«Այս ամենը տանում է նրան, որ քո ամեն մի գործարք կարող է վերահսկվել, և երևա ոչ միայն փողդ, այլև հետաքրքրություններդ, տեղդ, դիրքդ». փորձագետը՝ բանկային գաղտնիքին առնչվող օրինագծի մասին

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ոստիկանությանը տալ ինքնուրույն գործառույթ` գաղտնալսելու հեռախոսային խոսակցությունները: Այսինքն՝ եթե գործող կարգավորմամբ` ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դիմում է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), նա էլ ապահովում է կապուղիներ և համապատասխան տեխնիկական միջոցներ, հիմա ոստիկանությունը սեփական կապուղիներով ու տեխնիկական միջոցներով կարող է գաղտնալսել:

168.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով նախագծի բացասական և դրական կողմերին՝ նշեց, որ իրականում իմաստը եղել է՝ ԱԱԾ-ից հանել այդ գերլիազորությունը, քանի որ ԱԱԾ-ն կուտակում է ոչ միայն այն քաղաքացիների վերաբերյալ տվյալները, որոնց ինքն է դատարանի որոշմամբ գաղտնալսում, այլ նաև իր մոտ մնում է այն տեղեկությունը, որը չպետք է ինքն ունենա:

– Խոսքն այն տեղեկության մասին է, որը ոստիկանությանն է պետք: Դատարանի սանկցիան փաստացի ոստիկանությանն է տրվել, բայց ստացվում է, որ արտահոսք է գնում դեպի ԱԱԾ: Սա դրական մասն է, իսկ բացասականն այն է, որ մենք չունենք վերահսկելու մեխանիզմներ, միակ վերահսկողությունը դա դատարանում գաղտնալսման մասին բացահայտումն է: Այսինքն՝ ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը գործը հասցնում են դատարան, այնտեղ որպես փաստարկ՝ բերում գաղտնալսման արդյունքները, բայց պատկերացրեք դեպք, երբ գաղտնալսում են ոչ թե՝ դատարան ներկայացնելու համար, այլ՝ որ իմանան՝ մարդն ինչով է զբաղված, օրինակ՝ ընդդիմադիր գործիչը: Հասկանալի է, չէ՞, որ տեսականորեն կարող են լսել՝ առանց որևէ սանկցիայի, քանի որ չկա հստակ վերահսկողություն, այսինքն՝ ներքին վերահսկողություն է: Իսկ այն պարզ է, որ անկախ չէ, հատկապես որ, անմիջապես գաղտնալսմամբ ԱԱԾ-ի կամ Ոստիկանության ղեկավարությունն է զբաղվում: Ըստ այդմ ՝ ունենք գլոբալ խնդիր, որը կա անկախությունից ի վեր, այն է՝ չունենք հանրության կողմից գաղտնի գործունեություն ծավալող մարմինների հստակ վերահսկողության մեխանիզմ:

– Սա կարո՞ղ է հետագայում վատ նախադեպ դառնալ, և, օրինակ, ՊԵԿ-ը մի օր որոշի կամ ցանկանա գաղտնալսել իր պոտենցիալ թիրախներին:

– Պարզ է, որ ՊԵԿ-ն էլ կուզենա, առավելևս, որ հետախուզության մասին օրենքում կա դա: Մեզ մոտ, ինչպես շատ երկրներում, ՊԵԿ-ն առանձին հատուկ ծառայություն է, կարող է՝ դա այդպես չի նշվում, բայց ՊԵԿ-ն ունի ինչ-որ գործառույթներ, որոնք ընկնում են հատուկ ծառայության գործունեության տակ, և կարող է մի օր ՊԵԿ-ն էլ ուզենա, և ինչ-որ հարցերում դա կարող է արդարացված լինել, որովհետև, օրինակ, ահաբեկչության ֆինանսավորման հարցեր կարող են լինել, և այլն, ինչը հենց ՊԵԿ-ի վերահսկողության տակ է: Եվ նորից գալիս ենք նրան, որ չկա հանրային վերահսկողության մեխանիզմ, ինչի բացակայության դեպքում յուրաքանչյուր լրացուցիչ դերակատար առաջացնում է ռիսկային գոտի:

Վերադառնալով առաջին հարցին, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն օրինագծի քննարկումների ժամանակ առաջարկում էր առանձին կազմակերպությանը վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը: Այսինքն՝ գաղտնալսման կազմակերպման հնարավորություն ունենան անմիջականորեն ոչ թե ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի: Սա ի՞նչ վտանգի կհանգեցներ, ինչո՞ւ չէ՝ ազգային անվտանգության տեսանկյունից:

– Աշխարհում նման փորձ կա, նույն ԱՄՆ-ում, օրինակ, Ազգային անվտանգության գործակալությունը հենց զբաղվում է գաղտնալսումներով, որը և՛ ֆինանսական, և՛ աշխատողների քանակի տեսանկյունից՝ ԱՄՆ-ում ամենամեծ հատուկ ծառայությունն է, որտեղ 16 մարմին գոյություն ունի: Սա իր իմաստն ունի, իհարկե, երբ խոսում ես հատուկ ծառայությունների մասին, միշտ ամեն քայլ, դրականից բացի, առաջացնում է ռիսկային գոտի: Այստեղ էլ իմաստն այն է, որ չլինի սուպերկառույց: Այսօր մենք ունենք ԱԱԾ, որը փաստացի սուպերկառույց է՝ հետախուզություն, հակահետախուզություն, կոռուպցիոն գործարքներ, սահմանապահներ, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանություն, գաղտնալսումներ: Եթե ամեն ինչ մի տեղում ես դնում, ստեղծում ես գերհնարավորություններ, ուստի այս տեսանկյունից անջատումն իր իմաստն ունի: Մյուս կողմից՝ նորից գալիս և հանգում ենք վերահսկողության մեխանիզմի բացակայման հարցին. եթե չկա վերահսկողություն, ստեղծում ես մի մարմին, որը կարող է բոլորին գաղտնալսել, այդ դեպքում, բնականաբար, ռիսկայնության խնդիր է առաջանում, հատկապես, երբ այսօր կուզենան՝ հեռախոս կլսեն, կուզենան՝ համակարգիչների միջի ֆայլերը կկարդան: Աշխարհի փորձն է դա ասում:

Այս համատեքստում անդրադառնանք նաև բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագծին, որն իբր կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում է: Ճիշտ է՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ, սակայն այն արդյո՞ք չի պարունակում ռիսկեր, ինչո՞ւ չէ՝ կոռուպցիոն: Եթե հաշվի առնենք դատարանների ոչ անկախ լինելը:

– Բոլոր երկրները, կառավարությունները ձգտում են վերահսկել ֆինանսական հոսքերը, դրա համար, օրինակ, ազատվում են կանխիկից: Պարզ է, որ կուզենան նաև հետևել ֆինանսական հոսքերին: Այսօր դա կա, արդեն հետևում են, 20.000 դոլարից ավելի փոխանցումների դեպքում բանկերը փաստացի տվյալները փոխանցում են ուժայիններին: Բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունները, այդ թվում՝ մերը, փորձում են առավել վերահսկելի դարձնել ֆինանսական հոսքերը, ինչը և՛ լավ է, և՛ մտահոգիչ, որովհետև այս ամենը տանում է նրան, որ քո ամեն մի գործարք կարող է վերահսկվել, որի դեպքում ոչ միայն քո փողն է երևում, այլև հետաքրքրությունները, տեղը, դիրքը: Սա շատ խոցելի է դարձնում քաղաքացուն:

Տեսանյութեր

Լրահոս