Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հանրապետության թվով 8 մարզերի, ընդհանուր առմամբ, 16 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Որոշ համայնքներում բնակչությունն ընտրեց իր ավագանու կազմին, մի շարք համայնքներում՝ համայնքի ղեկավարին։ Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կհրապարակի ամփոփ տվյալները, 168․am-ին հայտնի է դարձել ուշագրավ տեղեկություն Արարատի մարզից։
Այս մարզում, պարզվում է, իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել, ընտրություններ այստեղ անցկացվել են միայն երկու համայնքում՝ սկանդալների կենտրոն Նորաշենում և Տափերական համայնքում։
Ընդ որում, երկուսում էլ Նիկոլ Փաշինյանի սանիկ, մարզպետ Գարիկ Սարգսյանի անձի հետ ասոցիացվող տհաճ միջադեպեր կան՝ երկուսն էլ թարմ են, ուստի չի բացառվում, որ երկու համայնքների դեպքում էլ ընտրական արդյունքներում հակամարզպետական տրամադրությունները խիստ որոշիչ են եղել։
Հիշեցնենք, որ Նորաշենում մարզպետը կամայականորեն ազատվեց ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ու հիմա դատարաններում վիճարկվում է այս խայտառակ ազատման հրամանը։
Իսկ Տափերական գյուղը հայտնի է ծեծի ենթարկված վարսավիրի դեպքով։
Հիշեցնենք նաև, օրեր առաջ այս գյուղի բնակիչ Սերոբ Բարֆյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով ծեծի էր ենթարկվել՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու՝ «կանտովկան չդզելու» համար. սա հաստատեց նաև վարսավիր Սերոբի հայրը, ու ոստիկանությունը ընթացք է տվել 168.am-ի հրապարակմանը։
Նոր կյանքը, հիշեցնենք, մարզպետ Գարիկ Սարգսյանի բնակավայրն է, որտեղ վարսավիր Սերոբն աշխատում էր վաղուց ու լավ մասնագետի համբավ էր վայելում, սակայն միջադեպից հետո մարզպետի կամքով նրան վտարել են այս գյուղից։
Եվ այսպես. Տափերականում 8 թեկնածուներից ընտրվել է ծանրամարտի մարիչ Կարեն Խաչատրյանը. «շտանգիստ Կարենին» մի շարք մարդկային առավելություններով բնութագրելուց զատ, բնակչությունը նրան կապում է մարզի հայտնի գործարար, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ (Ավշարի Արայիկ)։ Կարեն Խաչատրյանի շտաբից 168.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին Արայիկ Գրիգորյանի հետ հաղթած գյուղապետի փոխկապակցվածության գործոնը։
Պնդում են, որ սա հատուկ նպատակով դաշտ նետված բամբասանք է, որպեսզի քաղաքական աստառ տալով՝ կարողանան մյուս թեկնածուների պարտությունը հիմնավորել: «Կարեն Խաչատրյանն առհասարակ որևէ հարաբերություն չունի Արայիկ Գրիգորյանի հետ, պարզապես ընտրողների մոտ ձևավորված ընկալում կա, եթե չի հաղթել իշխանության թեկնածուն, ուրեմն հաղթողը նախկինների մարդն է: Ո՛չ, այս անգամ Տափերականում իսկապես հաղթել է ժողովրդի թեկնածուն, Կարենը գյուղում մեծ հեղինակություն է վայելում, քաղաքական ինտրիգներից զերծ՝ սպորտում անուն կերտած մարդ է, այդքան բան»,- պարզաբանեց զրուցակիցը։
Ի դեպ, պարտվող թեկնածուներից մեկը՝ Գագիկ Նազարյանը, ՔՊ-ական պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի մորաքրոջ որդին է, որի համար, ըստ լուրերի՝ մարզի իշխանական գործարար Ռազմիկ Թևոնյանը ջանքեր է գործադրել:
Այդուհանդերձ, Տափերականում ՏԻՄ հաղթանակն իշխանությանը չէ, նորեկը հներից չէ, բայց ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունից մեկ տարի անց Արարատում ազդեցության լծակներ է կորցնում։
