Վարդանանց 28 շենքի 93 բնակարանի առեղծվածը շարունակվում է

Վարդանանց 28 շենքի 93 բնակարանի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, հենց այս բնակարանի շուրջ ծավալվող իրադարձությունների պատճառով էր քաղաքացի Սիմոն Աղեկյանը կառավարության շենքի մոտ ինքնահրկիզման փորձ կատարել:

Ինչպես հետագայում պարզել էինք, ինքնահրկիզման քայլին դիմելու պատճառը եղել էր տարիներ առաջ գրավադրած բնակարանի կորուստը:

Այսօր ոստիկանները կրկին այդ շենքում էին՝ տան նոր սեփականատիրոջ ներկայացուցչի՝ փաստաբան Գագիկ Մայիլյանի հետ, որպեսզի նախկին սեփականատերերին՝ Աղեկյաններին, փոխանցեին նրանց իրերը:

168.am-ի հետ զրույցում ոստիկաններն ու Գագիկ Մայիլյանն ասացին, որ Աղեկյաններն ավելի վաղ դիմել են ոստիկանություն՝ իրենց կենցաղային իրերը վերցնելու համար: Դրանից հետո ոստիկանություն դիմում է ներկայացրել նաև Գագիկ Մայիլյանը:

«Երեկ դիմում եմ ներկայացրել, որ ներկա գտնվեն այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց կենցաղային իրերը վերցնեն, ժամը 11-ին ես կգամ հասցե և կտրամադրեմ իրերը»,- ասաց Մայիլյանը՝ հավելելով, թե դրանից հետո զանգ է ստացել ոստիկանությունից ու Աղեկյաններից, որոնք ասել են, թե խնդրում են ոչ թե 11:00-ին, այլ 12:00-ին հանդիպել:

Սակայն Աղեկյանները չէին եկել:

Սիմոն Աղեկյանի քուրը՝ Մոնիկա Աղեկյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որևէ ծանուցում չեն ստացել:

Տան նոր սեփականատիրոջ փաստաբանը վստահ է, որ ծանուցումները դարձել են տեխնիկական ձևական պահանջներ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար, բայց վստահեցնում է՝ իրավիճակն արհեստական ձգձգելը որևէ արդյունք չի տալու:

Փաստաբան Գագիկ Մայիլյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Վարդանանց 28 շենքի 93 բնակարանի դռան նոր կողպեքն ինչ-որ մարդիկ փչացրել են:

«Փչացրել են, ներսում ինչ-որ կոտրված բաներ կան, երևի ինչ-որ բան են մտցրել… Չգիտեմ՝ ովքեր են փորձել, բայց արձանագրում եմ, որ բանալին, որն իմ ձեռքում է, չի բացում, չի աշխատում»,- ասաց փաստաբանը՝ փորձելով բացել դուռը:

Սակայն Աղեկյաններն այդպես էլ չեկան Վարդանանց 28:

Գագիկ Մայիլյանն ասաց, որ մի քանի անգամ փորձել է զանգահարել Աղեկյանների փաստաբանին՝ Հայկուհի Սեդրակյանին, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Նա մեր ներկայությամբ ևս փորձեց զանգահարել նրան, սակայն կրկին պատասխան չեղավ:

Մայիլյանը վստահ է՝ Աղեկյանների գործողություններն ուղղված են իր վստահորդի իրավունքի ոտնահարմանը:

168.am-ը փորձեց այս իրադարձությունների մասին խոսել նաև Վարդանանց 28 շենքի 93 բնակարանի նախկին սեփականատերերից Սիմոն Աղեկյանի հետ:

«Հստակ չեմ կարող ձեր հարցին պատասխանել, մենք սթրեսի մեջ ենք, մեզ խայտառակ և, կոպիտ ձևով, մարդկայինով եմ ասում, դուրս հանեցին:  Օրինական ձևերի մասին գնահատական չեմ ուզում տալ, բայց ոնց որ թշնամաբար շուտ-շուտ ինչ-որ գործողություններ են անում»,- 168.am-ին ասաց Սիմոն Աղեկյանը՝ հորդորելով այլ հարցերի մասին խոսել իրենց փաստաբանի հետ:

Փորձեցինք կապ հաստատել Աղեկյանների փաստաբան Հայկուհի Սեդրակյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Վանաձորում է, դատարանում:

Անդրադառնալով այսօրվա իրադարձություններին առնչվող մեր հարցերին՝ նա պատասխանեց. «Ո՛չ ես, ո՛չ վստահորդներս ծանուցում չունենք՝ առնվազն առավոտվա դրությամբ: Ես ոստիկանությունից զանգ չեմ ստացել, կարծեմ՝ ոստիկանները վստահորդներիս ևս չեն զանգել: Իմ տեղեկություններով՝ պայմանավորվածություն չի եղել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս