Գարիկ Սարգսյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել

Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ, դատարանն այն վարույթ է ընդունել, և փետրվարի սկզբին տեղի կունենա առաջին դատական նիստը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Գրիգորյանը։

Նորայր Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի որոշումը, քանի որ այն օրինական չի եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին, երբ Նորայր Գրիգորյանը գտնվել է արձակուրդում, մարզպետ Գարիկ Սարգսյանի հրամանով նրան ազատել էին պաշտոնից, որի մասին նա իմացել էր վերադառնալուց հետո՝ համայնքապետարանի պահակից։

Այս ամենին հաջորդեցին բողոքի ակցիաները՝ նորաշենցիները պահանջում էին Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնում, իսկ Նորայր Գրիգորյանը պնդում էր, որ
ակնհայտ է դարձել, որ ավագանու նիստը, որով որոշվել է դադարեցնել իր լիազորությունները, կեղծվել է, և կեղծված փաստաթուղթ են ուղարկել Տարածքային կառավարման նախարարություն, պետք է պարզեն՝ նիստն ո՞վ է կեղծել՝ Արարատի մարզպե՞տը, թե՞ ավագանին։

Տեսանյութեր

Լրահոս