Հայաստանում աղքատ է ամեն 4-րդ մարդը. մայրաքաղաքը մարզային քաղաքներից ավելի արագ է հաղթահարում աղքատությունը
Վիճակագրական կոմիտեի «Աղքատության պատկերը Հայաստանում 2008-2018թթ.» զեկույցի համաձայն՝ աղքատ է մեր բնակչության 23.5 %-ը: Սա 2.2 %-ով քիչ է, քան անցյալ տարի (25.7%): Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, այսինքն՝ ամսական 42,621 դրամից: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Մարինե Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրական տեղաշարժ կա Երևանում և որոշ գյուղական բնակավայրերում: Մարզային քաղաքներում աղքատների թիվն աճել է:
«Եթե 2017թ. տվյալները համեմատում ենք 2018-ի հետ, տեսնում ենք, որ Երևանում դրական տեղաշարժ է արձանագրվել՝ 22.4-ից դարձել է 19.9 %, իսկ այլ քաղաքներում, ընդհակառակը, վատթարացել է վիճակը՝ 27.9-ից դարձել է 30.3%: Հիմնականում, եթե ինչ-որ դրական դինամիկա է նկատվում, դա լինում է ի հաշիվ Երևան քաղաքի»,- ասաց Մարինե Առաքելյանը:
Ստացվում է, որ մայրաքաղաքն ավելի արագ է հաղթահարում աղքատությունը, քան մարզային քաղաքները: Պատճառը, ըստ տնտեսագետի՝ տարածքային ոչ համաչափ զարգացումն է:
«Խնդիրը նոր չէ, մեզ մոտ միշտ էլ եղել է ոչ համաչափ զարգացման խնդիր: Գործազրկության տեսանկյունից եթե նայենք, այն ևս բարձր է մարզերի տարբեր քաղաքներում, դրանով էլ կարող է պայմանավորված լինել աղքատության մակարդակը»:
2018-ի տվյալներով՝ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, այնտեղ բնակչության 42.2 տոկոսն աղքատ է: Մեր հարցին, թե, օրինակ, ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելով՝ հնարավո՞ր է մեղմել աղքատության խնդիրը գոնե որոշ չափով, Մարինե Առաքելյանը պատասխանեց.
«Դա մի փոքր կետ է պարզապես, որի արդյունքները կտեսնենք երկարաժամկետ կտրվածքում, եթե մենք ուզում ենք առհասարակ լուծել այդ խնդիրը, ապա միայն մաքսատունը տեղափոխելով՝ խնդրին լուծում չենք տալու: Մեզ հարկավոր է ամբողջական, փոխկապակցված մեխանիզմների կիրառություն, եթե ուզում ենք համաչափ տարածքային զարգացման խնդիրը լուծել»:
2018-ի տվյալներով՝ մեր երկրում ծայրահեղ աղքատ է բնակչության 1.0 %-ը, սա 0.4-ով պակաս է, քան անցյալ տարի (1.4 %), չափավոր աղքատների թիվը մնացել է նույնը՝ 10.6 %: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրություն է արել նաև, թե ի՞նչ ազդեցություն կունենա առողջության 4-6% հարկը քաղաքացու կյանքի որակի վրա: Ըստ Մարինե Առաքելյանի` Առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ունենալը լավ գաղափար է, սակայն առայժմ իրագործելի չէ:
«Հայաստանն այս պահին պատրաստ չէ դրան: Մենք ունենք շուրջ 609 հազար վարձու աշխատող, իրենց շուրջ 60 տոկոսը ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, երբ Հարկային օրենսգրքով անցում ենք կատարում համահարթ եկամտահարկին, մինչև 150.000 ստացողների կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխվելու, բայց նրանք կրելու են նաև բյուջեի բացի բեռը: 2020-ի հունվարի 1-ից, երբ անցնենք համահարթին, բյուջեն կորցնելու է 27.5 մլրդ դրամ, և այդ բացը փորձ է արվելու կոմպենսացնել գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրմամբ և անուղղակի հարկատեսակների բարձրացմամբ: Աշխատող մարդկանց շուրջ 60 տոկոսի տնօրինվող եկամուտները չեն բարձրանալու, մյուս կողմից՝ ավելանալու են որոշ հարկատեսակներ, գումարենք նաև 4-6 տոկոս առողջության հարկը, մեր խոցելի խավի համար դա շատ մեծ բեռ է»:
Շրջանառվող տեսակետին, թե կարելի է այս բեռը կիսել և գործատուին ևս պարտավորեցնել վճարել աշխատողի առողջության հարկի մի մասը, Մարինե Առաքելյանը հակադարձում է.
«Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչները միշտ չէ, որ կցանկանան իրենք վճարում անել, և կգնան կրճատումների, կամ ստվերային դաշտ կտեղափոխեն աշխատողներին: Դա լի կլինի ռիսկերով»: