Նորաշենում փորձում են պարզել՝ ավագանու նիստը մարզպե՞տն է կեղծել, թե՞ ավագանին

Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշման հետ կապված՝ այս պահին դեռևս որոշում չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է դարձել, որ ավագանու նիստը, որով որոշվել է դադարեցնել իր լիազորությունները՝ կեղծվել է, և կեղծված փաստաթուղթ են ուղարկել Տարածքային կառավարման նախարարություն։ Ուստի այժմ պետք է պարզեն՝ նիստն ո՞վ է կեղծել՝ Արարատի մարզպե՞տը, թե՞ ավագանին։

«Մեզ չեն տրամադրել այն արձանագրությունը, որով տեղի է ունեցել ավագանու նիստը, ուստի կասկածներ են առաջանում, որ նիստը կեղծել են։ Մենք շարժվել և շարունակում ենք շարժվել՝ ըստ օրենքի»,- նշեց նա։

Նորայր Գրիգորյանը նաև փոխանցեց, որ, եթե համայնքի բնակիչները որոշեն վաղն էլ փակել գյուղապետարանի շենքը, ապա ինքը որևէ բան չի կարող անել, քանի որ բնակիչները հայտարարել են, որ մինչև ինքը չվերականգնվի իր պաշտոնում, բողոքի ակցիաները չեն դադարեցնի։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Նորաշեն համայնքի բանկիչները գյուղում, այնուհետև՝ Արարատի մարզպետարանի մոտ, բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Նորայր Գրիգորյանի լիազորությունները վերականգնել, քանի որ օրեր առաջ մարզպետի որոշմամբ՝ նա հեռացվել էր պաշտոնից։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս