէ հոդվածի, վերլուծության չեմ հանդիպել։ Եկեք դիտարկենք այս վիրուսի տարածվածությունը. այս տեսանկյունից վիրուսը դեռ բավականին ագրեսիվ է, տարածվածության և մահաբերության ունակությունը, մեծ հաշվով, դեռ նույնն է, ինչ կար՝ 80-15-5 փոխհարաբերակցությունը պահպանվում է։
Այստեղ այլ խնդիր կարող է լինի՝ կապված մուտացիաների հետ, սակայն տարատեսակ վկայություններով, հրապարակումներով տեսնում ենք, որ դեռ այդպիսի մուտացիաներ չունենք։ Ինչ-որ թեթև փոփոխություններ կան, բայց որպեսզի նոր շտամ ձևավորվի, ենթատիպեր, դեռ չկան, բարեբախտաբար։ Ուզում եմ պարզաբանել, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ վիրուսը հեշտ է տարածվում բնականորեն, այսինքն՝ ինքը հարմարավետ է զգում իրեն, հավելյալ պատնեշներ չի անցնում տարածվելիս, նշանակում է, որ որպես կենսաբանական էակ՝ կարիք չունի ստեղծել հավելյալ մեխանիզմներ, ուղիներ տարածվելու համար, քանի որ արդեն հեշտորեն տարածվում է։ Սա դոգմա չէ, բայց նման երևույթ կա, ուստի մուտացիաների մասով, ևս կարծում եմ՝ քիչ է հավանականությունը, որ կլինեն, թեև նշեմ, որ սա սուբյեկտիվ է, դժվար է ասել։ Պարզապես, բարեբախտաբար, այսօրվա վերլուծություններով ասել, որ նոր շտամ է ձևավորվել, չենք կարող։
– Հասարակության շրջանում կարծիքներ կան, որ վիրուսի տարածվածությունը կհասնի պիկի և կսկսվի նվազման փուլ։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է պիկը, ե՞րբ է այն հասունանում, և ընդհանրապես՝ ի՞նչ գործոնների ազդեցությամբ է վիրուսի տարածման նվազում սկսվում։
– Պիկը տարածման այն փուլն է, երբ վիրուսով հիվանդացածների թիվը հասնում է իր գագաթնակետին։ Սակայն տարբեր հիվանդությունների պիկը տարբեր կարող է լինել։ Օրինակ՝ կարող է պատահել աղիքային հիվանդության բռնկում, երբ ջուրն ախտահարվում է ինչ-որ հարուցիչով, ու միանգամից 1000 կամ 10.000 մարդ խմում է այդ ջուրը, 10.000-ը հիվանդանում է, և մենք իմանում ենք, որ այդ ջուրն ախտահարված է եղել։ Այս դեպքում, երբ դադարեցնում ենք ջրի օգտագործումը, պիկից կտրուկ նվազում է սկսվում, որովհետև մենք աղբյուրից հիվանդության տարածումը դադարեցրինք։ Դա պիկի և դրա դրսևորման մի տեսակ է։
Կորոնավիրուսի դեպքում մի փոքր բարդ է, քանի որ, եթե այն դեպքում պարզ էր, որ պատճառը ջուրն էր, ջրի հարցը լուծեցինք, խնդիրը վերջացավ։ Այստեղ օդակաթիլային վարակ է, մարդուց մարդու է անցնում, շատ դեպքերում, իհարկե, հստակ չէ, բայց տեսնում ենք, որ առանց ախտանիշների կամ ոչ տիպիկ ընթացք է հիվանդության կամ ինկուբացիայի վերջում, այսինքն՝ սիմպտոմներից առաջ ևս կարող է այն տարածվել։ Այս տեսանկյունից ևս վիրուսի կառավարումը բարդանում է, որովհետև հեշտ էլ տարածվում է։ Այս դեպքում արդեն պիկը մի փոքր այլ կերպ պետք է դիտարկենք, պիկը կարող է հասնել, որի հետևանքով կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի: Այսինքն՝ շատ մարդիկ հիվանդանում են, մի մասը՝ ոտքի վրա, մի