Բարոյական ճնշման մամլիչը
Երեկ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան դեպքին՝ մասնավորապես գրել էր. «Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան։ Ո՞վ է հաջորդը… Իմ նախորդ գրառման մեջ հանրության ուշադրությունը կենտրոնացրել էի այն հանգամանքի վրա, որ ինչ-որ «հզոր և անտեսանելի» ձեռք ստիպել էր Կուտոյանին թողնել իր ուսումը Մեծ Բրիտանիայում և վերադառնալ Հայաստան։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի բարոյական ու հոգեբանական ճնշման տակ է եղել Կուտոյանը, որ դրդել է նրան այդ քայլին: Անկասկած, նա տիրապետում էր ահռելի ծավալի տեղեկատվության և անգնահատելի արժեք էր ներկայացնում Հայաստանի ինչպես ներկա, այնպես էլ նախկին իշխանությունների համար։ Կուտոյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցված չէր, նրա նկատմամբ հետախուզում չէր հայտարարվել, սակայն ինչ-որ ուժ նրան ստիպեց թողնել իր հեռանկարային ուսումը և վերադառնալ դժոխք՝ նոր Հայաստան»:
Շարունակելով իր խոսքը՝ Արթուր Ղազինյանը ընթերցողների ուշադրությունը հրավիրել էր ներկայումս հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անձի վրա:
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իրավական ոլորտը համակարգող մյուս օգնականը Գևորգ Կոստանյանն էր, որը նույնպես վայելում էր Սերժ Սարգսյանի բացարձակ վստահությունը։ Նա հետագայում նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ։ Անկասկած, Կոստանյանը նույնպես տիրապետում է գերարժեքավոր տեղեկությունների և պակաս կարևորություն չի ներկայացնում ներկա և նախկին իշխանությունների համար։ Ի տարբերություն Կուտոյանի, Կոստանյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ, հայտարարված է միջազգային հետախուզում, և նրան Հայաստան վերադարձնելու համար Հայաստանի նոր իշխանություններն առայժմ կիրառում են իրավական ճնշման գործիքներ։
Մի կողմ թողնելով Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը, հարկ է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այն, ինչ իր կյանքի գնով չտվեց Կուտոյանը, նույն ուժերը կփորձեն ստանալ Գևորգ Կոստանյանից»։
Արթուր Ղազինյանը կանխատեսել էր, որ ներկա և նախկին իշխանությունների պայքարի էպիկենտրոնում, ըստ ամենայնի, հայտնվելու է հենց Գևորգ Կոստանյանը, և կոչ արել Հայաստանի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին՝ իրենց ուշադրությունը կենտրոնացնել Կոստանյանի շուրջ առաջիկայում տեղի ունենալիք զարգացումների վրա։
Արթուր Ղազինյանի մտահոգությունները, թերևս, կարող են կյանքի իրավունք ունենալ, քանի որ նա ևս հսկայածավալ ինֆորմացիայի կրող է, հետևաբար նաև՝ կարող է դառնալ թիրախ:
Ակնհայտ է, որ ԱԱԾ լուսահոգի տնօրենն ու նախկին գլխավոր դատախազը պաշտոնավարել են միաժամանակ երկրի համար շատ կարևոր ու արտաքին ու ներքին վտանգներով լեցուն շրջանում, և չի կարող գլխավոր դատախազը գրեթե նույն ծավալի ինֆորմացիայի չտիրապետել, օրինակ, «Սասնա ծռերի» իրականացրած ահաբեկչական ակտի՝ ՊՊԾ գունդը գրավելու ու դրան հաջորդած իրադարձությունների մասին:
Ի դեպ, Գևորգ Կոստանյանը հրաժարական ներկայացրեց «Սասնա ծռերի» հանձնվելուց անմիջապես հետո: Իսկ մինչ այդ նա հեռուստաեթերում ՊՊԾ գնդի գրավումը որակել էր ահաբեկչություն։
Եթե արժանահավատ համարենք նախաքննական մարմնի փաստարկները թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, և թե Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, պետք է ստանանք ընդամենը մի հարցի պատասխան՝ ինչո՞ւ…
Ի՞նչը կարող էր շուրջ 11 տարի ՀՀ ներքին գործերի, ապա ևս մի քանի տարի՝ ՀՀ քրեակատարողական համակարգ ղեկավարած մարդուն, ով բազմիցս, անդրադառնալով դատապարտյալների ինքնավնասումների ու ինքնասպանությունների պատճառների մասին հարցին, այդ թվում՝ նաև լրագրողների ներկայությամբ, ասել է, որ իրենց կարող են վնասել միայն հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, ստիպել, որ ինքն իր սեփական կամքով վերջ տա իր կյանքին:
Ի՞նչը կամ ո՞վ կարող էր ստիպել երկար տարիներ իրավապահ համակարգ համակարգած, ապա ԱԱԾ տնօրեն աշխատած լուրջ, հավասարակշիռ ու որևէ սկանդալի կամ աղմկոտ պատմության մեջ չհայտնված մարդուն ինքնասպան լինել՝ թողնելով 4 տարեկան որդուն:
Վստահաբար դա կարող է տեղի ունենալ միայն անասելի բարոյական ճնշման բեռի ազդեցության տակ:
Ի վերջո, միշտ տեղին է լինելու Արթուր Ղազինյանի հարցը՝ ո՞վ Գեորգի Կուտոյանին բերեց Հայաստան, ի՞նչ էին «դեմ տվել» ԱԱԾ նախկին տնօրենին, որ նա վերադարձավ այն ժամանակ, երբ կարծես թե դրա մտադրությունը չուներ: Ի՞նչ են ասել, ի՞նչ են «բարեկամաբար» խորհուրդ տվել, որ վերադառնա, այլապես… Ահա այս հարցերի պատասխանը պետք է տա նախաքննական մարմինը:
Երկիրն այսօր իսկապես հասել է մի սահմանագծի, որից այն կողմ անդառնալին կարող է լինել: Մեր ընտրությունն է՝ սպասել այդ անդառնալիին ու հետո ասել՝ էս ինչ եղավ, թե՞ այս գլխից դրա դեմն առնել:
Եվ այո, հասարակությունը պետք է ճնշի, պարտադրի իշխանություններին բացահայտել Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահերը: Մեծ հաշվով, դա, առաջին հերթին՝ հենց իրենց էլ պետք է:
Ի դեպ, «Սասնա ծռերը», Դանիել Իոաննիսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը արդեն մեղավորներ կարծես թե նշանակել են: Հենց իրենցից էլ, թերևս, պետք է սկսել: