«Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մի բանի համար, որի հետ ինքն առնչություն չունի». Ռոբերտ Հայրապետյան

168.am-ի զրուցակիցն է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը

– Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդագրություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հիմնավոր առաջադրված մեղադրանքը, և որքանո՞վ է այն առնչվում նախագահի ինստիտուտի հետ:

– ՀՔԾ տարածած հաղորդագրությունն ինքնին կարծես թե հիմնավորում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչության անհնարինությունն այդ քրեական գործին։ Անգամ մասնագիտական խորը գիտելիքների բացակայության պայմաններում, երբ կարդում ես հաղորդագրությունը, ակնհայտորեն պարզ է դառնում, որ մեղադրանքը հիմնավորող ցանկացած նախադասության մեջ օգտագործվում է «ՀՀ կառավարություն» եզրույթը։ Եվ սա կարևոր պահ է՝ այն պարզ պատճառով, որ ՀՀ նախագահին, ըստ էության, մեղադրանք է առաջադրվել այն լիազորությունների վերազանցման համար, որոնք, ինչպես 2005 թվականի խմբագրության Սահմանադրությամբ, այնպես էլ այլ իրավական ակտերով պատկանում է կառավարությանը։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մի բանի համար, որի հետ ինքն առնչություն չունի՞։

– Ոչ միայն առնչություն չունի, այլև չէր էլ կարող ունենալ։ Այն ժամանակահատվածում, որի շրջանում կատարված ենթադրյալ ապօրինության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահին, գործել է ՀՀ Նախագահի 26.07.2007 թվականի «ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագիրը, որի անգամ անզեն աչքով ընթերցումն անհամատեղելի է դարձնում ՀՀ նախագահի լիազորությունները առաջադրված մեղադրանքում ներկայացված լիազորությունների և, որ ամենազավեշտալին է, դրանց վերազանցման հետ։

Ըստ Սահմանադրության և այդ հրամանագրի՝ Հանրապետության նախագահը կառավարության նիստերի հետ առնչություն կարող է ունենալ բացառապես այն դեպքում, երբ այդ նիստերը վերաբերվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին, և, ինչպես հայտնի է, դիզվառելիքի գները կամ դրանց հետ կապված գնումները որևէ կերպ կապ չեն կարող ունենալ ոչ ազգային անվտանգության ու պաշտպանության, ոչ էլ, առավել ևս, արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերի հետ։

– Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հանձնարարական է տվել իր հետ ենթակայության մեջ գտնվող անձին։ Արդյո՞ք կառավարության անդամը հանդիսանում է նախագահի ենթակայության տակ գտնվող անձ:

– Իրավական տեսանկյունից՝ ոչ։ Համաձայն 2005 թվականի խմբագրության Սահմանադրության, որը գործել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարելու ամբողջ ընթացքում, վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը։ Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով։ Այսինքն՝ անգամ այս կտրվածքով հարցը դիտարկելիս՝ ևս մեկ անգամ ակնհայտ է դառնում մեղադրանքի զավեշտալի լինելը։

Եթե առաջնորդվելու լինենք ՀՔԾ և առհասարակ մեղադրանքի տրամաբանությամբ, ապա անգամ բոլոր այն դեպքերում, երբ որևէ մեկի նախագահության տարիներին ինչ-որ մեկն ապօրինի ազատվել է աշխատանքից, կամ, ենթադրենք, մաքսային աշխատակցի նկատմամբ կաշառք վերցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել, ապա որպես մեղադրյալ պետք է ներգրավել բացառապես նախագահին, միայն նրա համար, որ սահմանադրությամբ նա պետության գլո՞ւխն է. բնականաբար՝ ո՛չ։ Առաջնորդվել այդպիսի տրամաբանությամբ՝ նշանակում է՝ առաջնորդվել Սահմանադրության և առհասարակ օրենսդրության ցինիկ մեկնաբանությամբ, ինչն ամբողջությամբ խեղաթյուրում է գործող իրավական ակտերի ամբողջական տրամաբանությունը։

Տեսանյութեր

Լրահոս