մասը հիվանդանում է, հիվանդանոցում է բուժվում-դուրս գրվում, և այս դեպքում վիրուսն այլևս չի գտնում թիրախներ, որովհետև մի մասը լավացել են, մի մասը ոտքի վրա են տարել, և այլն, ու վերջ, այս դեպքում նոր թիրախ չի գտնում, հետևաբար՝ շրջանառությունը կանգնում է։ Ներկայումս կան մի շարք պետություններ, որոնք այդ քաղաքականությունը փորձում են կիրառել, փորձում են խիստ միջոցառումներ չկիրառել, որպեսզի հավաքական իմունիտետ ձևավորվի, և թուլանա տարածումն այդ եղանակով։
Այստեղ մեկ այլ հարց ևս կա, մենք չգիտենք, թե այս վիրուսը երբ է ներթափանցել Հայաստան և այլ երկրներ։ Չինացիներն այն հայտնաբերեցին դեկտեմբերին, բայց հստակ օրը չգիտենք։ Ուհանը հսկայական քաղաք է, միլիոնավոր շարժեր ունեցող, մենք չենք կարող ընդունել, որ հենց այսինչ օրը սկսեց վիրուսը տարածվել, իսկ ի՞նչ գիտենք՝ նոյեմբերին-հոկտեմբերին գուցե ևս տարածվել է, դժվար է ասել, շատ սուբյեկտիվ հանգամանքներ եմ նշում, բայց հնարավոր է՝ վիրուսի տարածումը սկսվել է շատ ավելի վաղ, իսկ մենք բացահայտել ենք ուշ, այդ թվում՝ մեր երկրում։ Պիկը ներկայումս որոշելը շատ դժվար է։ Դա կախված է նաև հակահամաճարակային միջոցառումներից, թե որքանով ենք մենք այդ շղթան ընդհատելու, շղթան ընդհատելը, կոլեկտիվ իմունիտետը, դա կարող է հանգեցնի պիկի դադարեցման, այս դեպքում մի քանի գործոններ են, և չգիտես, թե որ գործոնների համադրությունն ինչ արդյունքի կհանգեցնի։
– Հայաստանում ամեն օր տեսնում ենք հայտնաբերված դեպքերի աճ։ Հաշվի առնելով այն գործողությունները, որոնք ՀՀ կառավարությունն է ձեռնարկում, ե՞րբ է պետք սպասել աճի նվազում։
– Սա էքսպոնենցիալ աճ է, դեպքերը ստաբիլ աճում են կամ կրկնապատկվում, դա սպասելի էր, սա անհնար էր զսպել, մեր ամբողջ խնդիրն այն էր, որպեսզի սա մաքսիմալ հետաձգեինք։
Աճի նվազման մասին խոսելը նշանակում է՝ խոսել նույն պիկի մասին, և դժվար է ասել, թե երբ հակառակ պրոցեսը կսկսվի։ Օրինակ՝ ԱՄՆ-ը երկու շաբաթ էր կանխատեսել, միգուցե մեզ մոտ ևս այդպես լինի։ Մենք չգիտենք, օրինակ, թե որքան հիվանդ ունենք, քանի որ մենք այսօր հետազոտություն, թեստավորում ենք անում կենտրոնացված, եթե վաղը մասսայական անենք, ավելի կոնկրետ թիվ կունենայինք, կտեսնեինք՝ որքան է տարածվածությունը, և Ձեր նշած պիկի կանխատեսումը միգուցե փորձեինք մոտավոր անել։ Այսօր ախտորոշումը սահմանափակ է, և չգիտենք, թե ով, ինչքան ոտքի վրա է տարել, ով վարակման ռիսկի մեջ է, քանի որ կոնտակտ է ունեցել, կզարգանա, թե ոչ, խնդրահարույց է. պիկը որոշելը բարդ է։ Եթե կորոնավիրուսը շուտ է եկել, և մենք նոր ենք ախտորոշել, դա այս տեսանկյունից կօգնի, որ շուտ հասնենք պիկին։ Դիֆտերիայի, կարմրուկի և շատ անգամ ավելի ծանր ընթացք ունեցող հիվանդությունների դեպքում կարող ենք ասել, իսկ սա նոր է, կանխատեսում անելը բարդ է։
– Ամերիկյան իշխանական շրջանակներն արդյունավետ են համարում հիդրօքսիդային բուժումը, որի մասին օրերս խոսեց նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Որքանո՞վ է արդյունավետ բուժման այս եղանակը։
