«Չենք կարող բացառել, որ վաղը կամ մյուս օրը շնչելու համար մեզ կհարկեն». Մարինա Խաչատրյան
Հայաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծը, որը ներկայացվել է օրեր առաջ, մի շարք քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել։ Նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել՝ որպես առողջապահության հարկ։
«Կարծում եմ, որ սա հենց գումարներ հավաքելու միջոց է, հերթական աչքակապությունը: Չենք կարող բացառել, որ վաղը կամ մյուս օրը շնչելու համար մեզ հարկեն: Իհարկե, սա չի կարող ընդունվել, քանի որ գործազուրկների թիվն ավելի շատ է, քան աշխատող քաղաքացիներինը: Իհարկե, շատ կարևոր է ներդնել ապահովագրական համակարգ, բայց այնպես, ինչպես որ այսօր անում է Առողջապահության նախարարը, դա պարզապես հնարավոր չէ իրագործել: Շատ այլ մեխանիզմներ կան, և ինձ համար անհասկանալի է, թե Արսեն Թորոսյանն ինչո՞ւ է ընտրել հենց այս մեխանիզմը: Չեմ բացառում, որ իրենց պարզապես դա պարտադրած լինեն: Մենք տեսնում ենք, որ «Հայաստան համահայկական հիմնադրամը» գումարներ չբերեց, ներդրողներ չկան, իսկ առկա ներդրողների հետ այդպես են վարվում, և հասկանում ենք, որ նրանց գումարներ են պետք, որպեսզի ինչ-որ ձևով երկարաձգեն իրենց իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը:
168.am-ի հարցին, թե ուրիշ ի՞նչ մեխանիզմ կարող է կիրառել նախարարությունը, Խաչատրյանը պատասխանեց.
«Տեսեք, եթե մարդ աշխատում է և հարկ է վճարում, իր առողջապահության ապահովագրությունը միանշանակ չաշխատողից պետք է տարբերվի: Հարկման այնպիսի տեսակներ պետք է լինեն, որ և՛ գործատուն, և՛ պետությունը որոշակի գումար տրամադրեն: Բյուջեն պետք է ճիշտ բաշխվի: Իսկ այսօր ի՞նչ է կատարվում. առողջապահական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալը եղավ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ այլ ծախսերի մեջ, պարգևավճարներ էին տրամադրել, և դրա 25 տոկոսը վերադարձվում էր չհրկիզվող պահարանում պահելո՞ւ համար: Այսինքն, կոռուպցիան վխտում է, այդ թվում և՝ առողջապահության համակարգում: Եվ առողջապահական այս համակարգը ներդնելիս, միանշանակ կոռուպցիոն ռիսկ կա: Ասենք՝ դուք գրանցված աշխատող եք և գիտեք, որ ձեր հարևանի համար հարկ եք վճարելու, ով գրանցված աշխատող չէ, բայց ձեզանից ավելի լավ է ապրում: Բիզնեսով է զբաղվում, և այլն: Ի՞նչ կանեք, պարզապես գործից դուրս կգաք կամ կարտագաղթեք»:
Անի Կարապետյան