Հրանտ Մաթևոսյանն իր հարցազրույցներում միշտ նշել է, որ Խորհրդային Միությունից մնացած ժառանգությունից պետք է վերցնել այն, ինչը լավն է, իսկ վատից պետք է հրաժարվել
Արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը, որն իր ստեղծագործություններով մշտապես արժևորել է հայ մարդուն և գյուղացու կերպարի, նրա նիստուկացի, մարդկային հարաբերությունների նկարագրություններով բարձրացրել համամարդկային խնդիրներ, փետրվարի 12-ին կդառնար 85 տարեկան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Մաթևոսյանի ժառանգությունը մշտապես շատ բարձր է գնահատվել և գնահատվում է մինչ օրս: «Նրա ստեղծագործությունների վերաբերյալ գրեթե ամեն տարի կազմակերպվում են գիտաժողովներ, ընթերցումներ, տպագրվում են նրա անտիպ գործերը: Կարծում եմ` Մաթևոսյանի բոլոր գործերն են հրատարակվել: Նա արժևորվող և ուսումնասիրվող հեղինակներից է»,-նշեց Միլիտոնյանը:
Միության նախագահի խոսքով` ընթերցել է Մաթևոսյանի բոլոր ստեղծագործությունները: «Շատ տպավորիչ էին «Մեծամոր» էսսեն, «Խումհար» վիպակը, «Ծառերը», «Ծաղրածուների մեր տոհմը», «Մեսրոպը»: Տեղեկացնեմ, որ Միությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ այս տարի Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ է հանձնելու»,-հայտնեց Միլիտոնյանը:
Գրականագետ, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ շեշտեց, որ, հետադարձ հայացք նետելով մեր խորհրդային և անկախության առաջին երկու տասնամյակների շրջանի գրականությանը, վստահաբար կարող ենք ասել, որ Հրանտ Մաթևոսյանն Ակսել Բակունցից հետո մեր արձակի երկրորդ մեծ վարպետն էր:
«Թե՛ Բակունցի, թե՛ Մաթևոսյանի դեպքում պայմանականորեն գործ ունենք գյուղագրության հետ, որն իրականում գյուղագրություն չէ: Նրա ստեղծագործություններում արտացոլվում են մեր ժողովրդի և ժամակաշրջանի խնդիրները` հակասությունները, հայացքը պատմությանը, ներկային և ապագային: Մաթևոսյանի ստեղծագործությունը պետք է գնահատենք խորհրդային հարցադրումների շրջանակում: Ինչպես Չինգիզ Այտմատովը, Վալենտին Ռասպուտինը, այնպես էլ Մաթևոսյանը գյուղական միջավայրում ապրող հերոսների միջոցով համամարդկային խնդիրներ է բարձրացնում: Նա դա արեց Ծմակուտի և ծմակուտցիների միջոցով»,-ներկայացրեց նա:
Դևրիկյանն ընդգծեց, որ Մաթևոսյանը հնարավորություն է տալիս զգալ իրական ազգայինն ու իրական համամարդկայինը:
«Նրա կարևոր հարցադրումն այն է, որ մարդը պետք է մարդ մնա: Հեղինակի առաջին ստեղծագործություններից մինչև վերջին շրջանի գործերը, որոնք ավելի բարդ էին, իրապես երևույթ էին: Երբ կարդում ենք «Աշնան արևը», թվում է`ժխտողական նոտա ունի. կյանքը մի անգամ է տրված, անհրաժեշտ է այն լիարժեք վայելել, բայց միևնույն ժամանակ ստեղծագործության մեջ կա ենթատեքստ, թե ինչը չպետք է անել: Շատ խորը գործ է «Մեսրոպը»: Մաթևոսյանն այն եզրափակում է` ասելով, որ ամեն մեկը մի թիկունք ուներ: Կոլխոզի նախագահի թիկունքում կոլխոզն էր, իսկ Մեսրոպի թիկունքում` հայոց պատմությունը: Հավանաբար, դա էր պատճառը, որ Մեսրոպը կարծես թե պարտվեց: Այդ գործերում մեր անցյալի խոր ընդհանրացումներն են, որոնք գալիս են մեր լեռնաշխարհից, բնաշխարհից, որտեղ ապրում են մեր խնդիրները»,-նշեց Դևրիկյանը:
Գրականագետի խոսքով` եթե 19-րդ դարի հայ արձակագիրներն ազգային, հայրենասիրական առումով էին խնդիր դրել հային հայ և իր հողի վրա պահելը, ինչը դեռ վաղուց մեր գրականության հիմնավոր խնդիրներից է եղել, ապա Մաթևոսյանը ստեղծագործական բոլորովին նոր մեթոդով` գյուղական միջավայրի նկարագրություններով անդրադարձավ այդ խնդիրներին, ինչն ավելի ազդու էր:
Դևրիկյանի համոզմամբ` Մաթևոսյանը դժվար հարթեց և հայ արձակի այդ տեսակի ճանապարհը:
Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանի քաղաքացիական կերպարին` Վարդան Դևրիկյանը շեշտեց, որ մեր կյանքի մեծ դժբախտությունը քամելեոնությունն է` արագ գունափոխումը: «Նա ուներ իր ըմբռնումը և չդարձավ տարբեր գաղափարների պատանդը, այլ հավատարիմ մնաց իր մոտեցումներին: «Մաթևոսյանն իր հարցազրույցներում միշտ նշել է, որ Խորհրդային Միությունից մնացած ժառանգությունից պետք է վերցնել այն, ինչը լավն է, իսկ վատից պետք է հրաժարվել»,-եզրափակեց Դևրիկյանը:
Հրանտ Մաթևոսյանը գրական ասպարեզ է մուտք գործել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով, որը նկարագրում է ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։ Մաթևոսյանի հանրահայտ ժողովածուներն են «Արջը», «Բեռնաձիեր», «Թախիծ», «Մենք ենք մեր սարերը», «Ծառերը», «Խումհար», «Մեծամոր», «Մեսրոպը», «Մեր վազքը», «Պատիժը» և այլն: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բազմաթիվ այլ լեզուներով:
Հրանտ Մաթևոսյանի կինոսցենարներն են «Մենք ենք մեր սարերը», «Աղքատի պատիվը», «Տերը», «Աշնան արև», «Օգոստոս» և այլն:
Անժելա Համբարձումյան