– Սկզբում այդ մասին գրեց Մարսելի հիվանդանոցը, իրենք արդյունավետությունը ցույց տվեցին, որին հաջորդեց ամերիկյան մամուլի քննադատությունը, որովհետև կլինիկական համաճարակաբանական դիզայնի տեսանկյունից, որն անպայմանորեն պետք է անցնեն նման բուժումները, կազմակերպված չէր այդքան էլ, հետևաբար՝ շատ քննադատվեց այդ տեսանկյունից, բայց դրանից հետո մոտ երկու օր առաջ ֆրանսիացիները կրկին հրապարակեցին, որ ավելի մեծ խումբ են վերցրել մի քանի տասնյակով ավելի և կրկին նույն արդյունքն են ստացել, և պետք է տեսնել, թե այս երկրորդի հուսալիության գնահատականն ինչպիսին է, բայց ես նաև գիտեմ, որ այսօր բոլոր ծանր հիվանդների դեպքում փորձում են բոլոր մեթոդները կիրառել, և, եթե այսօր կա տարբերակ, որն ինչ-որ տեղ անգամ ոչ պատշաճ կլինիկական դիզայնի պայմաններում է արվում, չօգտվել այդ առիթից՝ մի փոքր ճիշտ չի լինի, որովհետև, եթե ֆրանսիացին պնդում է, որ սա օգնում է, թեկուզ դա անգլերեն ասում ենք՝ evidence based, այսինքն՝ հիմնավորված չէ, բայց նաև ճիշտ չէ դրանից չօգտվելը, որովհետև սա կարող է լավ ավարտ ունենալ, և ունենանք դեղ։
Ավելին, վերջերս հրապարակում եղավ, որ վիրուսի 26 սպիտակուց մարդու բջիջների սպիտակուցների հետ տարբեր փոխհարաբերությունների մեջ են մտնում և մոտ 332 կապեր, ասոցիացիաներ են ստեղծում վիրուսի սպիտակուցի և մարդու սպիտակուցի, այդ կապերի հիման վրա իդենտիֆիկացրել են մոտավորապես 69 տեսակի դեղամիջոց, որոնք մարդը կարող է տարբեր հիվանդությունների ժամանակ օգտագործել։
Ներկայումս ուսումնասիրում են այդ 69 դեղը 332 փոխհարաբերությունների վրա՝ հասկանալու, թե ինչպես կարող է ազդել, սա բարդ գործընթաց է, բայց պետք է ընթանան այս ուղիով նաև, որպեսզի հասկանան՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ինտենսիվ հետազոտություններ են արվում, բայց, ինչպես ԱՀԿ-ն հայտարարեց՝ մի քանի դեղորայք են օգտագործվում՝ քլորոքվին, լոգինավիռ, րիտոնավիռ, ռեմդեզիվիռ, հակավիրուսային դեղորայքներ են, քլորոքվինը հակամանրէային է, դրանց վրա են հիմնվում, մի քանի հիվանդանոցներով դիզայնն են կազմակերպում, որպեսզի ճիշտ արդյունքներ ստանան։ Չգիտեմ՝ արդյոք Մարսելի հիվանդանոցն այդ ցանկո՞ւմ է, թե՞ ոչ, ենթադրում եմ, որ կլինի, այսինքն՝ սպասենք այս արդյունքներին։
Ստացվեց, որ այս հիվանդության այդ 15+5-ը այսօր դարձավ շատ մեծ բեռ բոլոր առողջապահական համակարգերի վրա, վիրուսը հեշտ է տարածվում, թիրախավորում է հիմնականում մեծահասակներին կամ ուղղորդող հիվանդություններ ունեցողներին, և չի կարող համակարգն այդ 20 տոկոսին սպասարկել հավուր պատշաճի։ Սա է խնդիրը։ 80 տոկոսը թեթև են տանում, իսկ 20-ը, որից 5-ը կրիտիկական է, այդ հինգին չեն կարողանում սպասարկել։ Այսպիսի մի պատուհաս դարձավ այս հիվանդությունը։
– Հնարավո՞ր է, որ պատվաստանյութի կարիք չլինի ընդհանրապես։
