Դանիել Իոաննիսյանն ու Ստյոպա Սաֆարյանը դեռ չեն հարցաքննվել. ՔԿ
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանից տառացիորեն քիչ անց, երբ դեռ Քննչական կոմիտեն հաղորդագրություն չէր տարածել դեպքի մանրամասների մասին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց. «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել… Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին…»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ, իր հերթին՝ նշել էր, որ «Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրաթաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան»:
Երկու գրառումներն էլ ուղղակիորեն թիրախավորում են կոնկրետ շրջանակների, և երկու գրառումներից էլ պարզ է դառնում, որ հանրային ճանաչում ունեցող այս անձինք տիրապետում են Գեորգի Կուտոյանի անժամանակ, ողբերգական մահվան հանգամանքների հետ կապված լուրջ տեղեկատվության, և բնական պետք է լիներ, որ հարցաքննված անձանց շրջանակում նրանք լինեին առաջիններից մեկը:
Բայց արի ու տես, որ այդպես չէ:
Քննչական կոմիտեին 168.am-ը հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք գործի շրջանակներում նշված անձինք հարցաքննվել են դեպքից օրեր անց, երբ առաջին օրն իսկ երեկոյան ՔԿ բարձրաստիճան պաշտոնյա Արթուր Մելիքյանը հայտարարեց, որ հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ: Մեզ պատասխանեցին, որ նախաքննական մարմինը Ստյոպա Սաֆարյանին ու Դանիել Իոաննիսյանին չի հարցաքննել:
«Քննության համար հետաքրքրություն ներկայացնող յուրաքանչյուր անձ կհարցաքննվի»,- հավելեցին Քննչական կոմիտեից:
Ստացվում է, որ Հանրային խորհրդի նախագահն ու այն անձը, ում ՀՀ կառավարությունը պետական բյուջեից գումար է տրամադրում Արցախում ընտրությունների օրինականությանը հետևելու համար, քննության համար հետաքրքրություն չեն ներկայացնում կամ դեռ չեն ներկայացնում:
Այդ դեպքում ավելի ազնի՞վ չէ հայտարարել, որ վերջիններիս հայտարարությունները օդի մեջ որոշակի նպատակներով կրակվող, հասարակությանն ուղղորդող, անգամ մարդկային մեծագույն ողբերգության հաշվին ինքնահաստատվելու կեղտոտ փորձ են:
Ամեն դեպքում 168.am-ը պարբերաբար Քննչական կոմիտեից կհետաքրքրվի, թե հարցաքննվե՞լ են արդյոք այս երկու անձինք, ի՞նչ արդյունքներ կան, իսկ եթե չեն հարցաքննվել, ինչո՞ւ…
Իսկ որքան են Ստյոպա Սաֆարյանն ու Դանիել Իոաննիսյանը խոսել ֆեյքնյուզից ու դեռ որքան են խոսելու: