Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության հայտը բխում է բարեփոխումների, առկա խնդիրների լուծման և առաջնահերթությունների իրականացման համատեքստից:

Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նախարարը հավելել է, որ նախատեսում են իրականացնել մասնավոր-բուհ համագործակցությամբ մի քանի հազար մասնագետների վերապատրաստում, նորարարական դրամաշնորհների նախագծեր, կազմակերպել ձեռներեցության և բիզնես դասընթացներ, ներդնել Սփյուռքի կարողությունների ներդրման մեխանիզմներ, տալ Ազգային վենչուրային ֆոնդի մեկնարկը, ոլորտ ներգրավել միջազգային կառավարիչների: Նախատեսվում են նաև մարզերում տեխնոպարկերի զարգացման նոր ծրագրեր, Ինժեներական քաղաքում սկսել շինարարական աշխատանքները: Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սիլիկոնյան հովիտ այցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայկական անկյուն և միջավայր, որտեղ իրենց կարողությունները զարգացնելու հնարավորություններ կստանան հայաստանյան մասնագետները:

Անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերին: Նշվել է, որ ոլորտում իրականացվելու են մեծածավալ գիտահետազոտական ծրագրեր, ընթացքի մեջ են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ռազմաբարդյունաբերական արտադրական հնարավորությունների զարգացման ու նոր նմուշների մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավոր ընկերությունների մասնակցությամբ նոր ներդրումային ծրագրերի իրականացնելու նպատակով նույնպես տարվում են համապատասխան աշխատանքներ:

Անդրադարձ է կատարվել նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ոլորտներում արդյունավետ ծրագրերի ու զարգացմանը միտված կոնկրետ քայլերի իրականացումը:

Քննարկվել է նաև Ազգային անվտանգության ծառայության 2020 թ. պետական բյուջետային հատկացման հայտը:

Տեսանյութեր

Լրահոս