– Մենք ունենք նաև շնչաբանական հետազոտություն։ Ներկայումս իրականացվող թեստերը հիվանդությունն են հայտնաբերում, բայց համաճարակաբանական տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի նաև շնչաբանական պաշտպանիչ հակամարմինների որոշումը, եթե ունես նման հակամարմիններ, ուրեմն պաշտպանված ես, չգիտենք, թե որքան, բայց դա նույնպես կարևոր է։ Եթե կոլեկտիվ իմունիտետը եղավ, այսինքն՝ ազգաբնակչության մեծամասնությունը հիվանդացավ, եթե մենք վաղը կարողացանք սքրինինգ անել կամ մեկ այլ երկիր, ու տեսնենք, որ 80 տոկոսը հիվանդացել են ու ունեն հակամարմին, այստեղ պատվաստանյութի դերակատարությունը կարող է և չլինել, որովհետև մարդիկ պաշտպանված են։ Բայց չմոռանանք վիրուսի մուտացիայի հնարավորության մասին, չգիտենք՝ վաղը կարող է կորոնավիրուսը դառնա գրիպի նման մի բան, այսինքն՝ տարին մեկ մուտացիայի է ենթարկվում, մենք նոր պատվաստանյութ ենք ստեղծում, քանի որ փոխվում է, ինչ իմանանք՝ գուցե սա էլ այդ ուղով գնա, և կկարողանանք այդպես սանձել։
– Հավաքական իմունիտետի ուղիով գնալը վտանգավոր սցենար չէ՞։
– Ես կողմնակից չեմ ոչինչ չանելուն։ Այսօր մենք այդպես չենք կարող անել, փորձելու ենք ճնշում գործադրել, այսինքն՝ պետք է ճնշել, և դա այն է, ինչ չինացիներն արեցին, շատ ավելի կոշտ միջոցառումներ, քանի որ մենք տանն ենք այսօր, կարելի է առիթից օգտվել և մասսայական թեստավորում անել, մաքսիմալ լուծենք խնդիրը, որպեսզի վարակը չտարածվի, որովհետև եթե այսօր մեր մեծահասակները ներգրավվեն՝ կունենանք կոլապս, ուստի պետք է արվեն մաքսիմալ հակահամաճարակային միջոցառումներ, ինչքան մեր մեկուսարանները կհերիքեն, թերապիան ևս պետք է զարգանա, որպեսզի, եթե մեծահասակները սկսեն մասսայական հիվանդանալ՝ մենք կարողանանք արագ սպասարկել, որը մեծ խնդիր է։ Թվերի չեմ տիրապետում, սա առանձին գործընթաց է, բայց դա պետք է անենք, պետք է պատրաստ լինենք, քանի որ ունենք Իտալիայի, Նյու Յորքի և մնացած վայրերի օրինակները, որոնք խնդրի առաջ են կանգնել, և մենք պետք է դա ևս չբացառենք։
Ընդհանրապես սա կանցնի-կգնա, բայց մենք պետք է մոբիլիզացիոն պլանները հստակ ունենանք, եթե վիրուս եկավ՝ ինչ քայլեր ենք ձեռնարկում, որ հիվանդանոցում, որ մեկուսարանում, պետք է նախապես ունենանք, որպեսզի առաջին հարվածը կարողանանք զսպել։ Պետք է ունենանք պաշտպանիչ հագուստ բուժանձնակազմի համար, խնդիր չպետք է լինի, բուժանձնակազմից 14 հոգի վարակվել է, չեմ կարող ասել, թե ինչպես են վարակվել, քանի որ առաջնագծում չեմ եղել, բայց դա լավ թիվ չէ, կարող էր 1-2-ը լինել, բայց ոչ՝ 14։ Առանց այն էլ հակահամաճարակային ծառայությունը սակավաթիվ է, բայց այսօր 14 հոգի «կորուստ ունենք», իրենց պետք է փոխարինեն, շղթայական ռեակցիաներ են գնալու, չէ՞ որ նրանք կոնտակտի մեջ ևս եղել են։ Ունենք հարցեր, որոնք գուցե մանրուք թվան, բայց ճակատագրական կարող են լինել։ Ուստի պետք միշտ պատրաստ լինենք և պլաններ ունենանք։