Իսկ Նորաշենում ավագանու կազմն էր թարմացվում։ Այստեղ մարզպետի թևից առաջադրված 7 թեկնածուներից միայն երկուսն են հաղթել։ Ուշագրավ է, որ 7/2 ամփոփիչ տվյալներում ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն է հաղթել, նրա առաջադրած 8 թեկնածուներից 7-ը հաղթել են, միայն մեկն է պարտվել՝ 13 ձայնի տարբերությամբ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինչ-որ պահից ընտրական հանձնաժողովի կազմ է փոխվել. հանձնաժողովի անդամների ամբողջական կազմն իշխանությանն է եղել։ Գործող գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի թեկնածուն է, հետևաբար՝ ենթադրվում է, որ վարչական լծակ է գործի դրվել՝ գյուղապետարան, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, որը տնօրինում է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի կինը՝ Բադալյան Լիդիան։
Ի դեպ, Նորաշենի ընտրական արդյունքները հատկանշական է դիտարկել հատկապես ՀՀԿ-ական նախկին գյուղապետի պաշտոնանկության և մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերի ֆոնին, որը ձգտում է ամեն գնով ամրապնդել նախկինին փոխարինելու եկած իր թեկնածուին՝ Արտակ Հարությունյանին։
Կնշանակի՝ Նորաշենում այսօրվա իշխանությունը վստահություն չի վայելում, ու աներկբա է, որ այստեղ բնակչությունն իր ձայնը տալով, փաշինյանական բառապաշարով ասած՝ «նախկին սևերին»՝ ընդգծված վերաբերմունքով անուղղակիորեն հաղթել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանին։
Մյուս կողմից՝ երեկ Արարատում գրանցված ընտրական արդյունքներն ինչ-որ առումով ազդակ են գործող իշխանությանը՝ այդ մարզում իշխանության դիրքերը թուլացնելու իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, արդեն որերորդ անգամ, թեև հարկադրված է լինում իր նշանակած մարզպետի գործողություններից լուրջ հետևություններ անել, բայց, ինչպես երևում է, ամեն սկանդալային միջադեպից հետո նախընտրում է լղոզել իրավիճակը և նորից հանդուրժել սանիկ մարզպետին, թեկուզև՝ հպարտ քաղաքացիների արժանապատվությունը տրորելու գնով։
Նշենք նաև, որ Նորաշենում ընտրողների մասնակցությունը շատ ակտիվ է եղել, 900 տնտեսությամբ և 4 հազար բնակչով հարուստ Նորաշենի ընտրողների մոտ 60 տոկոսը մասնակցել է ավագանու կազմը հօգուտ նախկինների փոխելու գործընթացին։ Նորաշենցիներն ընտրել են ավագանու նոր կազմ՝ հնարավորություն տալով նրանց, որ մի օր էլ իրենք ավագանու նիստ կհրավիրեն և անվստահություն կհայտնեն մարզպետի թեկնածու, գյուղապետի ժ/պ Արտակ Հարությունյանին՝ ըստ այդմ վերադարձնելով Նորայր Գրիգորյանին, որին 2018թ. բնակչությունը 70 տոկոսից ավելի վստահության քվե էր տվել։
Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Նորաշենի ՀՀԿ-ական գյուղապետն ապօրինաբար ազատվել էր արձակուրդում եղած շրջանում։ Գյուղում ծիրանի ծառի տակ արած ավագանու նիստով որոշվել էր անվստահություն հայտնել գյուղապետ Նորայր Գրիգորյանին, ինչը, հետագայում պարզվեց, որ եղել է մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղիղ հրահանգով, որպեսզի մտերմուհու՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանի ընկերուհու ամուսնուն՝ Արտակ Հարությունյանին, գյուղապետ կարգի։
Սյուզի Բադոյան