Մնացականյանը ՀԱՊԿ ԱԳ նախարարներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացի՝ հայկական կողմի գնահատականները
Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 5-ին մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում անդրադառնալու եվրոպական անվտանգության առջև ծառացած խնդիրներին և ուղենշելու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև օրերս Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ Կազմակերպության կողմից ընդունած որոշումների կատարման ընթացքին:
ԱԳ նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերների հետ անդրադարձ է կատարել նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը և այս համատեքստում ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի գնահատականները: